«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, պատերազմի ժամանակ և դրանից հետո իշխանությունների կողմից հնչել են հայտարարություններ, թե դավաճանության դեպքեր են եղել։ Եվ, չնայած այդ հայտարարություններին, քրեական գործեր, պատիժներ կարծես չկան։ Հասարակության մոտ հարցեր են առաջանում, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել պատերազմի օրերին, ի՞նչ խնդիր ուներ մեր բանակը։
– Իրականում խնդիրները շատ են։ Եթե խոսում ենք դավաճանության մասին, դավաճանությունը պետք է դիտարկենք որպես իրավական կատեգորիա։ Այսինքն՝ թե ՀՀ օրենսդրությունն ինչ է ընկալում՝ դավաճանություն ասելով։ Եվ այդ շրջանակում այդ հատկանիշներով հարուցված քրեական գործեր պետք է լինեն։
Այսինքն՝ ճիշտ չէ խոսել դավաճանության մասին, առանց քրեական գործերի, որոնց մասին մենք գոնե պետք է իմանայինք, որ հարուցվել են այդ գործերը։ Այդ ժամանակ մենք կհասկանայինք դավաճանության դեպքերը։ Այդ տեսանկյունից շատ դժվար է իրականում ասել՝ մենք գործ ենք ունեցել դավաճանությա՞ն հետ, թե՞ տարբեր այլ տիպի հանցագործությունների, այդ թվում՝ քրեական։
Մենք իրականում չունենք որևէ հիմք՝ ասելու՝ պետական դավաճանության հատկանիշներո՞վ են գործեր հարուցված, թե՞ այլ կապակցությամբ։Հաջորդ հարցն այն է, որ անգամ պատերազմի օրերին հանցագործություններ են կատարվել։
Մենք տեսանք օրերս, որ պատերազմի օրերին բարձրաստիճան գնդապետը կաշառքի դիմաց մի զորամասից մյուս զորամաս էր տեղափոխել զինվորներին, հնարավորություն էր տվել, որ թեժ կետեր չուղարկվեին։
Եթե նայենք, թե այդ իրավիճակում այս դեպքերն ի՛նչ ազդեցություն են ունեցել մարտական գործողությունների արդյունավետության վրա, իրականում լուրջ խնդիրներ են առաջացրել մեզ համար։ Եվ, կարծում եմ՝ դա միակ դեպքը չէ։ Ես չգիտեմ՝ այդ գործը պետական դավաճանության հոդվածով կգնա՞, թե՞ ոչ։
Մենք բազմաթիվ այլ դեպքերի մասին ենք լսում՝ պետական դավաճանության, ադրբեջանական կողմին տեղեկատվության տրամադրման և այլնի վերաբերյալ։ Սրանք ասեկոսեների մակարդակում մնացին, իրականում չհասկացանք, թե ի՛նչ հանգուցալուծում ունեցան։
Բանակում հանցագործությունները, քրեական մտածողությունը, բանակի անհիմն փակ լինելը՝ սրանք այն խնդիրներն են, որոնք ի վերջո բերեցին այն իրավիճակին, որում հայտնվել ենք։
Իրականում սա մեծ կոմպլեքս է, խնդիրների կոմպլեքսի հետ գործ ունենք։ Օրինակ՝ խոսում էինք կարգուկանոնի բացակայության մասին, այդ կարգուկանոնի բացակայությունը բերեց նրան, որ բանակը մարտունակ չէր։
Խոսում էինք կոռումպացված համակարգի մասին, երբ ծանոթ-բարեկամ-խնամիները պաշտոն էին ստանում, այդ մարդիկ, ովքեր արժեքային համակարգով սպա չէին, նրանք չէին կարողանալու մարտական խնդիրներ լուծել։ Նրանք առաջին հնարավորության դեպքում պետք է թողնեին դիրքերն ու փախչեին։
– Հրամանատարական միջին կազմի մասին էլ կան տարբեր տեղեկություններ, որ զորքը թողել ու փախել են։ Այս խնդիրները որտեղի՞ց են գալիս։
– Այո՛, իրականում մենք շատ խնդիր ենք ունեցել, բայց դա ընդամենը հետևանք է այն բանի, որ տարիներ շարունակ բանակի թեման տաբու է եղել։
Հենց բանակը քննադատում էինք կամ ասում էինք՝ մենք տեղյակ ենք, որ այսինչ սպան զինվորների նկատմամբ բռնություն է կիրառել, մեզ ասում էին՝ «ինչո՞ւ եք մեր սպաների պատիվը վարկաբեկում»։
Բանակը տաբու էր։ Եվ այդ տաբուն իրականում շատ վտանգավոր է, որովհետև է բանակը հեռու է պահում քաղաքացիական վերահսկողությունից, քաղաքացու աչքերից։
Այսինքն՝ ինչ-որ կեղծ պատրանք է ստեղծվում, ասում էինք՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք։ Ինչ-որ կեղծ պատկեր, իմիջ է ստեղծվում, որ՝ վերջ, մենք ունենք ամենամարտունակ բանակը, հանկարծ չքննադատեք։
– Եթե անգամ ամենամարտունակ բանակն ունեինք, դա չի նշանակում, որ խնդիրների մասին չպետք է խոսեինք, այդպես չէ՞։
– Այո՛, ամենալուրջ խնդիրը հենց այն է, որ ամենամարտունակ բանակն այն բանակն է, որը գտնվում է պառլամենտական ու քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո։
Եթե բանակի վերաբերյալ որևէ քննադատություն, որևէ վերահսկողություն չկա, ինքը ճահճանալու է, որ երկրի բանակն էլ ուզում է լինի։ Այդ մեխանիզմն է, որը բանակը դարձնում է մարտունակ, դարձնում է զինվորի համար ապահով տարածք, թափանցիկություն պետք է լինի։
Մի քանի տարի առաջ մենք անգամ չէինք կարողանում իմանալ, թե քանի՞ տոննա կարտոֆիլ է մատակարարվում բանակին, ումի՞ց։
Այդ թիվը գաղտնի էր, հիմնավորում էին, որ եթե իմանանք քանի տոննա կարտոֆիլ են գնում, կիմանանք, թե քանի զինվոր կա։ Բայց պատերազմական գործողությունների ժամանակ սկսեցին խոսել ու քննարկել այնպիսի բաներ, որոնք գաղտնիք էին՝ զորքի տեղաշարժի մասին և այլն։ Այսինքն՝ սա լրիվ աբսուրդ է։
– Այս պայմաններում, երբ կան տեղեկություններ ու հայտարարություններ, որ դավաճաններ են եղել, ոմանք փախել են դիրքերից, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի հասարակության մոտ հարցեր չառաջանան, ամեն ինչ թափանցիկ լինի։
– Ես փորձում եմ անընդհատ հետ գնալ հետհեղափոխական անցյալ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այս խնդիրները նոր չեն առաջացել, բոլորիս համար պարզ է, որ այդ խնդիրներն ունեն երկար տարիների պատմություն։
Եվ տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանը կամ նոր իշխանությունները երկու տարում ուղղակի չէին կարողանում ամբողջ խորությամբ այդ խնդիրները հաղթահարել։
Մյուս կողմից՝ շատ դժվար է չափել այն գործողությունները, որոնք նոր իշխանություններն արեցին՝ այդ խնդիրները լուծելու համար։
Այսինքն՝ մենք անընդհատ խոսում էինք վեթինգի, դատաիրավական համակարգը մաքրելու անհրաժեշտության մասին, որովհետև սրանք են այն ինստիտուտները, որոնք ի վերջո ապահովելու են քո երկրի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը։
Իրականում իշխանությունը ջանքեր չգործադրեց մինչև պատերազմը։ Եվ հիմա, ցավոք սրտի, ես տեսնում եմ, որ այդ ուղղությամբ գործողություններն էլի էն տեմպով չեն գնում, որով պետք է գնային։ Սա շատ լուրջ խնդիր է։
Այսինքն՝ հայտարարությունների մակարդակով իշխանությունը աղմուկ է բարձրացնում, խոսում է դավաճանների, պատրոնդավիթների մասին, որոնք բանակին անորակ զենք են մատակարարել, բայց իրականում շատ քիչ են այն գործողությունները, որոնք պետք է արվեն։
Այսինքն՝ հայտարարելու փոխարեն պետք է քրեական գործեր հարուցվեն, պետք է այդ համակարգից ազատվեն բոլոր այն մարդիկ, ովքեր այս իրավիճակի համար պատասխանատու են։ Օդում չպետք է հայտարարություններ լինեն, դրանք պետք է հիմնավորվեն, այնուհետև պետք է հետևեն պատիժներ, գործողություններ։ Մենք էլի տեսնում ենք, որ այդ անորոշության շղարշը կա։
Մեր խնդիրներից մեկը նաև այն է, որ մենք ապրել ենք միֆերով։ Բոլորս էլ գիտեինք, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է տարածքների վերադարձ։
Բայց փորձագիտական հանդիպումների ժամանակ մեր հայ փորձագետներն ասում էին՝ «դրա մասին մի խոսեք, դա կապ չունի իրականության հետ»։
Բայց փաստն այն էր, որ պաշտոնական բանակցությունների սեղանին այդ հարցերն էին դրված, այսինքն՝ մեզ սնուցել են միֆերով, ապրել ենք միֆերի աշխարհում։ Միֆ էր մարտունակ բանակի հարցը, աշխարհի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ձգտումը։
Հիմա էլ այդ միֆերը շարունակվում են։ Քաղաքացու, հասարակության հետ ուղղակի ազնիվ խոսակցության բացակայությունը բերում է նոր միֆերի առաջացման։ Իսկ այդ միֆերի վտանգն այն է, որ մենք՝ որպես հասարակություն, ունենում ենք ինչ-որ սպասելիքներ, որոնք չեն արդարանում։
Հասարակությունը, չունենալով համապատասխան տեղեկատվություն, հենց նույն հին իշխանությունները շատ հաճախ օգտվում են տեղեկատվական վակուումից և ինչով ասես լցնում են մարդկանց ուղեղները։
Սա էլ է վտանգավոր։ Անընդհատ լարվածության մեջ են պահում հասարակությանը, և սրա պատճառն այն է, որ իշխանություններն այսօր էլ ջանք չեն գործադրում սեփական հասարակության հետ անկեղծ խոսել, ասել՝ սա է խնդիրը։
Մինչև հիմա մենք չենք հասկանում, թե ի՛նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայող հայ զինծառայողների հետ։ Տարիներ շարունակ մեր բացթողումներն ու սխալները մենք նորից կրկնում ենք այսօր։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am