Քանդակագործ Սուրեն Մելքոնյանի աղմկահարույց ցուցահանդեսը՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում

05-03-2017
19466 դիտում
Քանդակագործ Սուրեն Մելքոնյանի աղմկահարույց ցուցահանդեսը՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում

Քանդակագործ Սուրեն Մելքոնյանի աղմկահարույց «Շնչառություն կամ հետադարձ հայացք» խորագրով ցուցահանդեսը կկայանա մարտի 8-ին՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:

Հիշեցնենք, որ «Նարեկացի» արվեստի միությունում հայտարարված նույն խորագիրը կրող ցուցահանդեսը փետրվարի 13-ին չեղարկվեց, քանի որ կենտրոնը գրաքննություն կիրառեց արվեստագետի ստեղծագործությունների հանդեպ:

Կենտրոնի ղեկավարությունը կերպարվեստի դասական մոտեցումը համարեց անհարիր և անբարո, քանզի կիսամերկ և մերկ մարմիներ պատկերող աշխատանքները  «կարող են տեսնել տարածք մտնող երեխաները»: 

Այս երևույթը հասարակական բուռն արձագանքի արժանացավ, բազմաթիվ քննադատական խոսքեր հնչեցին արվեստը սահմանափակող անընդունելի մոտեցման դեմ:

Արձագանքեց նաև «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, Սարգիս Մուրադյանի դուստր, նկարչուհի Զարուհի Մուրադյանը՝ հրավիրելով Սուրեն Մելքոնյանին ներկայանալու իր ցուցասրահում:

Կատարվածն անտրամաբանական եւ պարսավելի համարելով, Զարուհի Մուրադյանն անձամբ քանդակագործի աշխատանքներին ծանոթանալով եւ պրոֆեսիոնալիզմը գնահատելով, նշել է, որ իր համար սկզբունքի հարց է Սուրեն Մելքոնյանին աջակցելը: 

«Շնչառություն կամ հետադարձ հայացք» ցուցահանդեսն իր հյուրընկալ դռները կբացի մարտի 8-ին, ժամը՝ 15:00, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում /հասցե՝ Իսահակյան 38 /:

MediaLab.am