«Ուզում էին անել շատ լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ». Ավագ դպրոցների եւ միջազգային չափանիշների արանքում

«Ուզում էին անել շատ լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ». Ավագ դպրոցների եւ միջազգային չափանիշների արանքում
«Ուզում էին անել շատ լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ». Ավագ դպրոցների եւ միջազգային չափանիշների արանքում

Այս տարի գարնանը ավագ դպրոցները կունենան առաջին շրջանավարտները: 2010թ. գործարկված այս դպրոցները, թեպետ ստեղծված են հոսքային ուսուցման հենքով՝ նպատակ ունենալով բարձրացնել կրթության որակը, սակայն փորձագետների կարծիքով այն չի բարձրանում, իսկ բուհ ընդունվելու համար բոլոր աշակերտները անխտիր պարապում են կրկունուսույցների մոտ: 

Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Պետրոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ 11-րդ դասարանից սկսած բոլոր աշակերտները պարապում են մեկ կամ երկու առարկա, իսկ ավարտական դասարանում պարապում են երեք առարկա:

«Ես ավագ դպրոցում լինեի, թե ոչ՝ միևնույն է, նույն ինտենսիվությամբ պարապելու էի»,- ասում է նա:

2006թ. Կրթության նախարարությունը ձեռնարկեց հանրակրթական բարեփոխումներ անելու ծրագիրը, համաձայն որի նախկին տասնամյա կրթական համակարգը փոխարինվեց 12-ամյայի:

Կրթության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ 12-ամյա կրթության անցնելու հիմնական պատճառաբանությունը միջազգային չափանիշներին համապատասխանությունն էր:

«Ամբողջ աշխարհում հանրակրթությունն այժմ իրականացվում է 11-13 տարիների ընթացքում և ընդամենը 10-15 տոկոս երկրներ կան, որոնց կրթությունը տասնամյա է,- ասում է նա,- այդ անհամապատասխանությունը վատ էր անդրադառնում մեր աշակերտների վրա, որոնք այլ երկիր գնալուց ստիպված էին լինելում իրենց գիտելիքին ոչ համապատասխան դասարան հաճախել: Նույն խնդիրն առաջանում էր նաև միջազգային օլիմպիադաների հարցում»:

12-ամյա կրթության անցնելու ամենահիմնավոր պատճառաբանություններից մեկն էլ նոր առարկաների համար «տարածքի» բացումն  ու ծրագրերի բեռնաթափումն էր:

Այս բարեփոխումների ամբողջական փաթեթը ենթադրում է եռաստիճան հանրակրթական ուսուցում. տարրական, հիմնական և ավագ դպրոց: Բացի կրթության որակի բարձրացումը՝ ավագ դպրոցի գլխավոր նպատակներից է օգնել, որպեսզի աշակերտը՝ հիմնվելով սեփական նախասիրությունների վրա, կարողանա ճիշտ ընտրություն կատարել մասնագիտության հարցում:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Մեդիալաբին»  ասում է, որ այս ռազմավարական ծրագիրը եթե իրականացվեր այնպես, ինչպես գրված էր, ապա մենք այսօր այլ տեղում կլինեինք:

«Բայց իրենք ուղղակի գրեցին այդ ռազմավարությունն ու դրեցին մի կողմ,- մեկնաբանում է նա,- իսկ խնդիրը կրթության  որակի կազմակերպման մեջ է, որով այսօր, կարելի է ասել ոչ ոք չի զբաղվում. եթե շենքի հիմքը ծուռ ես դնում՝ որակ չես կարող ստանալ»:

Համաձայն «Բաց հասարակություն հիմնադրամներ» ՀԿ 2012թ. արած «Դպրոցական Կրթության հասանելիությունը Հայաստանում» ուսումնասիրության. «Գոյություն ունի անհամապատասխանություն իրականացվող բարեփոխումների պահանջների և դպրոցներում ներկա պայմանների միջև: Նոր մեթոդների կիրառումը պահանջում է համապատասխան պայմանների առկայությունը դպրոցներում»:

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը «Մեդիալաբին» ասում է, որ ավագ դպրոցների կայացման համար պետք են ենթակառուցվածքների փոփոխություն և միայն շենքերի վերանորոգումը բավարար չէ: 

«Ընդհանրապես շենքերը պետք է փոխել ու ստեղծել մոբիլ միջավայր, քանի որ սովետական տիպի կառուցված դպրոցում չես կարող 18 տարեկան երեխայի պահել»,- ասում է նա:

Հայաստանի 1396 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից միայն 110-են ավագ դպրոց, որից 41-ը գտնվում են Երևանում: Քանի որ ավագ դպրոցների ստեղծման մեկ այլ նպատակը հզոր նյութատեխնիկական բազա ու հարուստ լաբորատորիաների ստեղծումն է, Հովհաննիսյանը փոխանցում է, որ դա հնարավոր չէր ապահովել բոլոր դպրոցների համար:

«Իսկ դպրոցների ընտրությունը կատարել ենք մարզպետների առաջարկի հիման վրա՝ նկատի ունենալով դպրոցի շենքային պայմանները, մանկավարժական կազմի պատրաստվածության մակարդակը և այլ գործոններ»,- ասում է նա:

Խաչատրյանն ասում է, որ  ավագ դպրոցների գաղափարը լավն է, սակայն այն  հարուստ երկրների համար է և անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որը Հայաստանը ի վիճակի չէ անել:

«Առաջին տարիներին նույնիսկ չէին կարողանում բյուջեն իրականացնել, իսկ նոր ռեֆորմը պետք է անել հիմնվելով պետության բյուջեի վրա,- մեկնաբանում է նա,- ուղղակի ստացվում է, որ մենք դրսից մոդելներ ենք բերում ու պրոյեկտում մեր իրականության վրա, մինչդեռ որոշ դեպքերում, իսկ սա այդ դեպքն է՝ պետք էր ունենալ մեր սեփականը»:

ՀՀ կրթության և գիտության նախարարության բյուջեն 2014 թ. համար 128 մլրդ 27 մլն դրամ է, որը կազմում է ՀՀ բյուջեի 9.5 տոկոսը: Այս գումարից 15 մլրդ 350 մլն դրամ մոտ նախատեսված է հանրակրթական հաստատությունների համար վերանորոգման ու հիմնանորոգման համար:

Հոսքային ուսուցում և կրկնուսույցներ

Նույն հոսքի տարբեր դասարաններում առարկաների բաշխվածությունը տարբեր է: Եթե օրինակ հումանիտար հոսքի 11-րդ դասարանում դասավանդվող օտար լեզուներն անցնում են շաբաթական 5 ժամ, ապա 12-րդ դասարանում անգլերենը (ընտրելու դեպքում) արդեն անցնում են շաբաթական 8 ժամ: Սակայն նույնիսկ այս խտացվածությունը բավարար չէ որակյալ գիտելիք ստանալու համար:

Ռոբերտ Պետրոսյանը սովորում է բնագիտական հոսքում և պարապում է հայոց լեզու, անգլերեն և իրավաբանություն` ծախսելով ամսական 50 հազար դրամ:

Շրջաններում մեկ ամսվա պարապմունքի միջին գինը 15-20000 դրամ է: Մի փոքր ավելի թանկ է Երևանում, իսկ եթե խոսքը վերաբերվում է շտեմարանների հեղինակի կամ այլ հեղինակավոր կրնուսույցներին, ապա աստղաբաշխական թվեր են շրջանառվում:

Ռոբերտի կարծիքով հնարավոր չէ 45 րոպեում 30 հոգանոց դասարանում խորը գիտելիք ստանալ:

«Բացի այդ ուսուցիչները մտածում են, որ միևնույն է՝ աշակերտները գնալու են պարապմունքի և այնքան էլ լավ չեն կազմակերպում դասը,- ասում է նա,- բացի այդ եթե դու գումար ես տալիս, իրենց պատասխանատվությունն ավելի է մեծանում, իսկ դպրոցում ի միջայլոց են անցնում»:

Սակայն Խաչատրյանն ասում է, որ կրկնուսույցի ֆունկցիան այսօր Հայաստանում ոչ թե գիտելիք տալն է, այլ պարզապես քննության նախապատրաստելը:

«Կրկնուսույցը պարզապես վարժեցնում է աշակերտին մեկ անգամվա արդյունքի համար և իր դերը կարողանում է կատարել»,- ասում է նա:

Իսկ Հովհաննիսյանը պնդում է, որ ավագ դպրոցի խնդիրը չէ կրկնուսույցների վերացումը. դա աշակերտի գործն է ու ամբողջ աշխարհում տարածված երևույթ է:

«Եթե երեխան գնալու է ռոմանո-գերմանական ֆակուլտետ, ապա ավագ դպրոցում ամեն օր ինքը անգլերեն է անցնում, իսկ կրկնուսույցի մոտ՝ շաբաթը 2-3 անգամ»,- մեկնաբանում է նա:

Սակայն Խաչատրյանի կարծիքով՝ հանրակրթական համակարգի ամենամեծ խնդիրը ծրագրային պլանն է:

«Ուսուցիչը ունի ծրագիր, որը պետք է փոխանցի երեխային,- ասում է նա,- և ուսուցչին հետաքրքրում է ոչ թե այն, թե երեխաների քանի տոկոսն է յուրացրել դասը, այլ այն, որ նա պետք է մինչև տարեվերջ ավարտի իր պլանը»:

Փորձագետը փոխանցում է, որ իր փորձառության ընթացքում  ավագ դպրոցների ուսուցիչների տվյալներով երեխաների 70 տոկոսը ծրագրից շատ հետ են:

«Իհարկե սա հատուկ է նաև հիմնական դպրոցին, սակայն ավելի հատուկ է ավագ դպրոցին,- ասում է նա,- իսկ եթե երեխան իր դասավանդվող նյութից հետ է՝ ոչ մի նշանակություն չունի, թե այդ առարկայից շաբաթական երկու ժամ է անցնում, թե յոթ ժամ՝ ինչպես արվում է ավագ դպրոցում»:

Ուսուցիչների ընտրությունը

Սովորական միջնակարգ դպրոցը ավագ դպրոցի վերածելուց հետո այնտեղ ուսուցչական կազմի փոփոխություն չի եղել և այդ դպրոցի ուսուցիչները շարունակել են դասավանդել:

Դիլիջանի հիմնական դպրոցի մի ուսուցիչ, որ չցանկացավ ներկայանալ, «Մեդիալաբին» ասում է, որ բոլոր ուսուցիչները սպասում էին ավագ դպրոցներում աշխատելու մրցույթի հայտարարությանը:

«Բայց նախարարությունը չուզեց, քանի որ բազմաթիվ ուսուցիչներ չէին անցնի այդ մրցույթը և կստացվեր, որ իրենց 30 տարվա ուսուցիչը այսքան տարի չի համապատասխանել չափորոշիչներին,- ասում է նա,- բայց մենք բազմաթիվ երեխաներ ունենք, որոնք պարապում  են ոչ թե ավագ դպրոցի, այլ հենց հիմնական դպրոցի ուսուցիչների մոտ»:

Տիկին Բախշյանը ևս կարևորում է ուսուցիչների ընտրությունը, նշելով, որ ավագ դպրոցները ձևավորելու ժամանակ թիվ մեկ պահանջը ստեղծագործ թիմ և համապատասխան ուսուցիչներ ընտրելու չափորոշիչներ են, ովքեր պետք է 20 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ ստանային:

«Սակայն  ինչպես ասում են. ուզում էին անել շատ լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»,- ասում է  նա:

Նախարարությունից Հովհաննիսյանն ասում է, որ չէին կարող գործից ազատել դպրոցի ուսուցիչներին:

«Բայց եղան շատ ուսուցիչներ, որոնք կամովին դուրս եկան իրենց տեղից՝ ընդունելով, որ չեն կարող այդ դասավանդել այդ ծրագրով»,- մեկնաբանում է նա:

Ավագ դպրոցի ուսուցիչները մնացած ուսուցիչներից ստանում են 20 տոկոսով բարձր աշխատավարձ, սակայն խնդիրն այն է, որ լավագույն ուսուցիչները գերադասում են աշխատել մասնավոր դպրոցներում կամ հատուկ մասնագիտացված քոլեջներում, որտեղ աշխատավարձը անհամեմատ բարձր է:

Պետական դպրոցներում շաբաթական 16-17 ժամ ունեցող ուսուցիչները վարձատրվում են մոտ 70 հազար դրամի չափով: Մեկ դրույքը 22-23 ժամ է, սակայն աշակերտների քչության պատճառով՝ շատ քիչ ուսուցիչներ են աշխատում լրիվ դրույքով: Մինչդեռ մասնավոր դպրոցներում ուսուցչի աշխատավարձը միջինում 250 հազար դրամ է:

Հովհաննիսյանն ասում է, որ ավագ դպրոցների ինստիտուտից բողոքելու ժամանակն անցել է. այն կայացման փուլում է և պետք է մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կբերեն համակարգի ամրապնդմանը:

Ըստ Կրթության նախարարության տվյալների, 2012-2013թթ. ուսումնական տարում  Հայաստանի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորել են շուրջ 360 հազար աշակերտություն, որից միայն 48 հազար են (մոտ 13 տոկոսը) հաճախել ավագ դպրոցներ: 174 հազար աշակերտներ սովորել են 12-ամյա միջնակարգ դպրոցներում, իսկ հիմնական դպրոցներում սովորող մոտ 136 հազար աշակերտներից 30 հազարը (մոտ 8 տոկոսը)չի շարունակել ուսումը: Այս պատճառով կառավարությունը նաև ծրագիր է մշակում 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու համար:

Լուսանկարում` Դիլիջանի Թեղուտ գյուղի դպրոցը 

Աննա Մուրադյան 

© Medialab.am