«Բանակից կոպեկ կերած ցանկացած կենդանի պետք է պատասխան տա ամենախիստ ձևով». Սիրունյանը՝ Տոնոյանի գործի մասին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը երկար ժամանակ է՝ բարձրաձայնում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հովանավորությամբ հնարավոր չարաշահումների մասին, ԱԱԾ-ի վերջին բացահայտումը համարում է ուշացած ակցիա:

«Ակցիան բավականին ուշացած է, բայց պնդում եմ՝ բանակից կոպեկ կերած ցանկացած կենդանի պետք է պատասխան տա ամենախիստ ձևով՝ անկախ նրանից, ով է այդ կենդանին»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Սիրունյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ բացահայտումը:

Ազգային անվտանգության ծառայությունը, նկատենք, այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենք մատակարարող ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է Պատրոն Դավո անունով, ձերբակալվել են:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք երկուսը ձերբակալվել են ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում և կասկածվում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ:

Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, նրանք մեղադրվում են խոշոր չափերով՝ 2,277,323,840 մլրդ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նշվում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

Սիրունյանն ասում է՝ ինքը հնարավոր չարաշահումների մասին բարձրաձայնել է մի քանի տարի շարունակ, իրեն կանչել են ՀՔԾ հարցաքննության, ներկայացրել է կասկածներն ու փաստեր, սակայն ապարդյուն՝ որևէ քրեական գործ չի հարուցվել:

Հարցին, թե ո՞վ էր խանգարում իրավապահներին՝ այն ժամանակ գործը գլուխ բերել, մեղավորներին բացահայտել, Սիրունյանն արձագանքում է. «Այդ հարցը խնդրում եմ ուղղեք իրավապահներին, ես փաստաբան տղա եմ: Ընդեղ լիքը մարդիկ կան, չէ՞, դատախազ, քննիչ, որոնց երեք տարի շարունակ ասում ենք՝ սենց չի, տղերք: Հիմա տեսա՞ք, որ տենց չի: Իմ նման մարդիկ մի քանի տարի շարունակ հայտարարում են՝ բանակը կերաք, բանակը կերաք, հիմա երեք տարի հետո պարզում են, որ մենք ճիշտ ենք: Թող գոնե հիմա նորմալ քննեն»:

Սիրունյանի դիտարկմամբ՝ նման բացահայտումը ցույց է տալիս, որ չի իրականացվել պատշաճ կառավարում, մարդիկ իրենց տեղում չեն եղել, և բանակ ստեղծելու մասին 27 տարվա հայտարարությունները «լո-լո»-ներ են:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am