«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում այդքան ձայն չպետք է ստանար, դրանք տեխնոլոգիական, փիար հնարքներով ձեռք բերված ձայներ էին»․ Հրանտ Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ձեզ համար սպասելի՞ էին խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

– Ինձ համար անակնկալ էր, որ Ռոբերտ Քոչարյանը այդքան ձայն ստացավ, դրանք տեխնոլոգիաների միջոցով ձեռք բերված ձայներ էին, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում այդքան ձայն չպետք է ստանար։

– Տեխնոլոգիական ձայներ ասելով ի՞նչ նկատի ունեք։

– Այսինքն՝ օգտագործած էր ամեն ինչ, որ էդ ձայները գար, այն սուտ PR տեխնոլոգիաների մասին է խոսքը, որ ազդեց էն լսարանի վրա, որ ի վերջո գնաց և ձայն տվեց։

– Իսկ ի՞նչ կասեք ձայների մեծամասնություն ստացած Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի մասին։ Ինչո՞վ եք այս աջակցությունը պայմանավորում։ 

– Մի մեծ մաս սիրում է Փաշինյանին, ոչ թե նրա համար, որ Փաշինյանը հուրի-փերի է, սիրում է, որովհետև Փաշինյանի գալով նույն գյուղացին, մանր առևտրականը ինչ-որ առավելություն են ստացել այս նոր կառավարության օրոք, կոռուպցիոն փոփոխություններ են եղել։ Իրենք իրենց մաշկի վրա ռեալ զգացել են փոփոխությունները։

Փոփոխությունները զգալու պատճառով է, չէ՞, որ ժողովուրդը դուրս եկավ մի լոզունգի տակ՝ հեռացի՛ր, հարսանիք արեց, ամբողջ երկիրը տոնեց մի հոգու գնալը։ Պատկերացրեք մարդկանց զզվածությունը հին համակարգից։ Անունները կարևոր չեն, համակարգը էնքան փտած էր, որ մարդիկ հոգնել էին, զզվել էին։ Էդ ձայն տվողները էն մարդիկ են, որ չեն ուզում երբևէ հինը վերադառնա։ Շատ մասը գնաց, հակառակ Ռոբերտ Քոչարյանին տվեց ձայնը։

– Մտավորականները «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով էին հանդես եկել ընտրություններից առաջ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Մտավորական խավ՝ որպես էդպիսին, չգիտեմ, ես ինքս երբեք ինձ չեմ համարել այդ խավի մաս, մանավանդ էսօր դաշտը էնքան բաց է թե՛ կարդալու, թե՛ ինֆորմացիա ստանալու, որ ցանկացած մարդ կարող է ինքնակրթվել, լսել ու կարդալ բազում տեղեկատվություն, գիտական հանդեսներ, առավելևս եթե մարդը տիրապետում է լեզուների։ Դա Սովետական Միության սարքած խավն էր, որով կառավարում էր մշակույթը, գիտությունը և այլն։ Այնպես որ, այդ խավը նույնքան հին է, ինչպես Սովետների մասին պատմվող փտած ու հնամաշ հեքիաթները: 

Ես չեմ կարծում, որ ֆրանսիացիները այսօր հիմնվում են ինչ-որ մտավորականների կարծիքի վրա, կամ անգլիացիները, կամ ճապոնացիները։ Ամեն մեկն իր սովորությունն ունի, ամեն պետություն ունեցել է տարբեր խավեր՝ ազնվականություն, արտիստական, քաղաքական հին ու նոր միջավայր, դրանք մարդիկ են, բայց մենք չունենք դա, սուտ խմբավորումներն ինձ համար ոչ մի բան են։ Սարի ծայրին նստած մտածող չոբանն ինձ համար կարող է ավելի վեհ ու թանկ մտածել։ Եթե մերօրյա մտավորականների մտածածին նայում ես, որպես օրինակելի՝ ավելի լավ է չմտածեն։ Ինքնիշխանության համար կռիվ չտվող մտածողների մտքերը քիչ հետաքրքիր են, եթե երկիրդ կիսագաղութացված է, որին ոչ պակաս մասնակից է հենց այդ խավը:

– Նիկոլ Փաշինյանը հավաքի ժամանակ համագործակցության և երկխոսության կոչ արեց ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին, սկսվել են հանդիպումները տարբեր ուժերի հետ։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի տեսնում հաշտություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ի՞նչ հնարավորություններ կընձեռեր բոլոր ուժերի համախմբումը։

– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, որ համագործակցության ձեռք է մեկնում բոլորին, հանդիպում է։ Մի բան եմ ափսոսում, որ պառլամենտ չմտան էն ուժերը, որոնք աշխարհի հետ առանց ՌԴ-ի ներկայության, կոնստրուկտիվ փոխհարաբերվելու կողմնակից էին: Նույն «Ազատ Հայրենիք» դաշինքը, Արամ Սարգսյանը, ԱԺԲ-ից բժիշկ Վահե Գասպարյանը, Եվրոպական կուսակցությունից Տիգրան Խզմալյանը, մարդիկ, որոնք կաշխուժացնեին ԱԺ աշխատանքային պրոցեսները: Առաջ նայող, առաջ գնացող, երկիրը այլ ճանապարհով տանելու ուժեր չմտան։

Կարծում եմ՝ ժամանակի հարց է։ Այսօր Նիկոլը ճիշտ է անում, որ համագործակցության ձեռք է մեկնում բոլորին և պիտի շարունակի դա։ Էդպես երկիրը կառավարելը ավելի դյուրին կդառնա։ 

Մենք դրսից էնքան հակառակորդ ու թշնամի ունենք, որ էսօր մեր տունը թուլացնել չի կարելի, գզվռտոցները անընդհատ կաթվածահար են անում երկիրը։ Մենք հետ ենք գնում, ժամանակ չկա, պետք է առաջ շարժվել, Արցախի հարցը լուծել միջազգային ատյաններում:

Ինձ համար ամենակարևորը մեր երկրի սուվերենությունն է, ռուսական, սովետական տրադիցիաների վերացումը, ի վերջո, ձեռք բերել քո կառավարման մշակույթը, մենք պիտի որոշենք, թե ինչպիսի քայլեր են պետք։ 

Կարևորը պետությունը լինի անսասան հիմքերի վրա կանգնած, պետք է հասկանալ, որ մշակույթին պետք է մեծ ուշադրություն դարձվի, ամեն ինչը պետք է մշակված լինի մեր երկրում, ինստիտուցիոնալ չի ոչ մի բան, ամեն ինչ անձերի վրա է։

Մենք պետք է ինստիտուտներ ձևավորենք, որոնք կաշխատեն բոլորի օրոք։ Ժամանակը ի վնաս մեզ է, բայց մենք կոնսոլիդացվելու և օրնիբուն աշխատելու խնդիր ունենք, որ երկիրը ոտքի կանգնի, առաջ գնա։

Ամենակարևոր բանը, որ տեղի է ունեցել, այն է, որ երրորդ անգամ ժողովրդավարական ընտրություններ տեղի ունեցան, սա ամենանշանակալի բանն է։

– Որոշ կուսակցություններ հակառակն են պնդում ընրությունների ընթացքի վերաբերյալ, ընդգծում են, որ դրանք զանգվածային խախտումներով են եղել, ոչ լեգիտիմ են և պատրաստվում են դիմել ՍԴ։

– Դա փրփուրից կախվել է, որովհետև երևում է արդեն երրորդ անգամ, առաջինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունն է այդպիսին եղել, հետո հեղափոխական ընտրությունը եղավ, սա երրորդ ընտրությունն էր, որ իսկապես ժողովրդավարական էր, ազատ էր ու առանց լցոնումների ու կաշառքների։ Փորձեր եղան, տարբեր տեղեր կարող է մանր-մունր բաներ եղած լինեն, բայց, ընդհանուր առմամբ, սա ժողովրդի ընտրությունն է, դրա հետ պետք է հաշվի նստել։ Ժողովրդի գնահատականին պետք է արժանանալ, դե, այսուհետ այնպես թող անեն, որ արժանանան։

– Ձեր խոսքում նշեցիք մշակույթի կարևորությունը երկիրը ոտքի կանգնեցնելու ու զարգացնելու համար։ Առաջնահերթ ո՞ր ոլորտներում այսօր իշխանությունը մեծ անելիք ունի։

– Կառավարիչներից ոչ մեկը մշակույթին ուշադրություն չդարձրեց։ Առանց մշակութային քաղաքականության, ռեֆորմների երկրում ոչ դպրոց, ոչ գիտություն, ոչ բանակ չենք կարող ունենալ։ Բանակի մշակույթ, զորամասի մշակույթ, աշխատանքի մշակույթ, տնտեսության, շինարարության և այլն՝ ոչինչ իր տեղում չէ։ 

Ես նայում եմ քաղաքաշինությանը, գյուղին, ամեն ինչին, անմշակ է, մշակել՝ նշանակում է օրնիբուն աշխատել։ 

Պետական կարևորության նշանակություն ունեն մեր լեզուն և մշակույթը։ Մենք դրան նշանակություն չենք տալիս, անընդհատ սխալվում ենք, ասում ենք՝ չստացվեց, իսկ չի ստացվում, որովհետև քո ամբողջ պետությունը մշակութային վերաբերմունք չունի, կառավարման, աշխատելու, մշակույթ չունի։

Բոլոր զարգացած երկրներում՝ Ճապոնիա, Գերմանիա, Ամերիկա, ամենաբարձր տեղում է գտնվում իրենց մշակույթը․․․ վարվելակերպի մշակույթ կա, դատական համակարգի մշակույթ կա, աղբահավաքման մշակույթ կա, գիտության մշակույթ կա՝ դարերից եկող։ 

Մենք տանուլ ենք տալիս անմշակ լինելուց, մենք պատերազմն էլ ենք տանուլ տվել անմշակ լինելու հետևանքով, մշակված չի եղել զորամասի, ջոկատի, հարձակման, պաշտպանության տակտիկան ու ստրատեգիան։ Ովքե՞ր են գեներալները, շատ անգամ գեներալի ուսադիր տվեցինք մարդկանց, որոնք տառ անգամ չգիտեն, մենք էդտեղ ենք տանուլ տվել, առաջին պատերազմում ովքե՞ր գնացին պատերազմ, մշակույթ, գիտություն, կրթություն ունեցող մարդիկ ղեկավարեցին Առաջին Արցախյան պատերազմը՝ Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե, Կոմանդոս և էլի շատերը: 

– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի վաղվա օրը։

– Ես լուսավոր եմ տեսնում մեր վաղվա օրը, կարծում եմ՝ մյուս տարվանից մեր ժողովուրդը ու բոլորս ավելի լավ կզգանք, ժամանակաշրջան է փոխվել, տիտանական մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Էսօր աշխարհը փոխվում է, տարածաշրջանում են տեղի ունենում փոփոխություններ, պետք է ճկուն լինել, կարծրացած մտածողներին չպետք է թողնել, որ քաղաքական դաշտ մտնեն իրենց դախությամբ։

Հայաստանը պետք է օրը 24 ժամ աշխատանք տանի տարիներ շարունակ, որ գա հասնի ու անցնի այսօրվա ժամանակակից երկրներից։ Մեր ներկա առաջնահերթ խնդիր եմ համարում սփյուռքահայությունից մասնագետներով ողողելը, պետականորեն որոշումներ ընդունելիս նրան մասնակից դարձնելը, համահայկական հսկա ներուժի միջոցով մենք պիտի ոտքի կանգնենք։ Սահմանադրությունն է հարկավոր փոխել: Պետք է դուրս գալ ՌԴ ազդեցության, նրա հետ կիսագաղութային հարաբերությունների ֆորմատից: 

Լավագույն մասնագետներին է պետք նշանակել պաշտոնների, ոչ թե ծանոթ- բարեկամի։ Բոլոր ոլորտներում մեզ լավագույն մասնագետներն են պետք։ Մենք հիմնարար փոփոխությունների, ոտքի կանգնելու խնդիր ունենք, իսկ ցանկացած նորի հիմքերը պետք է շատ ամուր դնենք։

Արփինե Արզումանյան

MediaLab.am