«Իշխանության կողմից չվերահսկվող կաշառակեր բռնելով հնարավոր չէ ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ բազմապատկվող պայքար կա». փորձագետներ

18-07-2017
12639 դիտում
«Իշխանության կողմից չվերահսկվող կաշառակեր բռնելով հնարավոր չէ ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ բազմապատկվող պայքար կա». փորձագետներ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը համաձայն չէ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած թվաբանությանը, ըստ որի Հայաստանում կոռուպցիոն հանցագործության բացահայտումը բազմապատիկ աճել է:

«Իրականում էդպես չէ. 2015-ին գրանցվել է 16.475 հանցագործություն, որոնցից կոռուպցիոն գործերը 568-ն են, 2016-ին` 18.033 հանցագործություն, որոնցից 731-ն են կոռուպցիոն: Սա, իհարկե, բազմապատկում չէ: Մտահոգիչ է նաև մեկ այլ հանգամանք. շարունակվում է այն գործելաոճը, որ կոռուպցիայի հետ կապված քրգործերի առյուծի բաժինը ընկնում է հարկեր չվճարելու հոդվածին: Անցյալ տարվա 731 կոռուպցիոն բնույթի գործերից 216-ը հարուցվել են հարկեր չվճարելու համար»,-  «Մեդիալաբի» հետ զրույցում նկատում է փորձագետը:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն վերջերս խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հավաստիացրել էր, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն աճել է բազմապատիկներով:

«Երբ համեմատում ենք լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցագործությունները, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառք տալ, կաշառք վերցնել, կաշառքի միջնորդություն, տնտեսական բնույթի հանցագործություններ, ապա այս առումով մենք բացահայտումների բազմապատիկներով աճ ունենք»,- ասել էր Արթուր Դավթյանը, հավելելով, որ տնտեսական հանցագործությունների բացահայտման գծով շուրջ եռակի աճ ունենք:

Գլխավոր դատախազը նաև վստահեցրել էր, որ «վերջին տարիների ցուցանիշներն իրենց կրիմինալոգիական հետազոտությամբ ակնհայտորեն վկայում են մեր երկրում հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, այդ թվում նաև գրանցման, հաշվառման, վիճակի էապես բարելավման մասին»:

Խաչիկ Հարությունյանի դիտարկմամբ` եթե ավելացել է հարուցված գործերի քանակը, ապա ավելացել է  նաև կարճված գործերի քանակը. «2015-ին 462 գործ է կարճվել, 2016-ին` 608 գործ: Գործերի կարճման դինամիկան ևս ավելացել է, որը կարող է էլի ինչ-որ բաների մասին խոսել: Հնարավոր է՝ գործերը լավ չեն քննվել, այդ պատճառով են կարճվել»:

Մի խոսքով, չնայած գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրությանը` փորձագետը կոռուպցիայի դեմ պայքարի լավատեսության հիմքեր չի տեսնում:

«Լավատեսության հիմք կարող է լինել, եթե մամուլում հրապարակվող բարձրաստիճան պաշտոնյաների գործերին լուրջ ընթացք տրվի: Բայց զուտ թվաբանական աճին նայելով՝ ասել` սա ֆանտաստիկ արդյունք է, այդպես չէ, որովհետև պետք է նայել նաև շուրջ 200-ով աճած կարճված գործերին»,- «Մեդիալաբին» ասում է փորձագետը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար ևս տեսանելի չէ իշխանության արդյունավետ ու բազմապատկված պայքարը կոռուպցիայի դեմ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը ես կզգամ այն դեպքում, երբ պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի մասով իրական հետաքննություն սկսվի, այդ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցվեն և մեծ պատիժներ նշանակվեն, ինչպես, ասենք` ոչ եվրոպական, ոչ քաղաքակրթական օրինակ Իրանում եղավ, երբ անկախ այն բանից, որ նախագահի եղբայրն է, կարող է նրա դեմ քրեական գործ հարուցվել»,- «Մեդիալաբի» հետ զրուցում ասաց Իշխանյանը:

Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ թեև բուն կաշառքի գործով քրեական գործերի թիվը շատացել է, սակայն իշխանության օդիոզ դեմքերի դեմ քրեական գործեր չեն հարուցվում, թեև հենց նրանք են հասարակության մեջ հայտնի իրենց ճոխ ապրելակերպով` լինելով միայն պետական պաշոնյա:

«Հակառակը` նրանք դառնում են պատգամավոր, նախարար և այլն, իսկ ովքեր ձերբակալվում են, կարծում եմ՝ նրանք այնքան կարևոր ֆիգուր չեն իշխանության համար և չվերահսկվող կաշառք են վերցրել, որի համար խստորեն պատժվում են,- նկատում է իրավապաշտպանը, հավելելով,- սա նաև շատ գեղեցիկ փաստ է՝ ԵՄ-ին ցուցադրելու համար, թե տեսեք` կոռուպցիայի դեմ պայքարում ենք, մեզ ֆինանսապես աջակցեք»:

Իրական պայքարը կոռուպցիայի դեմ, ըստ իրավապաշտպանի, կլինի այն, որ Հայաստանի նախագահները, պաշտոնյաները, պատգամավորները չունենան իրենց բիզնեսը, իսկ իրական բացահայտումը այն, թե լինելով պետական պաշտոնյա, ինչպե´ս են այդքան գույք և ֆինանսական միջոցներ կուտակել:

«Իշխանության կողմից չվերահսկվող կաշառակեր բռնելով հնարավոր չէ ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ բազմապատկվող պայքար կա»,- նշում է Ավետիք Իշխանյանը:

Մարինե Խառատյան

MediaLab.am