«Բրյուսելյան արդյունքները չենք կարող շահավետ համարել. Հայաստանի ղեկավարը հրաժարվել է երկու կարևոր դիրքորոշումից». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, նկատի ունենալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը, արդյոք Հայաստանի համար շահավետ կարելի՞ է համարել եռակողմ հանդիպման արդյունքները:

– Չեմ կարող ասել, թե արդյունքները կարող ենք շահավետ համարել, որովհետև Հայաստանի ղեկավարն ակնհայտորեն հրաժարվել է մինչ այդ հայտարարվող երկու կարևոր դիրքորոշումից: Առաջին դիրքորոշումն այն էր, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովը պետք է ստեղծվեր միայն այն բանից հետո, երբ սահմանին համապատասխան միջավայր կձևավորվեր, բայց տեսանք, որ դա տեղի չունեցավ:

Ստեղծվում է հանձնաժողով, որի վերաբերյալ հատվածում կա նաև կետ սահմանային լարվածության նվազեցման վերաբերյալ, բայց դա, իմ կարծիքով, ավելի շատ Փաշինյանի դեմքը փրկելու համար է արվել:

Երկրորդ դիրքորոշումը, որից հրաժարվել է Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների սկսումն է: Տեսանք, որ հանձնարարականներ տրվեցին արտգործնախարարներին՝ խաղաղության բանակցությունները նախապատրաստելու համար, որևէ խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:

Այդ հայտարարության մեջ որևէ խոսք չկա նաև Լեռնային Ղարաբաղի ու ղարաբաղյան հակամարտության մասին, ու սա Եվրամիության երրորդ այդպիսի հայտարարությունն է, երբ այդ եզրույթները բացակայում են:

Շատ չեզոք բառապաշար է օգտագործված Փառուխի ու Քարագլխի վերաբերյալ սրացումների հատվածում, անատամ ինչ-որ ձևակերպումներ ենք տեսնում, մի խոսքով՝ այդ հայտարարության մեջ որևէ դրական բան չտեսա:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարն ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական կողմի հինգ կետից բաղկացած առաջարկությունները, որոնք Ադրբեջանը դնում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման հիմքում, և որևէ առաջարկություն, լրացումներ հայկական կողմից չի ներկայացրել:

– Դրա մասին դժվար է ու վաղ է խոսել, երբ խաղաղության պայմանագրի շուրջ բովանդակային բանակցություններ սկսվեն, այդ ժամանակ էլ կկարողանանք մեկնաբանել: Այս տեքստից դժվար է նման եզրահանգում անել, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը, օգտագործելով ուժային գործիքակազմ, ստիպել է Հայաստանին փոխել իր դիրքորոշումները:

Այս իրավիճակում գնալ սահմանազատման ու սահմանագծման՝ ի՞նչ կնշանակի:

– Բավականին վտանգավոր գործընթաց է լինելու, եթե հաշվի ենք առնում նաև, որ հանձնաժողովը երկկողմ է: Երկկողմանի ձևաչափը ևս համապատասխանում է Բաքվի շահերին. Ադրբեջանը վերջին շրջանում անընդհատ կոչ էր անում Հայաստանին երկկողմ բանակցություններ սկսել տարբեր հարցերի շուրջ, նույն դիրքորոշումն ունի նաև Թուրքիան:

Երկկողմ բանակցությունների պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել ուժային գործիքակազմ՝ Հայաստանին որոշակի զիջումներ պարտադրելու համար:

Պարո՛ն Գրիգորյան, եթե ամեն բան ընթանում է այնպես, ինչպես նախանշվել է երեկ եռակողմ հանդիպման ընթացքում, ապա այդ գործընթացը խաղաղության դարաշրջանի բացման մեկնարկ կարո՞ղ ենք անվանել, թե՞ դա այլ անուն ունի:

– Ինչպես կարելի է ինչ-որ գործընթաց խաղաղություն անվանել, եթե կողմերից մեկին պարզապես պարտադրում են որոշակի պայմաններ, ու դրանք պարտադրվում են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև նույն Եվրամիության կողմից:

Հանգամանքը, որ Եվրամիության տեքստերում չկա հիշատակում ԼՂ-ի ու ղարաբաղյան հակամարտության մասին, չափազանց մտահոգիչ է, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Եվրամիությունն իրեն դիրքավորում է՝ որպես արժեքների հիման վրա ստեղծված կառույց, ու այդ պարագայում անտեսել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանը սողացող էթնիկ զտման քաղաքականություն է վարում, իսկ դու այդ մասին անգամ չես էլ խոսում, իսկապես մտահոգիչ է:

Ըստ ձեզ՝ նույն Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ առանձին վերցրած Ռուսաստանի Դաշնությունը չե՞ն միջամտելու այս գործընթացներին:

– Տեսնենք, գիտենք, որ շուտով նախատեսվում են այցեր Մոսկվա արտգործնախարարի ու վարչապետի մակարդակով: Ռուսաստանը հիմա չափազանց զբաղված է Ուկրաինայով, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնի մեր տարածաշրջանում կատարվող գործընթացներին, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո կա հավանականություն, որ Մոսկվան կրկին կակտիվանա:

Այսինքն՝ հակված եք կարծելու, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, չի՞ թողնելու, որ այս հարցերը լուծում ստանան երկկողմ մակարդակում:

– Մոսկվան, այո՛, պատերազմի ավարտից հետո, վստահաբար ավելի է ակտիվանալու ու ստանձնելու է միջնորդական դերակատարությունը: Պարզ է, որ Ադրբեջանն օգտագործում է ուկրաինական այս ճգնաժամը որոշակի նպատակների հասնելու համար, դրա համար էլ պնդում է, որ հնարավորինս շուտ պետք է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am