«Ես ամեն րոպե սպասում եմ, որ ինձ կգնդակահարեն։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է». Վալոդյա Ավետիսյան

21-03-2018
4302 դիտում
«Ես ամեն րոպե սպասում եմ, որ ինձ կգնդակահարեն։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է». Վալոդյա Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ազատամարտիկ Վոլոդյան Ավետիսյանը, ով ի նշան բողոքի մարտի 21-ից նստացույց է անում Ազատության հրապարակում:

-Պարոն Ավետիսյան, ի՞նչ ուղերձ եք հղում նստացույց անելու քայլով:

-Իմ պահանջն այն է, որ թույլ չտանք Սերժ Սարգսյանի վերարտադրումը: Բայց միայն Սերժ Սարգսյանի մասին չէ  խոսքը, ՀՀԿ բանդայի վերարտադրության դեմը պետք է առնել: Հայաստանը պետք է լինի առանց քաղբանտարկյալների: Ժողովուրդը պետք է դուրս գա բողոքի, այսօր դուրս կգա, թե հինգ տարի անց, չգիտեմ: Ես ուզում եմ, որ մենք օրենքի երկիր ունենանք, այսօր թալանում են մեր հանքերը, երկիրը, ժողովրդին սնանկացրել են, մարդիկ տոկոսների տակ են: Այնպիսի վիճակ է ստեղծվել երկրում, որ ոչ մի տարբերակ չկա լավ ապրելու, գոյատևելու, անվտանգ լինելու համար: Այս իշխանությունները խառնաշփոթ են ստեղծել երկրում:

-Դուք հրապարակում եք, մարդիկ ոտքի չեն կանգնում, ո՞րն է լուծումը: Նախկինում էլ մենք նստացույցեր ու հացադուլ անող գործիչներ ունեցել ենք, բայց ոչինչ չի փոխվել:

-Մարդիկ ոտքի վրա են, մնում է միավորվեն: Մի օր կմիավորվեն, բայց երբ, չգիտենք: Այս ամենի լուծումն այն է, որ երկու միլիոն մարդ, Հայաստանի բնակչությունը, մարզերից սկսած, պետք է դուրս գա փողոց ու այս իշխանությանը փոխի: Երկրոդ տարբերակ դժվարանում եմ ասել: ՀՀԿ-ն ասում է, թե ժողովրդի մեծամասնությունն իրենց ընտրել է, բայց նման բան չկա: Իրենց ոչ ոք չի ընտրել, կաշառքով էլ չեն ընտրել, թիվ են նկարել ու հայտարարում են: Մենք իրենց չենք հավատում, ժողովուրդն այսօրվա իշխանության ոչ մի խոսքին չի հավատում: Սերժ Սարգսյանն ասում է, որ 4 մլն մարդ պետք է ապրի Հայաստանում, բայց իր այդ հայտարարությունից հետո արդեն ևս 10 հազար հոգի հեռացել է Հայաստանից: Մարդ, եթե նման հայտարարություն է անում, վաղը պետք է ցույց տա, որ երկրում բնակչությունն ավելացել է: Հո ասելով ու սուտ խոսելով չէ: Եթե նախագահը սուտ է խոսում, վերջացավ այս երկիրը:

-Իսկ ինչո՞ւ ձեր ասածը չի իրականանում, ինչո՞ւ մարդիկ ոտքի չեն կանգնում: Դժգոհողները կարծես արտագաղթի ճամփան են ընտրել:

-Որովհետև շատ ընդդիմադիրներ եկան, չդիմացան գայթակղությանը, ծախվեցին, ժողովուրդն էլ հիասթափվեց: Ես իմ տեղում իմ չափով պայքարում եմ, չեմ պատրաստվում ծախվել, ես ինձ չեմ վաճառում: Եթե հայ մարդն ուզում է իր երկիրը փրկել, չպետք է գնա արտագաղթի ճանապարհով:

-Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում չհերքեց, որ հնարավոր է վարչապետ դառնալ: Ինչո՞ւ է նա ձգտում պաշտոնի մնալ:

-Ինչո՞ւ, որպեսզի իր թալանը մարսի: Եթե նա իշխանությունը զիջի, իր մարդկանց պետք է զիջի, որպեսզի չկանչեն դատարան, պատասխանատվության չենթարկեն: Այս մարդիկ այս երկիրը թալանել են, քանդել են: Նրանց խղճին բազմաթիվ հանցագործություններ կան, առավոտվանից երեկո հանցագործություն են անում:

-Մինչև երբ եք պատրաստվում նստացույց անել:

-Երեք-չորս օր կմնամ Ազատության հրապարակում: Սրանով փորձում եմ մարդկանց համախմբվելու կոչ անել: Եթե կան ընդդիմադիր գործիչներ, թող համախմբվեն: Այսօր կոչեր են հնչում, որ չպետք է թույլ տանք, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի: Նիկոլ Փաշինյանը, «Հանուն Հայաստանի փրկության» ճակատը նման կոչեր անում են: Ես կոչ եմ անում բոլորին, որ անձնական ամբիցիաները դնեն մի կողմ, ելնեն ոտքի, որպեսզի մեր երկիրը փրկենք:

-Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման: Այս դատավճիռը սպասելի՞ էր ձեզ համար, և ինչո՞ւ իշխանությունը որոշեց այսքան խիստ պատժել նրան:

-Եթե մարդ դուրս է գալիս փողոց, սկսում է համախոհներ հավաքել, որպեսզի պայքարի այս անօրինականության դեմ, նրան բռնում են: Միշտ էլ ինչ-որ մի գործ  սարքում են, ամեն ինչ անում են, որ այդ մարդուն կոտրեն, փչացնեն, որ ժողովուրդն այլևս այդ մարդու հետևից չգնա: Այդպես եղավ Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի դեպքում, ովքեր դավաճանեցին ժողովրդին, հիմա այնտեղ նստած ուտում են: Այս մարդիկ էլ այն տղերքն են, ովքեր երկրի համար արյուն են թափել: Շատ ազատամարտիկներ կան, որ ծախվեցին, չդիմացան գայթակղությանը, փողերը տեսան ու ծախվեցին:

-Ժիրայր Սեֆիլիյանին ինչի՞ համար չներեցին իշխանությունները:

-Անհնազանդության համար չներեցին: Սերֆիլյանը չի ենթարկվում իշխանություններին: Իսկ ովքեր հավաքված են Սերժ Սարգսյանի շուրջը, ենթարկվում են նրան: Իշխանությունների մեջ վախ կա: Քանի որ Սերժ Սարգսյանը բոլորին «քցել» ու խաբել է, մտածում է, որ իրեն էլ կխաբեն, ինչը նորմալ է այդ մտածելակերպի մարդու համար: Ես ամեն րոպե սպասում եմ, որ ինձ կգնդակահարեն: Այս պայքարի համար կարող են իմ վրա էլ գործ սարքել կամ սպանել: Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am