«Արվեստը սահմաններ չի ճանաչում, բայց մի ստվար զանգված ուղղորդում է մարդկանց» . Արգելված պտուղ՝ «Ոսկե ծիրանում»

09-07-2017
12971 դիտում
 «Արվեստը սահմաններ չի ճանաչում, բայց մի ստվար զանգված ուղղորդում է մարդկանց» . Արգելված պտուղ՝ «Ոսկե ծիրանում»

Հայաստանում նույնասեռականների մասին պատմող ֆիլմերի ցուցադրության դեմ ընդվզումը փաստում է, որ որոշ խմբեր ուղղորդում են հանրությանը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Փինք Արմենիա» ՀԿ նախագահ Նվարդ Մարգարյանը՝ անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրից ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմերի ցուցադրության արգելքի հարցին:

Նրա խոսքով` հատուկ որոշ խմբեր այս անձանց դեմ են գործում:

«Վերնագրից չի հասկացվում` այդ ֆիլմը ԼԳԲՏ թեմայո՞վ է, թե՞ ոչ: Այսինքն՝ ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր «Ոսկե ծիրանի» ֆիլմերի ֆանատները չեն, երբեք ծրագրի ֆիլմերը չեն դիտել, հատուկ բոյկոտում են այս թեմայով ֆիլմերը: Մինչդեռ արվեստը սահմաններ չի ճանաչում, բայց մի ստվար զանգված ուղղորդում է մարդկանց»,- «Մեդիալաբին» ասում է Նվարդ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային փառատոնի ծրագրից հանվել է «Հայացք դրսից և ներսից» ծրագիրը։ Այն հանելու հիմքում ընկած է եղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջ քաշված պայմանն առ այն, որ եթե ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմերը ծրագրից չհանվեն, նրանք չեղյալ կհամարեն ամբողջ ծրագիրը։ Արդյունքում՝ մոտ 39 ֆիլմ պարունակող ծրագիրն ամբողջությամբ հանվել է «Ոսկե ծիրան» փառատոնի շարքից։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտարարել էր, որ կինեմատոգրաֆիստների միության ղեկավարները, նայելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագիրը, որում ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմ կար, և հաշվի առնելով հասարակական աղմուկը, ասել էին, թե իրենք չեն կարող ցուցադրել այդ ֆիլմերը: «Ոսկե ծիրան-2017» միջազգային կինոփառատոնին ներկայացված էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին պատմող երկու՝ «Ծիրանի այգիներ» և«Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմերը: Այս ֆիլմերը պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13-ին:
«Փինք Արմենիան» նամակ է ուղարկել «Ոսկե ծիրան» փառատոնի հովանավորներին և գործընկերներին՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված իրավիճակի վրա: Նամակով հորդորում են գրաքննությունը վերացնելու լուծման տարբերակներ գտնել։

«Փինք Արմենիա» ՀԿ նախագահ Նվարդ Մարգարյանն ասում է, որ այս ֆիլմերի ցուցադրության արգելքը կինեմատոգրաֆիստների միությունից պատճառաբանել են հետևյալ կերպ. նման սգո պայմաններում չեն կարող նման ծրագիր հյուրընկալել իրենց դահլիճում: Իսկ սուգ ասելով՝ նկատի են ունեցել միության նախագահ Գևորգյանցի մահը: «Բայց հստակ երևում է, թե ինչի համար է նման որոշում կայացվել: Կոնկրետ մարդիկ են եղել, ովքեր իրենց հեռախոսահամարը գրել են «Ֆեյսբուքում», ասել են՝ զանգե´ք ու պահանջե´ք, որ այդ ֆիլմերը հանեն»,- «Մեդիալաբին» ասում է Նվարդ Մարգարյանը:

Նա նկատում է, որ ոչ թե հանրությունն է դեմ նման ֆիլմերի ցուցադրությանը, այլ մի ստվար զանգված, ովքեր ուղղորդված նմանօրինակ գործողություններ են անում:

«Ես չեմ ասի, որ հանրությունն այդքան անհանդուրժող է, պարզապես ուղղորդված անհանդուրժող է: Կոնկրետ խմբեր կան, որոնք ուղղորդում են, որովհետև նույն մարդիկ անընդհատ շահարկում են ԼԳԲՏ թեման: Ագրեսիան ուղղորդվում է կոնկրետ խմբերի կողմից, որոնք չգիտենք, թե ինչ շահեր են հետապնդում, շատ կասկածելի է այդ ամենը»,- նշում է Նվարդ Մարգարյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով`«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների և կինեմատոգրաֆիստների միության կողմից սա ակնհայտ անհանդուրժողականության դրսևորում է:

«Նաև պետք է նշել, որ սա վատ ճաշակի հետևանք է, այսինքն՝ արվեստի բնագավառի ներկայացուցչի վարքագծին ու մտածողությանն ամբողջովին հակասող, անհարիր մոտեցում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում Հայաստանի մշակույթի նախարարությունը՝ որպես պատասխանատու պետական մարմին, պետք է անպայման իր դիրքորոշումն ու կարծիքը հայտնի:

«Պետք է անպայման իրենց քննադատական գնահատականները հնչեցնեն, որ դա ամենևին հարիր չէ ժողովրդավարական երկրի բազմակարծության և բազմազանության սկզբունքին, և կոչ անեն այդ ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպել»,- ասում է իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է այս անձանց նկատմամբ հասարակության անհանդուրժող վերաբերմունքին, ապա Արթուր Սաքունցը սա իշխանությունների վերաբերմունքով է պայմանավորում:

«D.I.Y. ակումբի հրկիզման ժամանակ մենք տեսանք, որ հենց Ազգային ժողովի պատգամավորներն էին հանդես գալիս այդ ակումբը հրդեհողների պաշտպանի դերում: Դա ոչ թե հանրային խմբերի, այլ պետության քաղաքականության հետևանք է: Պետությունը ոչ թե հանդես է գալիս նման երևույթները քննադատողի դիրքերից, այլ կա´մ լռության է մատնում, կա´մ էլ խրախուսում դրանք»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am