«Մենք տեսնում ենք, թե ինչպես տասնամյակներով մարդկանց ոչնչացնում են՝ ձերբակալելով, սպանելով, դրդելով արտագաղթել». Տիգրան Խզմալյան

26-12-2017
5923 դիտում
«Մենք տեսնում ենք, թե ինչպես տասնամյակներով մարդկանց ոչնչացնում են՝ ձերբակալելով, սպանելով, դրդելով արտագաղթել». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

- Պարո՛ն Խզմալյան, նկատելի է, որ այս տարի Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի վատթարացավ, դրական փոփոխություններ կարծես չկան: Ի՞նչ է տեղի ունենում:

- Մենք հերթական անգամ անցումային շրջան ենք ապրում: Եվ այս անգամ անցումային շրջանը ոչ միայն մեզնից է կախված կամ մեր ներքին իրադարձություններով է պայմանավորված, այլ աշխարհում տեղի է ունենում հերթական մեծ փոփոխությունը: Դա կարելի է բնութագրել որպես Խորհրդային Միության երկրորդ և վերջնական փլուզում: Այն, ինչ կատարվեց 1990-ականների սկզբին, և ինչին մենք ականատես եղանք, չբերեց մեր իրական անկախությունը: Փաստն այն է, որ Հայաստանը հաղթեց պատերազմում, սակայն պարտվեց խաղաղության փորձություններին, և մենք մնացինք գաղութացված երկիր: Ներքին պայմանները չփոխվեցին, և դա շատ ծանր նստեց մեզ վրա: Հիմա մենք ականատես ենք ու մասնակից աշխարհի նոր իրադարձությանը, ուժերի նոր վերադասավորումների: Ռուսաստանը, որը մեր գաղութացման հիմնական պատճառն էր, հերթական անգամ նահանջում է: Եվ կարելի է ենթադրել, որ այս երրորդ նահանջը (առաջինը եղել էր 1918 թվականին, երկրորդը՝ 1990-ականների սկզբին) լինելու է շատ ավելի լուրջ և ջախջախիչ:

- Այսինքն՝ Ռուսաստանի դիրքերը թուլանո՞ւմ են:

- Անշուշտ, մենք դա ամեն օր տեսնում ենք: Եվ դրանով է բացատրվում Հայաստանի անկախացման ու ազատացման հնարավորությունը: Դրա ակնհայտ վկայությունն էր վերջերս Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը: Սակայն պետք չէ մտածել, որ մնացածն ինքնըստինքյան ստացվելու է:

Մենք մտնում ենք մի նոր շրջան, որի հիմնական տարբերությունը լինելու է այն, որ ամենակարևոր բաները նորից մեզնից են կախված, հասարակությունից, ոչ թե պետությունից, որովհետև մեր պետությունը փաստորեն չի կայացել, մենք պետք է կայացնենք: Կուսակցություններ չկան Հայաստանում, շարժումներ չկան, ամեն ինչ քանդված է, դա մեծ ողբերգություն է, բայց դրա մեջ էլ հենց մեծ հնարավորություններ կան, որովհետև կենսաբանական պատճառներով 1988-ի սերունդը հեռանում է ասպարեզից և իր տեղը զիջելու է նոր սերնդին:

Դա բնական գործընթաց է, և դրա դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Բայց մենք ականատես ու մասնակից կլինենք բավական դրամատիկ զարգացումների, որովհետև այս սերունդը, որը հիմա իշխանության ղեկին է, դիմադրելու է և շարունակելու է խլել մեր պատմական ժամանակը: Ինչո՞վ են բացատրվում պահի լրջությունը և լարվածությունը: Հասարակությունը դեռ պատրաստ չէ վերցնել սեփական ճակատագիրը իր ձեռքը, սակայն այլընտրանք չկա, այլընտրանքը ոչնչացումն է: Մենք նման շռայլություններ չենք կարող ցույց տալ:

- Այս տարի Հայաստանի հասարակությունը պայքարի առումով պասիվություն դրսևորեց, ինչո՞ւ: Կարծես մարդիկ անտարբեր են երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ և որպես լուծում են գտել արտագաղթը:

- Արտագաղթը բազմաթիվ պատճառների հետևանք է: Նախ` դա քաղաքական իրավիճակի և վարվող քաղաքականության հետևանք է: Կարելի է վստահորեն ասել, որ գաղութային վարչակազմը մեկը մյուսի հետևից տասնամյակներով իրականացնում էր արտագաղթը բռնագաթի տեսքով: Մարդկանց փաստորեն դրդում էին դուրս գալ: Մարդիկ չեն կարողանում սեփական երկրում սեփական աշխատանքով հանապազօրյա հաց վաստակել: Դա մեծագույն ողբերգություն է, և դրա հիմնական պատճառն այն է, որ մենք գաղութացված ենք, զրկված ենք կանոնավոր զարգացումից և նոր-նոր պետք է վերադառնանք բնականոն հուն: Եվ դա հնարավոր կլինի միայն եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհով, ռուսական գաղութացումից ազատվելու ճանապարհով: Այո՛, արտագաղթը, աղքատությունն ու անարդարությունը մեր ամենակարևոր ու գլխավոր թշնամիներն են, բայց այդ ամենը հաղթահարելի է:

Իսկ թե ինչո՛ւ է հասարակությունը պասիվ, որովհետև հասարակությունը գլխատված է: Բանն այն է, որ հասարակությունն ընդհանրապես չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Նորմալ երկրներում դրանով զբաղվում է քաղաքական դասը՝ կուսակցությունները, քաղաքական շարժումները, հասարակական կազմակերպությունները: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես տասնամյակներով մարդկանց ոչնչացնում են՝ ձերբակալելով, սպանելով, դրդելով արտագաղթել: Չմոռանանք, որ հեռացող մասը հիմնականում ամենաակտիվ ու աշխատունակ, ամբիցիոզ մասն է:

Գյումրին դրա լավագույն ապացույցն է:

Երբեմնի ամենաաշխույժ, անհնազանդ, պայքարող ու արժանապատիվ քաղաքը փաստորեն ենթարկվեց բարոյական ջարդի: Գյումրիի օրինակով դա երևում է շատ ցավալի ու ակնհայտ: Երևանը նույնպես արդեն Երևանը չէ, դա «Զվարթնոց» օդանավակայանին կից տարածք է, որտեղ բնակվում են կա՛մ մարդիկ, ովքեր պատրաստվում են արտագաղթել, կա՛մ նրանք, ովքեր շտապում են վերջին շալվարը հանել ու վաճառել, կա՛մ էլ նրանք, ովքեր օգտվում են այդ ամենից: Հայաստանը չկա, դա մեծագույն ողբերգություն է, բայց դա միաժամանակ ունի իր դրական կողմը: Դա այն է, որ մեզ սպասում է արմատական ու առանցքային փոփոխություն: Մենք ճանապարհի մեծ մասն անցել ենք, և եթե ստրուկները չըմբոստացան ու չազատագրվեցին, նրանք մեռնելու են: Այսինքն՝ այստեղ երկու ճանապարհ կա՝ վերադարձ համաշխարհային ընտանիք, որտեղ մեզ մեր սփյուռքն է սպասում, և երիտասարդների մուտքը իշխանության բոլոր ոլորտներ:

- Ներկա իշխանությունը պատրա՞ստ է զիջելու դիրքերը:

- Իհարկե պատրաստ չէ, բայց իրավիճակն ավելի բարդ է: Ներկա իշխանությունը խորապես պառակտված է, և այնտեղ կա մարդկանց ստվար մի զանգված, որը դիմադրելու է: Նրանք դատապարտված են, շուտով սկսելու են հեռանալ, արդեն նրանց հեռացնում են: Ավելի վտանգավոր են ոչ թե չարաբաստիկ մականուններով հին օլիգարխները, այլ այն երիտասարդները, ովքեր իրենց հետ բերելու են այն չեկիստական ցինիզմը, որը նրանց հիմա դրդում է կաշի փոխել և իրենց հայտարարել եվրոպացիներ՝ չկրելով ժողովրդավարության որևէ նշույլ: Նրանք շատ արագ կերպարանափոխվում են՝ փորձելով մնալ իշխանության ղեկին: Ա՛յ նրանք իսկապես վտանգավոր են, խոսքը կոնկրետ մարդկանց մասին է: Եվ հիմնական պայքարը լինելու է հենց նրանց դեմ: Կկարողանա՞նք նրանց հաղթել, մենք շատ արագ այդ դեպքում կվերադառնանք քաղաքակրթության գիրկը, և մեզ իսկապես փայլուն ապագա է սպասում՝ շատ արագ փոփոխությունների շնորհիվ:

- Իսկ հնարավո՞ր է փոփոխությունները լինեն զենքի գործադրմամբ, հասարակությունը զինված ապստամբության դիմի:

- Ո՛չ, զինված ճանապարհն այլևս սպառված է, որովհետև մենք տեսանք և՛ մեր, և՛ մեր հարևանների սեփական փորձով, որ մեզ համար այդ ճանապարհը փակ է: Ճանապարհը քաղաքական է լինելու, ճիշտ է, դա չի արագացնի գործընթացները, բայց այդ գործընթացները կդարձնի ավելի խոր, հստակ ու կայուն: Ցանկացած խումբ, որը կփորձի ուժով փոխել իրավիճակը, զենքի ուժով, արյուն թափելով, անմիջապես դառնալու է այն վիշապը, որի դեմ պայքարում ես: Դա հին հայտնի առասպելի բանաձևն է՝ վիշապին սպանողն ինքն է դառնում վիշապ:

Դա չի նշանակում, որ վիշապի դեմ չպետք է պայքարել, ուղղակի պայքարի ձևը բոլորովին այլ է: Մենք պետք է մեր մեջ վիշապին սպանենք, ամեն մեկի մեջ կա այդ փոքրիկ վիշապը, որը նշանակում է յուրայինի հանդեպ հարգանքի բացակայություն, բռնության գերադասում, իշխանության չարաշահում և այլն: Մենք պետք է դառնանք այն, ինչ իրականում կայինք, պետք է թոթափենք մեզ ստրկացնող գաղութարարների ժառանգությունը: Մենք, ցավոք, Օսմանյան Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի ժառանգներն ենք:

Դա մեր մեջ է, այդ ժանգը պետք է մաքրել: Իսկ դա զենքի ուժով չի արվում, արվում է դաստիարակությամբ, կրթությամբ, աշխարհի հետ շփման միջոցով: Մենք ունենք հսկայական առավելություն` սփյուռքը: Ինչպես 1980-ականների կարգախոսն էր՝ «Միացում Արցախի հետ», հիմա Հայաստանը պետք է միանա սփյուռքի հետ, դա մեր փրկությունն է: Իզուր չէ, որ հիմա ներկայիս իշխանություններն ամեն ինչում մեղադրում են սփյուռքին, հենց սփյուռքն է դարձել նրանց համար մեծագույն վտանգ, որովհետև սփյուռքում միլիոնավոր երիտասարդներ, որոնք ավարտել են աշխարհի լավագույն համալսարանները, կարող են մեկ օրվա մեջ վերադառնալ և իրենց հետ բերել նոր քաղաքակրթական մշակույթ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am