«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է կրճատել զոհերի թիվը բանակում, սա շատ մտահոգիչ է և յուրաքանչյուր ընտանիքի է սպառնում». իրավապաշտպան

09-05-2018
7553 դիտում
«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է կրճատել զոհերի թիվը բանակում, սա շատ մտահոգիչ է և յուրաքանչյուր ընտանիքի է սպառնում». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մի տեսակ ստվերվում են բանակում տեղի ունեցող մահվան ելքով դեպքերը։ Արդյոք այս իմաստով չպե՞տք է լուրջ վերանայումներ կատարել, հաշվի առնելով, որ փաստորեն, բանակում վերջին երկու մահվան դեպքն էլ փորձ է արվում ներկայացնել որպես ինքնասպանություն։

- Սա բանակի առօրյա վիճակն է։ Ուղղակի այս հեղափոխությունը չի հասել զինված ուժերի փակ համակարգ։ Եվ քանի որ կառույցի ղեկավարն էլ ՀՀԿ-ական է, որը փակ է պահում բանակն այս ընթացքում, և, որքան հասկանում եմ, գերադասում են կոծկել գործերը, քան բացել հանրության առջև։ Սեյրան Օհանյանի ժամանակ կարողացել էինք հասնել որոշակի առաջխաղացման որոշ հարցերում, բայց պաշտոնն ստանձնելուց հետո Վիգեն Սարգսյանը ոչինչ չի արել բանակում ինչ-որ բան փոխելու ուղղությամբ։ Մենք չենք տեսել, որ որևէ մահվան դեպքի հարցով նա ինչ-որ բացատրություն տա հանրությանը։

Նույնը այս դեպքում է։ Նա երբևիցե չի գնացել դեպքի վայր։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ազդեցություն կունենա դեպքի բացահայտման առումով, եթե նա գնա դեպքի վայր և փորձի պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Հիմա էլ երկու օրում երկու հաղորդագրություն են տարածում, որ մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դի։ Դա հաղորդագրություն տարածելու խայտառակ որակ է։ Նման բան կարող են տարածել ադրբեջանցիները հայերի մասին։ Անտարբերություն է բացարձակ, և ինձ համար արդեն պարզ է, որ այդպիսի հաղորդագրության շարունակությունն այն է լինելու, որ ինքնասպանություն է ձևակերպվելու։ Եվ հենց այդպես էլ լինում է։ Ես կարող եմ հիմա մի հայտարարություն անել, որ Լևոն Արսենի Թորոսյանի մարմնի վրա դիահերձման ժամանակ հայտնաբերվել են բռնության դեպքեր։

- Այսինքն՝ ինքնասպանության վարկածը մերժվո՞ւմ է։

- Այո, շատ հավանական է, որ այդ վարկածը պետք է հերքվի։ Այսինքն՝ կեղծ վերաբերմունք, շինծու մեղադրանքներ և նախարարի ու մյուսների կեղծ ճառերը, թե փողերը հավաքելիս մտածեք սահմանին կանգնած զինվորի մասին, բայց հիմա մենք չենք տեսնում նրա մտահոգությունը զինվորի մասին։ Շատ ցավալի է երկու օրվա ընդմիջումով ունենալ մահվան հաջորդ դեպքը, երիտասարդներ են, ինչո՞ւ եք տանում, սպանում բանակում։ Նույնիսկ ՊՆ-ից կարծիք եմ լսել, որ ասում են՝ մենք ի՞նչ անենք, որ երկու զինվոր իրար սպանում են։ Այսինքն՝ այդ աստիճանի անպատասխանատվություն է տիրում բանակում։ Ես շատ ուրախ եմ, որ այս հեղափոխությունը կարող է շատ բան փոխել բանակում։ Ես վստահ եմ, որ պետք է փոխվի նաև նախարարը։ Արդեն երկրորդ տարին է, որ նա նախարար է, և չենք տեսել, որ այդ նախարարը, բացի այդ կեղծ գաղափարներից՝ «Ազգ-բանակ», «Պատիվ ունեմ», որևէ իրական բան փոխի։ Մենք տեսել ենք, որ Վիգեն Սարգսյանը ոչինչ չի անում մահվան դեպքերի հետ կապված։ Նախորդ տարի բանակում 77 մահվան դեպք է գրանցվել, ինչն արտառոց իրավիճակ է, և նրանք պետք է արտակարգ վիճակ հայտարարեին և լծվեին խնդրի կարգավորմանը։ Ի՞նչ փոփոխություն դու կարող ես անել բանակում, եթե այնտեղ մեկ տարում 77 մահվան դեպք է գրանցվում, ընդ որում, մեծ մասամբ ոչ թե սահմանին, այլ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։

- Դուք լիահո՞ւյս եք, որ Հայաստանում սկիզբ առած փոփոխությունները կհասնեն նաև բանակ։

- Ես վստահ եմ, որ նոր կառավարությունը հստակ քայլեր կանի այս ուղղությամբ։ Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է կրճատել զոհերի թիվը բանակում։ Սա շատ մտահոգիչ է և յուրաքանչյուր ընտանիքի է սպառնում։ Ես կարծում եմ, որ բանակը կվերափոխվի և բանակը կլինի առաջնահերթ խնդիր նոր կառավարության համար։ Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ լինելով լրագրող։ Ես վստահ եմ, որ նա խորապես տեղյակ է բանակում տիրող իրավիճակին, կարծում եմ՝ կլինեն ճիշտ կադրային ընտրություններ և լրջագույն փոփոխություններ։

- Ի՞նչ պետք է լինի, որ մենք բանակում իրավիճակի փոփոխություն տեսնենք։ Իշխանությունները բարեփոխումների ծրագիր արեցին, նոր ծրագրեր նախաձեռնեցին։ Փաստորեն դրանք անարդյունավե՞տ էին։

- Այդ բոլոր ծրագրերը կեղծ են, ես չգիտեմ, թե դրանց տակ ինչ են թաքնված։ Եթե դու ասում ես՝ ուզում եմ ստեղծել «ազգ-բանակ», բայց բանակում լրջագույն խնդիրները չես վերացրել, չի կարող փոփոխություն տեղի ունենալ։ Իրականում դրանք կեղծ, հորինված գաղափարներ են։ Այդ ծրագրերը պետք է ներդաշնակ լինեն մեր բանակին, բայց ամեն ինչ հորինված է։ Դրա համար էլ հանրությունը չէր ընկալում նախարարի առաջարկած այդ գաղափարները։ Ընդունեք, որ տարեկան 77 զոհն արտառոց իրավիճակ է։

- Փաստորեն ապրիլյան պատերազմում ունեցանք մոտ 100 զոհ, իսկ հաջորդ տարի առանց պատերազմի ունենք 77 զո՞հ։

- Այն երիտասարդները, որ հաղթեցին ապրիլյան պատերազմում, իրենք նաև ամեն ինչ անելու են, որ բանակը փոխվի։ Ես կարծում եմ, որ այդ սերունդը չի թողնելու այսպես շարունակել, ներսից է լինելու փոփոխությունը։ Իրենք են պարտադրելու ղեկավարությանը, որ փոխեն իրավիճակը։ Նոր ղեկավարությունը, կարծում եմ՝ ինքը հակված կլինի բարեփոխելու վիճակը։ Ես կարծում եմ, որ ապրիլյան պատերազմն էլ հեղափոխության նման մի բան էր և շատ հնարավոր է, որ հենց այդ շարժումը սահմանին բերեց սրան, որ ունենք նոր Հայաստան կերտելու հնարավորությունը։

Մանե Հարությունյան

MediaLab.am