«Սա մի գործ է, որ ներպետական ատյաններում տնօրենները քիչ հավանական է, որ շահեն, եթե ջանքերին չմիանա ադմինստրատիվ ռեսուրսը». Հայկ Ալումյան

12-04-2017
16405 դիտում
«Սա մի գործ է, որ ներպետական ատյաններում տնօրենները քիչ հավանական է, որ շահեն, եթե ջանքերին չմիանա ադմինստրատիվ ռեսուրսը». Հայկ Ալումյան

Դպրոցների տնօրեններն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գործում առկա է վտանգ, որ եթե այս ոճով հայցեր ներկայացվեն դատարաններ և այդ հայցերը բավարարվեն, ապա հնարավոր է մենք շուտով ունենանք մի հասարակություն, որտեղ ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել ամենաակնհայտ խախտումների մասին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով 30 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանին դատի տալու հարցին:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ Վարչական դատարան հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ՝ պահանջելով 2 մլն-ական դրամ փոխհատուցում ու հրապարակային հերքում:

Նախքան ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կառույցը հրապարակել էր 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք փաստում էին, որ տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրել:

Ընդ որում, կան փաստեր, որ դրանք արվել են վերադաս մարմինների հրահանգով, տնօրեններն այդ ցուցակները մարզպետարաններ ու այլ կառույցներ են ներկայացրել: Հրապարակումից հետո ՀՀԿ-ական գործիչներն ու տնօրենները հայտարարեցին, որ օրենքով արգելված չէ որևէ քաղաքական ուժի օգտին ցուցակ կազմելը, եթե այդ աշխատանքը կատարվում է աշխատանքային ժամերից դուրս: Ըստ տնօրենների՝ իրենք հենց աշխատանքային ժամերից դուրս են զբաղվել այդ գործով:

Սակայն, ընտրություններից անմիջապես հետո, տնօրեններին պատժելու փոխարեն հենց վերջիններս դատական հայց ներկայացրեցին ընդդեմ բացահայտումներ արած կազմակերպության եւ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի: Իշխող ՀՀԿ-ն արդեն հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում՝ աջակցություն տնօրեններին։

Ստեղծված իրավիճակին այսօր անդրադարձել է նաև հանրահայտ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը՝ շեշտելով, թե  «Դանիել Իոաննիսյանը, ով փորձում է ուշադրության կենտրոնում պահել կաշառակերության ու անարդարությունների վերաբերյալ հարցերը, պետք է գովաբանվի, ոչ թե հետապնդվի»:

Ըստ Թանկյանի՝ եթե այս գործին մասնակցություն ունեցած դպրոցի տնօրեններն ամաչում են իրենց անհարիր արարքների բացահայտման համար, նրանք պետք է փնտրեն այն մեղավորներին, ովքեր իրենց այդ վիճակի մեջ են գցել, ոչ թե լրագրողի դեմ դուրս գան: 

Փաստաբան Հայկ Ալումյանն արձնագարում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ բացահայտումներից հետո իրավապահների կողմից տնօրենների մասով գործերին ընթացք չտրվեց:

«Առայժմ տեսանելի է, որ Գլխավոր դատախազությունն ընթացք չի տվել այն տվյալներին, որոնք տեղ են գտել այդ կազմակերպության բացահայտումներում: Այդ տվյալները բավարար էին, որպեսզի դատախազությունը հարուցեր քրեական գործ: Այնինչ, հրապարակումներից հետո այդ հրապարակումների հեղինակի նեղ անձնական տվյալներն ու ընտանեկան հարցերը հանվեցին ջրի երես, դրվեցին շրջանառության մեջ: Շատ լուրջ հիմքեր կան մտածելու, որ այդ տվյալները ջրի երես են հանվել հենց պետական կառույցների կողմից, որովհետև այդ տվյաներին տիրապետում էր ոստիկանությունը: Սա շատ վատ նախադեպ կարող է լինել»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ այս գործի շուրջ պետք է համախմբվի ողջ հասարակությունը:

«Եվ եթե մենք չենք ուզում ունենալ մի հասարակություն, որտեղ ոչ ոք չի համարձակվի ամենաակնհայտ բաները  բարձրաձայնել, ուրեմն մենք պետք է այս գործի շուրջ բոլորով համախմբվենք: Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ իրենց լեզուները կարճացնեն, բոլոր այդ քաղաքացիներին այս հարցը վերաբերելու է»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ եթե անգամ հայաստանյան դատական ատյանները հօգուտ տնօրենների վճիռներ կայացնեն, միաջազգային դատական ատյաններում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կարող է հասնել հաղթանակի, Ալումյանը նշում է.

«Սա մի գործ է, որ ներպետական ատյաններում տնօրենները, իմ գնահատմամբ, քիչ հավանական է, որ շահեն, եթե, իհարկե, իրենց ջանքերին չմիանա ադմինստրատիվ ռեսուրսը»:

Ըստ փաստաբանի՝ այս գործը շատ նման է Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործին, որտեղ Եվրոպական դատարանը նեղ մակարդակի բարձրացրեց մամուլի ազատության և խոսքի ազատության ինստիտուտը:

«ՄԻԵԴ-ն ասաց, որ մամուլի ազատությունը նրա համար չէ, որ բոլորի համար հաճելի տեղեկություններ տարածի: Այդ տեղեկությունները կարող են լինել ցնցող, ոչ այնքան հաճելի, անգամ շատ տհաճ, բայց այդ ամենը պետք է հանդուրժել և խրախուսել, որպեսզի հասարակության մեջ լինի բանավեճ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ: Եվ Միացյալ Թագավորությունը ճանաչվեց պարտվող հենց այն բանի համար, որ մասնավոր կազմակերպությունը, որը դատի էր տվել լրագրողներին, զբաղեցրել էր այդ մասնավոր կազմակերպության կողմը և լրագրողներին սահմանափակել էր: Հիմա այս գործի մեջ շատ հանգամանքներ եմ տեսնում որոնք, շատ նման են  Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ թագավորության գործին: Դրանից ելնելով էլ ես շատ լավատեսորեն եմ տրամադրված այդ գործի ընթացքի վերջնական լուծման հետ կապված՝ թե ներպետական ատյաններում, առավել ևս՝ Եվրոպական դատարանում»,- «Մեդիալաբին» ասում է Ալումյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am