«Երեխաներին կտանեն իրենց ծնողներից հեռու, օրգանները կհանեն...սրանք թեմաներ են՝ հասարակության վախերի վրա ազդելու համար». Զառա Հովհաննիսյան

06-12-2016
15198 դիտում
«Երեխաներին կտանեն իրենց ծնողներից հեռու, օրգանները կհանեն...սրանք թեմաներ են՝ հասարակության վախերի վրա ազդելու համար». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ընդդեմ կանանց նկատմաբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը:

-Տիկին Հովհաննիսյան, վերջին շրջանում բուռն քարոզչություն է ընթանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի շուրջ: Ի՞նչ է տեղի ունենում:

-Սարսափելի ոչինչ չկա, կատարվում է այն, ինչ միշտ կատարվել է, այսինքն՝ երբ ինչ-որ քաղաքական սուր իրավիճակ է եղել կամ սուր իրավիճակի նախաշեմին ենք եղել, անպայման տեղի է ունենում այսպիսի մի զգայական թեմայի խտրականացում: Եվ առողջ քննարկումների կամ կոնկրետ քաղաքական սուր հարցերի լուծման տարածքը լցվում է այսպիսի ամենահետամնաց ու ոչ ճշգրիտ զգայական թեմաների շաշափումներով: Այդպես եղել է Եվրոպայի հետ Ասացացման համաձայնագրի շուրջ բանակցությունների նախաշեմին, երբ պետք է տեղի ունենար նախաստորագրման արարողությունը, բայց Հայաստանն ուղղակի թեքվեց ու մտավ Եվրասիական տնտեսական միություն: Նույն թեման՝ գենդերային հավասարություն և գենդերային խնդիրներ, այն ժամանակ սկսվեց շոշափվել: Հիմա նույն թեման է, թե երեխաներին կտանեն իրենց ծնողներից հեռու, օրգանները կհանեն, նույն թեմաներն են, որը խավարամիտ որոշ քարոզիչների ձեռքին հասարակության վախերի վրա ազդելու գործիք է: Առանձնապես որևէ նոր բան չկա այս ամենում:

-Օրենքի նախագիծն Արդարադատության նախարարությունը հրապարակեց, բայց շատ արագ հանեց կայքից: Ի՞նչ խնդիրներ կան նախագծում, ե՞րբ հանրությունը կարող է ծանոթանալ դրան:

-Մարդիկ օրենքին անպայման կծանոթանան, խնդիրը դա չէ: Ուղղակի նաև նախընտրական շրջան է Հանրապետական կուսակցության համար, նույն կուսակցությունը չի ուզում, որպեսզի նմանատիպ զգայական թեմաներն ազդեն հենց ընտրազանգվածների վրա: Մենք պետք է հստակ պատկերացնենք մեր քաղաքական կառուցվածքը, ոչ լեգիտիմ իշխանության և դրա վերարտադրման գործիքների ամբողջ գործիքակազմը հասկանանք և պատկերացնենք, թե ինչու օրենքի նախագիծը կայքից հանվեց կամ ինչու կոնկրետ պաշտոնական աղբյուրներից դիմադրություն չի ցուցաբերվում: Այդ նույն Հանրապետական կուսակցությունն ու իշխանությունը առանց աչք թարթելու կարողացան բավական լուրջ դիմադրությունը չնկատել, որը տեղի էր ունենում սահմանադրական փոփոխությունների ժամանակ, լուրջ քաղաքական ու քաղաքացիական դիմադրության վրա աչք փակելով՝ գրեթե ուժով անցկացրեցին Սահմանադրությունը: Նույն այդ Հանրապետական կուսակցությունը էլի նույն մանիպուլյացիաներով ու ուժով անցկացրեց Ընտրական օրենսգիրքը՝ չնայած լուրջ դիմադրությանը: Այդ ի՞նչ պատահեց այդ նույն Հանրապետական կուսակցությանը, որ հանկարծ ընկրկեց, վախեցավ ու կայքից հանեց նախագիծը, որն  ուզում էին առաջին ընթերցմամբ անցկացնել:

-Ի՞նչ է կատարվում իրականում, ո՞րն է դրա պատճառը:

-Մի քանի պատճառ կա: Առաջին պատճառն այն է, որ իրենց հենակետը հենց այդ խավարամիտ հասարակության շերտն է, որի վրա նրանք ազդում են վախերի միջոցով: Երկրորդը Ռուսաաստանի Դաշնությունից վախերն են, որ հենց այդ նույն քարոզչական մանիպուլյատորներն անմիջականորեն իրականացնում են  Ռուսաստանից եկող քարոզչությունը: Եվ երրորդ խնդիրը, որը լուծում են, դա այն է, որ նախընտրական ժամանակահատվածում առանձնապես նոր ապրելակերպի ու նոր մոտեցումների, եվրոպական մարդու իրավունքների պաշտպանության ծիրում որևէ ազդակ չեն ուզում ուղարկել հասարակությանը: Մեր ընտրություններն ամենևին եվրոպական մարդու իրավունքների դաշտում և  պատկերացումների մեջ չեն լինում: Այսինքն՝ եթե որևէ ապրելակերպի որևէ ոլորտ մոտենում է  եվրոպական արժեքներին, ապա գոնե ժողովրդավարական ինստիտուտները ևս պետք է ինչ-որ չափով համապատասխանեն եվրոպական արժեքներին: Իսկ մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանում բազմակարծության, բազմակուսակցականության, մարդու իրավունքների սկզբունքներն ամբողջովին ոտնահարվում են: Իսկ այդ պատկերի ներքո ուղղակի ցուցադրաբար մեկ օրինագիծ դնելը անմտություն կլինի և նաև խավարիտ հասարակությանը որոշակի ազդակ կլինի, որ այնքան էլ իրենց պատկերացումների մեջ չէ սա:

-Օրենքի մշակումն ու քննարկումները ինչքա՞ն են տևել և ե՞րբ է նախատեսվում այն վերջնական տեսքով խորհրդարան ներկայացնել:

-Նախ օրենքի մասով մենք լուրջ դիտարկումներ ունեինք, օրենքն առանձնապես լավը չէր: Այն դեռևս քննարկման փուլում է: Արդարադատության նախարարության գլխավորությամբ կազմվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներառվել են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այդ փուլում չեն ներառվել, նրանք պետության կողմից գրված նախագծին ծանոթացել են միայն հոկտեմբեր ամսվա կեսին: Արդարադատության նախարարությունն է միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով մշակել օրինագիծը, իրենք են պատասխանատու այդ նախագծի համար: Մենք ունենք դիտողություններ, մեր պաշտոնական կայքում հայտարարություն ենք տեղադրել բացթողումների վերաբերյալ: Նաև օրերս մեր կողմից կներկայացվի առաջարկությունների և այլ մեխանիզմների մեծ փաթեթ, որոնք ցանկալի է, որ ներառվեն լրամշակված տարբերակում: Միաժամանակ, կան դիտարկումներ, որ այս նախագծին կից չկա տարբեր օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթ:

-Իսկ նախագծում իրոք կա՞ դրույթ ըստ որի՝ երեխաներին հեռացնելու են ծնողներից: Անգամ երեխաների օրգանների վաճառքի մասին քննարկումներ են գնում:

-Օրենքի նախագիծն ընդհանրապես կանխարգելման մասին է: Դա նշանակում է աշխատել ընտանիքների հետ և բռնությունը կանխարգելել: Ցանկացած նմանատիպ բան լինում է քրեական հանցագործության դեպքում: Իսկ սա քրեական հանցագործության հետ կապ ունեցող նախագիծ չէ: Նմանատիպ օտարման էլեմենտներ հենց այսօր կան Ընտանեկան օրենսգրքում, որով հոգաբարձուների հանձնաժողովին իրավունք է տրված, որ եթե ընտանիքում երեխայի նկատմամբ տեղի է ունենում ֆիզիկական ու սեռական բնույթի հանցագործություն, նրան խնամակալ հանձնաժողովը կարող է վերցնել այդ ընտանիքից: Դա այս նախագծի հետ կապ չուներ, դա անհարկի ու էմոցիոնալ վայնասուն է, որը մեծամասամբ ոչ թե օրենսդրության հետ է կապված, այլ պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում: Միաժամանակ, սա ստվերում է Հայաստանի ինքնիշխանության՝ օրեցօր նվազման գործընթացը: Այդ վայնասունի ներքո ստվերում են մնում այն բոլոր քայլերը, որոնք վերաբերում են հայ-ռուսական համատեղ զորամիավորման սեղծմանը, Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից գործադրվող քաղաքական ճնշումներին, տնտեսական վատ իրավիճակին:

-Օրենքի նախագծով կոնկրետ քրեականացվելո՞ւ է բռնարարների արարքը, հատկապես կանանց նկատմամբ բռնությունները նկատի ունեմ:

-Կոնկրետ այս նախագծով չի քրեականացվելու, որը մենք համարում ենք շատ մեծ բաց: Եթե չի քրեականացվում այն բռնարարքը, որը տեղի է ունենում ապահով տարածքում, որը մարդու ընտանիքն է, և Քրեական օրենսգրքում դա չի դիտարկվում որպես ծանրացուցիչ հանգամանք, մենք համարում ենք, որ դա նոր հանցագործությունների պատճառ կարող է դառնալ: Մենք առաջարկում ենք, որպեսզի փոփոխություն տեղի ունենան Քրեական օրենսգրքում, որովհետև սա կանխարգելման մասին օրենսդրություն է, քրեականացման որևէ տարր չի կարող պարունակել:

-Կանանց իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմ ներդրվե՞լ է նախագծում:

-Մինչև տեղի չի ունենում ծեծ ու մարմնական վնասվածք չի հասցվում, ոստիկանությունն այսօր չի կարող միջամտել ընտանիքի գործերին և աշխատանք տանելու որևէ մեխանիզմ չունի: Այս օրինագիծը նպատակ ունի այնպես կանխարգելել, որպեսզի գործը չհասնի մարմնական վնասվածքներին, սպանությանը և քրեական հանցագործությանը: Տարբեր մեխանիզմներ կան և պետք է լինեն, որովհետև մենք էլ ենք առաջարկություններ ներկայացրել, որոնք թույլ են տալիս կամ ընտանիքի առողջացման միջոցով, կամ գոնե մարդու հիմանարար իրավունքների խախտում թույլ չտալու միջոցով կանխարգելել այդ արատավոր երևույթը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am