Արարատ Միրզոյանը և Բաշար Ասադը քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակը

Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները:

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: