Անիմացիոն տեսանյութ․ Ինչ անել, եթե ձեզ փորձում են վերահսկել

16-03-2017
17004 դիտում
Անիմացիոն տեսանյութ․ Ինչ անել, եթե ձեզ փորձում են վերահսկել

Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին միգուցե ձեզ փորձեն ստիպել, որ ցույց տաք, թե ինչպես եք քվեարկել:

Ընտրատեղամասում ձեզ տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն մեկը մի կուսակցության կամ դաշինքի: Դուք քվեախցիկում այդ քվեաթերթիկներից ընտրելու եք ձեր համակրած քաղաքական ուժի քվեաթերթիկը՝ մնացածը նետելով քվեախցիկում առկա արկղի մեջ:

Տեսանյութում նկարագրվում է, թե ինչ կարող է անել ընտրողը վերահսկողներին խաբելու համար:

Եթե ձեզ պարտադրեն, որ նկարահանեք քվեաթերթիկը, ապա դուք կարող եք քվեաթերթիկը նկարելուց հետո փոխել այն և ծրարի մեջ դնել այլ քաղաքական ուժի քվեաթերթիկ:

Եթե ձեզ պարտադրեն դուրս հանել 9 քվեաթերթիկներից մյուս 8-ը, որպեսզի համոզվեն, որ ծրարի մեջ դրել եք հենց 9-րդ քվեաթերթիկը, ապա քվեախցիկում դուք կարող եք այդ մի կուսակցության քվեաթերթիկը գցել արկղի մեջ, արկղից վերցնել ձեր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը, իսկ մնացած 8 քվեաթերթիկները հանել դուրս:

Դրսում ձեզ վերահսկողները կմտածեն, որ դուք հենց իրենց քաղաքական ուժին եք քվեարկել:

Հիշե՛ք, քվեախցիկում առկա արկղի մեջ միշտ լինելու են բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնցից դուք կարող եք վերցնել ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը և քվեարկել: Ինչն արված է հատուկ, որպեսզի դուք կարողանաք քվեարկել ինչպես որ կկամենաք՝ խաբելով վերահսկողներին:

Հետևապես ծրարի մեջ դրեք այն կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, որին իրապես համակրում եք, որի հաղթանակով դուք կուրախանաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»