Թուրքական ապրանքի ներմուծման արգելքը ուժեղացրել է բարոյական կողմը. մարդիկ նախընտրել են գնել հայկական արտադրանք, թեկուզ թանկ. Գագիկ Մակարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը

– Պարո՛ն Մակարյան, եթե փորձենք ամփոփել տարին, ի՞նչ տվեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը, և արդյոք այսօր տեսնում եք անհրաժեշտություն այդ արգելքը վերացնելու:

– Տնտեսական առումով, կարելի է ասել, թուրքական ապրանքների ներկրման արգելքը առավելություն գրեթե չառաջացրեց: Ներմուծողները, որոնք որպես բիզնեսի հումք ներկրում էին ապրանքներ, լրացուցիչ ժամանակ ու ռեսուրս ծախսեցին ու հարկադրված եղան այլ երկրներ գտնել՝ նման ապրանքները ներմուծելու համար:

Փոքր բիզնեսը որոշակիորեն տուժեց, որովհետև փոքր բիզնեսը չէր կարողանում մեծ քանակությամբ բերել, այլ բերում էր զամբյուղներով, պայուսակներով, և տրանսպորտային առումով հեշտ էր նրանց համար՝ տեղը գիտեին, մի քանի օրով գնում էին, վերցնում, բերում:

Բարոյական առումով այդ արգելքը ուժեղ ազդեցություն թողեց: Տարբեր վերլուծություններ կան, որ, օրինակ՝ հագուստի ոլորտում և այլն շատ մարդիկ նախընտրել են տեղական արտադրանքը: Կա վերլուծություն, որ տեղական արտադրանքը թեկուզ մի քիչ թանկ էր, բայց գնորդների 40 տոկոսը նույնիսկ այդ պարագայում, հայրենասիրական մղումներից ելնելով, նախընտրել է տեղականը գնել, որ տեղական արտադրանքը խթանվի: Այսինքն՝ բարոյական կողմը լավ ուժեղ է եղել:

Լավ կլինի, որ Կառավարությունը պահի այդ արգելքը, բայց բարոյական կողմի այս ուժեղությունը պետք է տեղափոխել տնտեսական դաշտ, որ տեքստիլի ճյուղն է՛լ ավելի զարգանա, աշխատատեղերը ավելանան, և հայկական արտադրանքը արտահանել:

Ընդհանրապես, Հայաստանի տեքստիլի ճյուղը շատ էր կախված Թուրքիայից, որովհետև հիմնականում կտորեղենը և հումքը բերվում էին այնտեղից: Թուրքականին փոխարինող երկրների մեջ, բացի ԵԱՏՄ-ից, մեծ նշանակություն ունի նաև Իրանը, որովհետև այդ երկրում գրեթե բոլոր նույն ապրանքները արտադրում են: Այսինքն՝ իրանական ապրանքները Հայաստան ներգրավելու աշխատանքները ևս պետք է ուժեղացվեն:

Իմ կարծիքով՝ պետք է շարունակի գործել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բայց զուգահեռ զարգացնել տեղական արտադրանքը և փորձել Թուրքիայի դերակատարությունը նսեմացնել՝ նաև փոխարինող երկրներ գտնելով:

Շատերը, ասեմ ձեզ՝ վերադասավորվել են շուկայում: Իհարկե, փոքր բիզնեսի համար այս արգելքը թանկ նստեց, բայց երբ փոքր բիզնեսը չի կարողանում Թուրքիայից ապրանք ներկրել, ստիպված գնում է Հայաստանի ներսում ներկրողներից: Պետությունը պետք է վերլուծություն կատարելով՝ պարզեր փոքր ու միջին ձեռնարկատիրության խնդիրը և կարգավորեր այն:

– Դուք ասում եք, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է պահպանել: Մյուս կողմից՝ բարձրագույն իշխանությունը Թուրքիայի հետ երկխոսությանն ուղղված քայլեր է իրականացնում: Ավելին, հայտարարվել է չարտերային թռիչքներ սկսելու մասին, և շատ հնարավոր է՝ մարդիկ գնան ու պայուսակներով այդ ապրանքը բերեն Հայաստան: Արդյոք հակասություն չկա, ի՞նչ կարծիքի եք:

– Իհարկե այդ գաղափարների միջև որոշակի կոնֆլիկտ կա: Բայց պետք է նկատի ունենալ, որ պետությունները երեք մակարդակով հաղորդակցվելու հնարավորություն ունեն՝ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական:

Մենք բարոյական հողի վրա սահմանափակեցինք տնտեսական հաղորդակցումը, քաղաքական ռևերանսներ են հիմա կատարվում՝ երկխոսության հնարավորության հույսով: Քաղաքական երկխոսությունը երբ կխորանա ու կհասնի որոշակի մակարդակի, դրանից հետո միայն կկայացվեն որոշումներ նաև դիվանագիտական հնարավոր հարաբերություն հաստատելու և տնտեսական ոլորտի վերաբերյալ:

Վերջին հաշվով Թուրքիայի հետ որպես գործընկեր պետք է շատ մանրամասն հասկանանք՝ ինչ ենք ակնկալում այդ գործընկերության շրջանակում: Նայեք, օրինակ՝ Թուրքիան տարիներ շարունակ ցույց չի տալիս Հայաստանի հետ առևտուր, նրանց պաշտոնական ցուցանիշներով Հայաստանի հետ առևտուրը այդ երկրում 0 է:

Ուղղակի հոգեբանական տեսանկյունից կարևոր էր փոքր բիզնեսի խնդիրները հասկանալը, քանի որ այդ ոլորտին որևէ կերպ կոմպենսացիա չարվեց: Փոքր բիզնեսը հագուստեղեն էր բերում քիչ-քիչ ու տոնավաճառներում վաճառում էր, կամ այլ մատակարարումներ էր իրականացնում: Հիմա ես կարծում եմ, որ եթե մենք փակել ենք ու շարունակում ենք փակած պահել, պետք է ներքին քայլեր իրականացնենք ու մեր կարիքների մասին հոգ տանենք:

– Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ու իրենց ազգային արժույթի հետ կատարվողի ֆոնին ներմուծման արգելքը վերացնելը կարո՞ղ էր տնտեսական օգուտներ բերել հայ տնտեսվարողներին:

– Տարիներ առաջ թուրքերն ասում էին՝ ձեր առևտուրը մեզ համար ծովի մեջ մի կաթիլ է: Եվ իսկապես՝ այդ երկրի տասնյակ միլիարդների հասնող արտահանման ցուցանիշների մեջ Հայաստան արտահանումը նրանց համար էական թիվ չէր: Բայց ազդեցություններ ստեղծելու համար կգնան ավելի մեծ էքսպանսիայի:

Ես կարծում եմ՝ եթե մենք հիմա թույլտվություններ տանք, ոչ թե միայն փոքր բիզնեսի շնորհիվ առևտրաշրջանառությունը զարգանար, այլ կարող է ավելի մեծ ներդրումներ կատարվեն, ու դա պետական քաղաքականություն դառնա: Օրինակ՝ արտադրությունների թուրքական մասնաճյուղեր ստեղծվեն Հայաստանում, ինչ-որ ներդրողներ հայտնվեն:

Բայց մեծ հաշվով կուզեի ընդգծել, որ պետք չէ թերահավատորեն վերաբերվել Թուրքիայի տնտեսությանը: Հիմա անընդհատ հայտարարվում է՝ այդ երկրում ինֆլյացիա է, Էրդողանի կառավարությունը ձախողում է և այլն: Բայց այդպես չէ, Թուրքիայի տնտեսությունը շատ հզոր է ու զարգանում է բոլոր ոլորտներում, այդ երկիրը մի շարք ոլորտներում ցուցանիշների առաջընթացի առումով աշխարհի հնգյակի մեջ է ու շարունակում է այդ դիրքերը պահել: Այնպես որ, պետք չէ այդ երկիրը թերագնահատել:

– Ձեր խոսքից ենթադրվում է, որ Հայաստանը տնտեսական դասեր չի քաղել թուրքական ապրանքների ներմուծման արգելքից, այսինքն՝ նպաստավոր դաշտ չի ստեղծվել, ապրանքների հայկական արտադրությունը բավականաչափ զարգացած չէ: Այդպե՞ս է:

– Այո՛, այո՛, այդպես է: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ Կառավարության ծրագրում կան պլանավորումներ, որոնց համաձայն՝ մի քանի ճյուղերի զարգացումը, աջակցության գործիքակազմը կբարելավվեն, և այդ ճյուղերի արտադրանքի արտահանումը պետական աջակցությամբ տեղի կունենա գալիք տարում: Այդ նպատակով էկոնոմիկայի նախարարությունում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Այսինքն՝ որոշակի դասեր, շատ փոքր, բայց քաղել են: Ես տեսնում եմ ցանկություն ու պլանավորում, ուղղակի պետք է այդ ծրագիրը վարպետորեն ու լավ իրականացվի: Ռեֆորմները, զարգացման ռազմավարությունները չպետք է լինեն թղթի վրա, անիրատեսական, այլ ուղղակի լինեն շատ կոնկրետ, դիպուկ, իսկ հնարավորությունները արագ ստեղծվեն: Մենք շատ հետ ենք, ու ժամանակը հիմնականում ծախսվում է բյուրոկրատական քաշքշուկի վրա, իսկ աշխարհում ամեն ինչ շատ արագ զարգանում, առաջ է գնում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am