«Արդեն սահմանին ենք հասել ու անցել, սա ինքնասպանության ճանապարհ է». Կարինե Դանիելյան

26-01-2018
11881 դիտում
«Արդեն սահմանին ենք հասել ու անցել, սա ինքնասպանության ճանապարհ է». Կարինե Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։

- Տիկի՛ն Դանիելյան, օրերս տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ախթալայի պղնձամոլիբդենային հանքավայրի թափոնը լցվում Դեբեդ գետը։ Ինչո՞ւ մինչ օրս խնդրին լուծում չի տրվել, ովքե՞ր են պատասխանատուները։

- Մեր բոլոր բաց հանքները, ինչպես նաև պոչամբարները ուղղակի քաղցկեղի նման ծածկել են երկիրը և, հատկապես, Լոռին ու Սյունիքը։ Այսօր Ախթալան է, վաղը մյուսը կարող է լինել։ Ախթալայի հետ կապված, արդեն որերորդ անգամ տեղեկանում ենք, որ արտահոսք է լինում, ընդ որում, այդ արտահոսքը նաև դպրոցի բակ է գնում, շատ բանուկ տեղեր և հետո` գետը։ Այդ արտահոսքը կարող է հագեցած լինել ծանր մետաղներով, այլ թունավոր նյութերով: Ակնհայտ է, որ դա միշտ վտանգավոր է, և մենք անընդհատ բարձրաձայնում ենք։ Նույնիսկ Կառավարության ընդունած հանքարդյունաբերության զարգացման հայեցակարգում գրված է, որ մենք հանքերի օգտագործման որևէ դրական փորձ Հայաստանում չունենք, և դա իրոք այդպես է, որովհետև ամբողջ նպատակն է որքան հնարավոր է արագ գումար կորզել՝ չմտածելով ո՛չ շրջակա միջավայրի, ո՛չ բնակչության առողջության մասին։

- Ըստ էության, չկա՞ որևէ պատասխանատու, որը պետք է կանխի այս հանցագործությունը։

- Իհարկե, նախ ի սկզբանե, երբ թույլտվությունը տրվում է, և այդ նախագծերը հաստատվում են, շատ քիչ ուշադրություն է դարձվում բնապահպանական հիմնախնդիրներին՝ մենակ թե արագ-արագ ձևակերպեն ու սկսեն քանդել։ Իսկ հետո անգամ այն նորմերը, որոնք նշված են լինում այդ նախագծերում, դրանք էլ չեն պահպանվում։ Բնապահպանության նախարարությունը պետք է դա վերահսկի, բայց, իհարկե, միայն նախարարությունը դա անել չի կարող, պետք է քաղաքական կամք լինի Կառավարության կողմից, իսկ վերաբերմունքն այդպիսին չէ։ Վերաբերմունքն այնպիսին է, որ եկեք որքան հնարավոր է քանդենք ու փող հանենք։

- Փաստորեն, մենք այս խնդիրն ունենք ոչ միայն Ախթալայում, այլև ցանկացած հանքի՞ դեպքում։

- Այո՛, մենք անընդհատ, պարբերաբար, տեղյակ ենք լինում, որ հիմա այս պոչամբարից արտահոսք եղավ, այնտեղ պայթյուններ եղան, բաց հանքի պայթյունների ժամանակ աղտոտվածություն եղավ և այլն։

- Ամենաշատը այս առումով ո՞ր մարզերն են խոցելի։

- Հատկապես Լոռին ու Սյունիքը։

- Այդ թափոնների համար պետք է հատուկ գործարաններ ստեղծվեին, պետք է հատուկ մշակում անցնեին։ Հայաստանում բոլո՞ր հանքերն են բաց եղանակով շահագործվում։

- Մեր բոլոր հանքերը, ցավոք, բաց են, և ռիսկերն ու վնասը առավելագույնն են։ Առավելևս այսօրվա անկայուն կլիմայական, անկայուն մոլորակի պայմաններում, երբ չգիտես` որտե՛ղ կլինեն երկրաշարժեր, որտեղ` սելավներ, հեղեղումներ և այլն։ Եվ այդ բաց հանքերն ու պոչամբարները շատ մեծ ռիսկեր են պարունակում։

- Հիմնականում հանքերը շահագործվում են միջազգային կազմակերպությունների ու դոնորների կողմից, որոնք ամենաճիշտը պետք է օգտագործեին հանքերը, փաստորեն, նրա՞նք էլ են թերանում իրենց աշխատանքում։

- Մեզ մոտ օրենսդրությունն այնպիսին է, կարգավորող նորմերն այնպիսիք են, որ շատ մեծ հնարավորություններ են տրվում ուշադրություն չդարձնել շրջակա միջավայրին։ Ճիշտ է, շահագործողները միջազգային կազմակերպություններ են, բայց մեր օլիգարխները դրանց մասնակից են։

- Այսինքն՝ մեր օլիգարխների մասնակցությա՞մբ է այս ամենը տեղի ունենում։

- Որքան գիտեմ՝ այո՛։

- Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, 10-15 տարի հետո ինչպիսի՞ն կլինի իրավիճակը։

- Ես հույս ունեմ, որ այսպես չի շարունակվի, որովհետև արդեն սահմանին հասել ու անցել ենք։ Սա ինքնասպանության ճանապարհ է։

Մանե Հարությունյան

MediaLab.am