Միշտ կարելի է ասել՝ հացի ու պանրի փողը տվել ենք, կենսաթոշակառուն կուշտ է, բայց դա նվազագույն պարենային զամբյուղ չէ. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– «Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը». սա հատված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, պարո՛ն Պիպոյան, իսկապե՞ս գործ ունենք աննախադեպ իրադարձության հետ։

– Կենսաթոշակի կամայական բարձրացումը պետք է արժանանա դրական գնահատականի, որովհետև մի փոքր ավելի կթեթևացնի թոշակառուների բեռը, բայց խնդիրն այն է, որ մենք այս կենսաթոշակների բարձրացումն ասում ենք ոչ թե այն երանգով, որ գիտեք, հարգելի թոշակառուներ ջան, բյուջեն չունի հնարավորություններ, այսքան ենք կարողանում բարձրացնել, այլ դա ներկայացվում է որպես աննախադեպ մի երևույթ։ 

Աննախադեպի մասին կարող էինք խոսել, եթե կենսաթոշակի բարձրացումը գոնե ամբողջությամբ փակեր պարենային զամբյուղը, էլ չեմ ասում, որ գոյություն ունի նվազագույն զամբյուղ, որը միայն պարենային զամբյուղը չէ։ Այսինքն՝ մենք ունենք այնպիսի բարձրացում, որ չի փակում անգամ ամբողջ պարենային զամբյուղը։ 

Կան մի քանի գլոբալ ու ֆունդամենտալ հարցեր, որոնց այս համատեքստում պետք է անդրադառնալ․ պետության վարած կուրս, այսինքն՝ ինչպիսի՛ սոցիալ-տնտեսական քաղաքականություն է վարում պետությունը։ Մասնավորապես, պետությունը, սոցիալական արդարության մեխանիզմներ ներդնելով, փորձում է համահավասար կյանքի պայմաննե՞ր ստեղծել աշխատավոր մարդկանց ու կենսաթոշակի տարիքի հասած անձանց համար, թե՞ ոչ։ 

Բերեմ ամենատիպիկ օրինակը. մենք ունենք համահարթ հարկային համակարգ, այսինքն՝ բոլոր աշխատավոր մարդիկ հարկվում են հավասար չափով։ Հիմա, պետությունը երբևէ քննարկե՞լ է, որ, օրինակ՝ մինչև 300 հազար դրամը բոլորի համար մինիմալ կյանքի պայման է, դրանից, պայմանական, մինչև 700 հազարն արդեն մինիմալից մի փոքր բարձր է, այսինքն՝ մի փոքր կարելի է շատ հարկել, իսկ 700 հազար դրամը գերազանցողը՝ էլ ավելի շատ հարկել, որովհետև այդ թվից բարձր եկամուտ ունեցողը շատ ավելի լավ է ապրելու, քան մյուսը։ 

Ավելին՝ պետությունը բարձր աշխատավարձ ստացողների կողքին այլ կերպ էլ է կանգնած, մասնավորապես՝ նրանցից շատերին վերադարձվում է եկամտային հարկը հիփոթեքի տեսքով, որովհետև բոլորս հասկանում ենք, որ հիփոթեք, օրինակ՝ ձևակերպում են 500 հազար ու ավելի բարձր եկամուտ ունեցողները հիմնականում։ 

Պետությունը երբևէ հաշվարկ արե՞լ է, որ, պայմանական, եթե համահարթից վերանայի ու այդ վերանայած մասը բյուջեին հատկացնի, դա կենսաթոշակային ֆոնդի վրա ի՛նչ ազդեցություն է ունենալու։ Գումարած դրան, շատ կոպիտ օրինակ կարող եմ բերել, նաև այդ ավել գումարն ի վերջո մտնելու է տնտեսության մեջ, որովհետև թոշակառուն այդ գումարը հիմնականում ծախսելու է երկրի ներսում, այն դեպքում, երբ 1 կամ 2 միլիոն եկամուտ ունեցողներն այդ գումարի մի մասը ծախսում են մեր երկրից դուրս։ 

Սրանք բոլորը մոտեցումներ են, որոնք պետք է պետության քաղաքականության մաս կազմեն։ Ի վերջո, երբ մենք խոսում ենք կենսաթոշակային համակարգից, սերունդների միջև համերաշխության սկզբունքից, երբ այսպես ասած այսօրվա աշխատողը պահում է այսօրվա թոշակառուին և պարտադիր կենսաթոշակային համակարգը, երբ մարդիկ սկսում են իրենք իրենց պահել ու սկսում են կուտակել։ 

Հիմա հարց է առաջանում. մինչև պարտադիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ, պետությունն ինչպե՞ս է պատկերացնում այս անցումային շրջանը։ Ամբողջ բեռը թողնում է այսօրվա աշխատողի՞ վրա՝ թե՛ այսօրվա թոշակառուի, թե՛ իր ապագան ապահովելու, թե՞ այլ բան է անելու։ Սրանք մոտեցումներ են, երբ պետությունը պարզապես ասում է՝ գումար չկա: Սա ձևակերպում չէ, բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ, այո՛, բյուջեն որոշակի առումով ունի գումարի սահմանափակման խնդիր։ 

Ի վերջո, ինչո՞ւ ես անդրադարձա այս ֆունդամենտալ հարցերին, որովհետև այս հարցերով է խնդիրը լուծվելու, իսկ երբ դու չունես ընդհանուր փիլիսոփայություն, կուրս, արածդ ցանկացած քայլ դառնում է պատռված շորի վրա արվող կարկատան, որն այն չէ, ինչ հասարակությունն ուզում է ունենալ։

– Կենսաթոշակի այս բարձրացումը թոշակառուների կյանքի որակի վրա էական ազդեցություն չի՞ ունենա։

– Միանշանակ կունենա ազդեցություն, բայց ոչ այն ազդեցությունը, ինչի մասին խոսվում է, այսինքն՝ այնպես չէ, որ կենսաթոշակառուի կյանքը չի թեթևացել, բայց այնպես չէ, որ կարող ենք ասել, թե կենսաթոշակառուն այլևս չունի պարենային խնդիր: 

Երբ մենք ասում ենք նվազագույն պարենային զամբյուղ, այն ունի կառուցվածք, որի մեջ մտնում են հացը, միսը, կաթնամթերքը, ձկնամթերքը, թռչնամթերքը և այլն՝ 13 ու ավելի ապրանքախումբ։ Այդ ամենը երբ խանութի գներով ենք դիտարկում, միանշանակ է, որ այսօրվա կենսաթոշակը դա չի ծածկում, էլ չեմ ասում, որ նույն ընթացքում ասում են՝ եկեք ձմերուկն այլևս կտորով չվաճառենք։ 

Միշտ կարելի է ասել՝ հացի ու պանրի փողը տվել ենք, հետևաբար կենսաթոշակառուն կուշտ է, բայց դա նվազագույն պարենային զամբյուղ չէ, այսինքն՝ սովամահ չլինելն ու նվազագույն զամբյուղն ապահովել տարբեր բաներ են։ 

Ու էլի եմ կրկնում, մենք դեռևս քննարկում ենք բացառապես պարենային զամբյուղը, իսկ այն պարագայում, երբ պետությունը չունի մոտեցում ու հստակ քաղաքականություն, նա իրավունք չունի «Մասիս սարի վեհ գագաթից» խոսել, եթե ընդհանրապես շատ հեռու է ընդհանուր նվազագույն զամբյուղից։ Անգամ պարենային զամբյուղի շեմը չհաղթահարած՝ սկսում ենք խոսել «Մասիս սարի գագաթից», ինչն անթույլատրելի է։ Պետությունը պետք է ունենա ռազմավարություն, եթե չկա այդ ռազմավարությունը, այսպիսի քայլերով անիմաստ է համակարգային փոփոխություն ակնկալել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am