«Քննչական մարմինները մեծ աշխատանք ունեն անելու, որպեսզի հասարակությանը համոզեն, որ գործում որևէ այլ ենթատեքստեր չկան»․ Վերլուծաբաններ

22-03-2017
18531 դիտում
«Քննչական մարմինները մեծ աշխատանք ունեն անելու, որպեսզի հասարակությանը համոզեն, որ գործում որևէ այլ ենթատեքստեր չկան»․ Վերլուծաբաններ

Այն, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը տեղի է ունենում նախընտրական այս փուլում, կարող է քաղաքական ենթատեքստ պարունակել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Սատյոպա Սաֆարյանը: Բայց, մյուս կողմից, նրա խոսքով, Բաբայանը չէր թաքցնում, որ հետընտրական գործողությունների էր պատրաստվում:

«Հիմա, թե ինչ փաստեր կան, արդյոք այդ նախապատրաստումները ներառում են նաև նման գործողություններ, որոնց համար պահանջվում է «Իգլա» տեսակի սպառազինություն, թերևս պետք է սպասել ու տեսնել, թե ինչ է կատարվում: Այս պահին շատ դժվար է գնահատական տալը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարեց, որ կանխվել է մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ, որոնց թվում է Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր է, օրերս էլ հայտարարել էր, որ ոչ ոքի խորհուրդ չի տա կանգնել դաշինքի դեմ, որովետև կարող են ողջ ու առողջ չմնալ: Այս հայտարարությունը նա արել էր Ջրառատ գյուղի միջադեպից հետո, երբ ծեծկռտուք ու կրակոցներ էին եղել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և ՕՐՕ դաշինքի կողմնակիցների միջև:

«Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- իշխանություններին նախազգուշացրել էր Բաբայանը:

«Սամվել Բաաբայանը քաղաքական գործիչ չէ և չի կարող լինել, մնացել է որպես դաշտային հրամանատարի հարթության վրա: Իր պատկերացումները քաղաքականության մասին կարծես թե ուժային պայքարի դաշտից դուրս չեն գալիս: Իր հարցազրույցները, նախընտրական շրջանում սպառնալիքները ստեղծել են իր հետ կապված զգուշավորության ֆոնը: Բայց հիմա ոչ կարող եմ խախտել իր անմեղության կանխավարկածը, ոչ էլ կարող եմ հերքել ներկայացված մեղադրանքը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը բացատրում է, թե ինչ զենք է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը:

«Խոսքը գնում է շարժական զենիթահրթիռային համալիրի մասին, որը նախատեսված է օդային թիրախներ խոցելու համար: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ այն փորձել են բերել Հայաստան՝ ինչ-ինչ նպատակների համար: Դատելով դրա տակտիկատեխնիկական բնութագրից, ինչ-որ օդային թիրախներ խոցելու համար էր, հակառակ դեպքում այլ զինատեսակ կբերեին, եթե այլ նպատակ ունանային»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը: Թե ինչ կարող էին անել այդ զինատեսակով Հայաստանում, Ռուբեն Մեհրաբյանը չի ցանկանում ենթադրություններ անել:

Ինչ վերաբերում է հարցին, թե կարո՞ղ էր Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունենալ, Մեհրաբյանն ասում է.

«Փաստացի կա շատ կոնկրետ մեղադրանք՝ կապված զենքի հետ: Իսկ եթե խոսքը գնում է կրիմնիալ գործունեության մասին, մեղադրանքն էլ կրիմինալ հոդվածով է, ես կարծում եմ քաղաքական ենթատեքստի մասին խոսելը կրելու է զուտ հռետորական բնույթ: Բայց ես որևէ բան չեմ ուզում բացառել, պարզապես գոնե այս պահի փաստերն այլ բանի մասին չեն վկայում: Այո, քննչական մարմինները մեծ աշխատանք ունեն անելու, որպեսզի հասարակությանը համոզեն, որ գործում որևէ այլ ենթատեքստեր չկան»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Այնուհետև նա հավելում է.

«Ես դեպքի ենթատեքստերից չէի ուզենա խոսել, կուզեի խոսել տեքստերից, իսկ տեքստերը բավական տագնապալի պատկեր են ստեղծում: Կարծում եմ՝ շատ դրական է, որ մեր հատուկ ծառայությունները կարողանում են նման լուրջ գործողություն ձեռնարկել և չափազանց վտանգավոր գործողությունը խափանել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունը, սակայն, կարծում է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը միանշանակ քաղաքական հետապնդման փաստ է, որը պայմանավորված է նրա հրապարակայի ելույթներով ու գնահատականներով:

«Որևէ կերպ հիմնավոր չէ նրա առնչությունը Վրաստանից Հայաստան ապօրինի զինատեսակի ներկրման հետ: Սամվել Բաբայանը, ունենալով լուրջ փորձառություն, շատ լավ գիտակցում է, որ ինքը գտնվում է հսկողության ներքո և չէր կարող այդ հսկողության ներքո կատարել այնպիսի գործողություն, որն իրեն խոցելի կդարձներ»,- ասում է Սաքունցը:

Նա նաև հիշեցնում է, որ ոչ Սամվել Բաբայանը, ոչ էլ ՕՐՕ-ի ներկայացուցիչները չեն հերքել իրենց համագործակցության մասին, բացահայտ ու հրապարակային ասել են: Այսինքն՝ քաղաքական ենթատեքստը հստակ է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am