«Հայաստանի պատմություն»  նշանակում է՝ դուրս են մնում պատմական հայրենիքի մյուս մասերը՝ Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը. պատմաբան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմաբան-մանկավարժ Աշոտ Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, կրթության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է «Հայոց պատմություն» անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը։

 – Սա հերթական քաղաքական ակցիա է, արհեստականորեն ստեղծած հարց, որը կապ չունի այն իրական խնդրի հետ, որն իրենք ուզում են լուծել, իրենք արտաքին-քաղաքական ինչ-որ խնդիր են լուծում՝ մեր ժողովրդի պատմությունը ծառայեցնելու Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին։ 

– Ի՞նչ է դա տալու, հիմա որ կոչվում է «Հայոց պատմություն», ի՞նչն է խանգարում։

– Եթե հիմա կոչենք «Հայաստանի պատմություն», նշանակում է, որ մենք ֆիքսվելու ենք 29800 քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող Հայաստանի վրա, սրանից դուրս են մնում մեր պատմական հայրենիքի մյուս մասերը՝ Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, այսինքն՝ իրենք դրանով ստիպում են, որ մոռացության տանք մեր պատմական հիշողությունը, մեր պատմական հայրենիքը ու հրամցնենք մեր թշնամիներին այն, ինչ իրենք են ուզում։ Այդ պատմությունից դուրս է մնալու նաև եկեղեցու պատմությունը, որովհետև եկեղեցին մեր պետականության ու ժողովրդի անբաժան մասն է, դուրս է մնալու գաղթօջախների պատմությունը։ 

«Հայոց պատմություն» հենց այնպես չի գրվել, նրա մեջ տալիս ենք ոչ միայն մեր Հայաստանի պատմությունը, այլ նաև՝ գաղթօջախներում ապրող հայերի պատմությունը, Սփյուռքի պատմությունը, այսինքն՝ իրենք ստիպում են հրաժարվել մեր պատմությունից, մեր հայրենիքից ու սահմանափակվել նրա մի փոքրիկ հատվածով։

– Դրանից հետևում է, որ դասագրքերի բովանդակությունը ևս պետք է փոխվի, պարո՛ն Ղուկասյան, ճի՞շտ եմ հասկանում։

– Իհարկե, եթե գրես «Հայաստանի պատմություն», որի մեջ չեն ընդգրկվել Արևմտյան Հայաստանը, Արցախը, Նախիջևանը, ի՞նչ է նշանակում, այսինքն՝ մենք ազգային-գաղափարական տեսանկյունից էլ հրաժարվում ենք մեր պատմական հայրենիքից։ Նրանք սրանով փորձում են շատ հեռագնա խնդիրներ լուծել։ Ավանդույթի ուժով կոչել ենք «Հայոց պատմություն», մեր բոլոր պատմիչներն իրենց պատմությունը կոչել են «Հայոց», բայց իրենք հիմա պետականության գաղափարն են դնում դրա մեջ՝ մեր զգացմունքների հետ խաղալու համար, բայց Խորենացին, որ գրել է «Հայոց պատմությունը», խոսում է ողջ հայերի մասին, «Հայք», այսինքն՝ հայերի հայրենիք, այնպես որ, «Հայոց պատմությունը» ընդգրկում է Հայաստանի ու հայերի պատմությունը։ 

– Նախարարության հիմնավորումը ձեզ չի՞ համոզում, որ, այնուամենայնիվ, անվանումը փոխելու կարիք կա։

– Չէ՛, ես նախ պետք է հասկանամ այդ հիմնավորումը, բայց այն անհասկանալի ու մանիպուլյատիվ է։ Իհարկե հասկանում եմ, թե այդ կեղծ հիմնավորումներն ի՛նչ նպատակով են տրվում, բայց չի կարելի, վերջին հաշվով, ո՞ւր են գնում, ո՞ւր են տանում այս երկիրն ու ժողովրդին, մեզ ուզում են դարձնել մանկուրտ։ Սա շատ վտանգավոր է, թվում է, թե այնքան էլ խնդիր չէ, «Հայաստան» է կամ՝ «Հայոց», բայց ո՛չ, իրենք փորձում են այսօրվա փոքրիկ Հայաստանը օրինականացնել։ 

Սա ահավոր է, թվում է, թե միայն անվան փոփոխություն է, բայց ո՛չ։ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց նպատակները փորձում են իրականացնել այսօրվա իշխանությունների միջոցով ու հաջողում են։ Եթե կոչվեց «Հայաստանի պատմություն», նշանակում է մենք ամեն ինչով զիջում ենք մեր հայրենիքը թշնամուն։ 

 – Կարծում եք՝ հանրային դժգոհություն, ընդվզում կլինեն՞։

– Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ պահին մենք բորբոքվում ենք, մի քանի օր խոսում ենք այդ մասին, հետո էլ հանդարտվում ու համակերպվում ենք, ինչպես շատ բաների հետ մինչև այսօր համակերպվել ենք։

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ բուն մասնագիտական հանրությունը ինչո՞ւ մինչև վերջ չի պայքարում, չի բողոքում։

– Թող ինձ ներեն մեր մյուս ազնվագույն գիտնականները, բայց ովքեր մոտեցել են իշխանության կերակրատաշտակին, դարձել են անտարբեր։ Մենք այսօր ապրում ենք նյութի համար, ոչ թե հոգևոր գաղափարների՝ պետություն, հայրենիք, պատմություն, նման բան չկա, հակառակ դեպքում ինչպե՛ս կպատահի, որ մարդուն իր հայրենիքից զրկեն, մարդը լուռ համակերպվի դրա հետ։ Մտածում եմ, որ էլի հարմարվելու են, իսկ դա տանելու է կործանում: Անկեղծ եմ ասում, այդ անվան փոփոխությունը ենթադրում է բովանդակային փոփոխություն, հայրենիքի կորուստ, ինքներս մեր սեփական ձեռքով զրկում ենք մեզ մեր պատմությունից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am