Կեցցե՜ թագավորը, կամ մոգերի Galette de Rois-ի օրը. «Ալամեզոն» Բլոգ

08-01-2018
2175 դիտում
Կեցցե՜ թագավորը, կամ մոգերի Galette de Rois-ի օրը. «Ալամեզոն» Բլոգ

Հունվարի 6-ին Կաթոլիկ եկեղեցին նշում է Աստվածհայտնության տոնը։ Տարիներ առաջ ես դա իհարկե չգիտեի։ Եվ երբ սկեսրայրս առաջին անգամ թղթե թագով «գաթան» բերեց, շատ զարմացա. ի՜նչ մի հանդիսավորություն։

Հետո իհարկե պարզեցի` հետաքրքիր թխվածք է, ֆրանսերեն կոչվում է Galette de Rois, թագավորական, իսկ ավելի ստույգ` մոգերի թխվածք։ Այդպես կաթոլիկները որոշել են երեք մոգերի պատվին խմորեղեն ունենալ։

Դա կլոր թխվածք է ընկուզեղենի (նուշ, ընկույզ) հիմքով խիտ կրեմով, (նաեւ խնձորի միջուկով) սա ընդունված է Ֆրանսիայի հյուսիսային նահանգներում, իսկ հարավում այն հացաբուլկեղենի տեսքով է, որի վրա կան նաև մրգերի չրեր։

Իսկ յուրահատկությունն այն է, որ մեջը լինում է կամ կոպեկ, կամ այլ փոքրիկ արձանիկ (երբեմն Հիսուսի, երբեմն այլ թեմայով )։ Հնում ավելի տարածված է եղել լոբու հատիկը։

Այսօր, երբ այդ թեմայով զրույցի բռնվեցի հացավաճառի հետ, նա էլ զարմացավ, որ մենք ունենք նմանատիպ գաթա, որի մեջ նույնպես կոպեկ ենք դնում։ Այն կրոնական իմաստ չունի, բացառությամբ Մեծ պահքի 24-րդ օրը՝ Միջինքի ժամանակ, երբ մեզ մոտ էլ է ընդունված պահքի գաթայի մեջ կոպեկ դնել։

Դեհ, իսկ այս տարի, երբ ամուսինս կտրում էր գալետը, արձանիկը երևաց անմիջապես կտրած կտորի վրա։ Նա էլ թագը, որ վաճառվում է գալետի հետ, դրեց գլխին, և մենք էլ գոչեցինք` կեցցե՜ թագավորը: 

Սա ոչ միայն Ֆրանսիայում է ընդունված, այլև Բելգիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և ԱՄՆ-ի հարավարևելյան հատվածում։

Գալետն բավականին թանկ արժե այստեղ՝ շուրջ 17-20 եվրո, սակայն այնքան էլ բարդ չէ տնային պայմաններում պատրաստելը։ 

Ահա գալետ պատրաստելու բավականին հեշտ տարբերակ.

Անհրաժեշտ են` 

2 գունդ շերտավոր խմոր

100 գ նուշի փոշի (շատ լավ մանրացված նուշ, կարելի է մանրացնել բլենդերով)

75 գ շաքարավազ

1 հավկիթ և 1 հավկիթի դեղնուց

50 գ կարագ

Կլոր տապակի մեջ դնել շերտախմորի առաջին գունդը, պատառաքաղով մի քանի տեղ ծակծկել:

Մեկ ուրիշ ամանի մեջ խնամքով խառնել նուշի փոշին, փափուկ կարագը, հավկիթը և շաքարավազը այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։ 

Զանգվածը լցնել տապակի մեջ դրված շերտախմորի վրա, հարթեցնել, վրան դնել շերտախմորի երկրորդ գունդը, դանակի բութ մասով գծային նախշեր անել գալետի վրա։ Քսել դեղնուցը և դնել ջեռոցում (210 աստիճանի տակ թխել մոտ 35-40 րոպե):

Դե հա, հո չմոռացա՞ք, անպայման մի կոպեկ դրեք և թագ պատրաստեք գտնողի համար։ Չէ՞ որ այս տարի գտնող «թագավորը» կամ «թագուհին» մյուս տարի ինքն է վճարելու խմիչքի և գալետի համար:

Բարի ախորժակ:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog