«Մանվել Գրիգորյանը, բացի թալանչի լինելուց, նաև սադիստ է եղել, հարյուրավոր մարդկային կյանքեր է կործանել». Արա Պապյան

20-06-2018
19365 դիտում
«Մանվել Գրիգորյանը, բացի թալանչի լինելուց, նաև սադիստ է եղել, հարյուրավոր մարդկային կյանքեր է կործանել». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարոն Պապյան, այն, ինչ բացահայտվեց գեներալ Մանվել Գրիգորյանի գործով, որ բանակի սնունդն ու տեխնիկան չի հասել զինվորին, հանրության համար կարծես գաղտնիք չէր: Հատկապես ապրիլյան պատերազմի շրջանում և դրանից հետո պարզ էր դարձել, որ տարիներ շարունակ բանակին հատկացված միջոցները, մեղմ ասած, չեն ծառայել իրենց նպատակին: Ի՞նչ նոր բաղադրիչներ են պարունակում ԱԱԾ-ի այս օրերի բացահայտումները:

- Այն, որ հասարակությունը գիտեր, որ անառողջ իրավիճակ է տիրում հատկապես բանակի վերնախավում, դա ակնհայտ էր: Դրա համար մեծ խելք պետք չէ, պարզապես պետք է նայել մեր գեներալների մեծ մասի ունեցվածքին, ծախսերին, և ակնհայտ է դառնում, որ նրանց ունեցվածքն իրենց 500 տարվա աշխատավարձը գերազանցում է: Բնականաբար, այդտեղ չի կարող լինել եկամտի այլ աղբյուր, քան անօրինական ճանապարհն է, քանի որ զինվորականությունն իրավունք չունի բիզնեսով զբաղվելու: Այստեղ ցնցողն այն է, երբ դու քո աչքով ես տեսնում այդ ամենը:

Եվ հատկապես տպավորիչ է բանակի սննդի հարցը, այն դեպքում, երբ գիտես, որ զինվորներից շատերն իսկապես սոված են եղել: Ապրիլյան պատերազմի օրերին կապի բացակայության պատճառով զինվորներ են մահացել: Եվ այդ ֆոնին Մանվել Գրիգորյանի մոտ տեսնել այդ մեքենաների շարանը, շտապօգնության մեքենան, ամենագնացները… Դրանց կարիքը եղել է բանակում, այսօր էլ կա, և պետությունն ինչքան էլ ուզում է մատակարարել, միշտ էլ կա:

Իմ կարծիքով՝ սա լավ գործընթաց է, որովհետև առողջացման ընթացք է ցույց տալիս: Այո, ցավալի, բայց ցանկացած բուժում ու վիրահատություն վտանգի ու ցավի հետ է կապված: Վտանգի հետ է կապված, որովհետև նրանք փորձում են խոչընդոտել այս գործողությունները, խնդիրներ առաջացնել: Բայց մենք գիտենք, որ երբ այս գործընթացն ավարտվի, հասարակության բուժման և հասարակության համար կենսական նշանակություն ունեցող բանակի բուժումից հետո մենք ավելի անվտանգ ու ապահով կլինենք՝ որպես հասարակություն ու պետություն:

- Շատ է հնչում այն տեսակետը, որ Մանվել Գրիգորյանը միակը չէ, ով նման խոշոր կոռուպցիոն սխեմաներում է ներգրավված: Հանրությունը պահանջում է, որ պետք է պատժվեն բոլոր նմանօրինակ անձինք:

- Ես ասացի, որ գեներալների մեծ մասը, չնչին բացառությամբ, հարստացել է: Ցավոք, այդպես է: Մեր ուժային կառույցներն իրենց զգացել են փոքր իշխանիկներ, զգում էին ոչ թե որպես զինվորի հրամանատար, այլ տեր: Հաճախ այդ զինվորներին օգտագործում էին որպես անվճար աշխատուժ, դա նորություն չէր: Պարզապես չկար այդ քաղաքական կամքը, որ նրանց բացահայտեին ու վնասազերծեին: Ինչո՞ւ չկար, որովհետև նման կերպարները պետք են անօրինական իշխանություններին: Անօրինական իշխանությունը, որն ինքը խրված է կոռուպցիայի մեջ, հենարանի կարիք ունի:

Եվ այդ հենարանը նման մարդիկ են: Ինչո՞ւ է հիմա կարողանում նոր իշխանությունը դա անել, որովհետև իր հենարանը ժողովուրդն է, ինքը պետք է ավելի շատ բացահայտումներ անի, որպեսզի ժողովրդական հենարանն իր համար ամրացնի: Երբ հարցադրում է հնչում՝ ի՞նչ պետք է արվի հետագայում, ես ասում եմ՝ այս պայքարը հետևողականորեն պետք է շարունակվի: Չպետք է նայել մարդկանց վաստակին, կոչումներին: Վաստակն ու կոչումները հանցանքներ, հատկապես անբարոյական հանցանքներ գործելու ճանապարհ չեն բացում: Մեր հասարակության մեջ շարքային զինվորի նկատմամբ կա պաշտամունքի հասնող զգացողություն, որովհետև մենք երկիր ենք, որի բանակը գրեթե 25 տարի է՝ խրամատում ամենօրյա հերթապահություն է իրականացնում: Նման բան համաշխարհային պատմության մեջ չկա: Եվ այդ զինվորից գողանալ ամենաչնչին բանը՝ աններելի է:

- Այս բացահայտումները պե՞տք է հասնեն ավելի «վերևներ», եթե հաշվի առնենք, որ Մանվել Գրիգորյանն ու նմանօրինակ անձինք չէին կարող առանց թույլտվության նման արարքներ թույլ տալ:

- Երբ ես ասում եմ՝ քաղաքական կամք է պետք այս ամենը բացահայտելու համար, հենց դա նկատի ունեի: Ի վերջո, մենք բոլորս գիտեինք այդ մասին, բայց դա չէր բացահայտվում: Մեր ԱԱԾ-ն մեկ օրում չի ստացել այդ մասին տեղեկությունները: Բայց հիմա է, որ ԱԱԾ-ին տրվել է այդ քաղաքական թույլտվությունը: Ես բավական շատ դեպքեր գիտեմ, երբ տարբեր համակարգերում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունում, մարդիկ բարձրաձայնել են տարբեր չարաշահումների մասին, այդ մարդիկ իրենք են տուժել: Այդ մարդկանց հեռացրել են համակարգից, միտումնավոր զրկել են գործուղում մեկնելու հնարավորությունից:

Այսինքն՝ պետք է հասարակության մեջ խրախուսվի այդ բացահայտումը, ոչ թե հակառակը: Հիմա մենք դա տեսնում ենք, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ով ուզում է լինի, անգամ իմ ընտանիքի անդամը, պետք է բացահայտենք, ես նրան հավատում եմ: Մենք գործողություններ ենք տեսնում այսօր, իսկ խոսքը գործով պետք է ամրապնդվի: Նախկին ղեկավար Սերժ Սարգսյանն էլ էր շատ բան ասում, ասում էր՝ ձուկը գլխից պետք է բռնել, բայց մենք գործը չէինք տեսնում: Մենք այսօր տեսնում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, և բանակը առաջնային ոլորտն է, որը պետք է զտվի, մաքրվի, որովհետև դա մեր երկրի համար կենսական նշանակություն ունի:

- ՀՀԿ-ն ի՞նչ վիճակում է հայտնվել: Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն իրենց կուսակցին քննադատում են, ասում, թե իբր տեղյակ չէին, որ նման դեպքեր են եղել Հայաստանում:

- Եթե կոնկրետ Մանվել Գրիգորյանի մասին է խոսքը, ցանկացած էջմիածնեցի այնպիսի բաներ կպատմի, որ այն, ինչ մենք տեսել ենք, դրա դիմաց մանրուք կթվա: Մանվել Գրիգորյանը, բացի թալանչի լինելուց, նաև սադիստ է եղել: Այդ մարդը հարյուրավոր մարդկային կյանքեր է կործանել, ոմանց արտաքսել է, ծեծել, ոմանց էլ սպանել է, ունեցվածքն է խլել: ՀՀԿ-ն առավել ևս դա գիտեր: ՀՀԿ-ն իր մյուս անդամների մասին էլ շատ բան գիտի, թե ինչ են արել, ոնց են թալանել: Վազգեն Սարգսյանի ժամանակներից, առավել ևս՝ նրա մահից հետո ՀՀԿ-ն սկսեց աղճատվել, դարձավ ինչ-որ փակ ակումբի նման բան, որն իրեն օրենքից վեր էր դասել:

Ես երկու օր է՝ մտածում եմ՝ ինչո՞ւ այդ մարդիկ չէին փորձել գոնե երեխաների նամակները ոչնչացնել, որոնք զինվորներին ուղարկված իրերի մեջ են հայտնաբերվել: Որովհետև նրանք այնքան վստահ էին, որ թքած ունեին օրենքի վրա: Եվ սա ավելի վատ է, որ իրենք չէին էլ վախենում օրենքից: ԱԱԾ-ն զուգահեռ այլ բացահայտումներ էլ է անում, նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շրջում են զենքով: Ինչո՞ւ են շրջում զենքով, որովհետև թքած ունեն օրենքի վրա: Ցավոք, ամենավերևների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թույլտվությամբ մի խավ է ստեղծվել, որին թույլատրվել է ամեն ինչ, որոնց միջոցով էլ իրենք իշխել են հասարակությանն ու վախի մթնոլորտ ստեղծել: Ի վերջո, այդ զենքը Մանվելի ինչի՞ն էր պետք: Սուտ է, երբ ասում են՝ երկիրը պաշտպանելու համար է:

Երկիրը պաշտպանելու զենքը գտնվում է սահմանին, զորամասերում: Այդ զենքը սեփական ժողովրդի դեմ ուղղելու և մարդկանց ճնշելու, հերթական մարտի մեկեր սարքելու համար էր: Նրանք այն հանցագործ հենարանն էին, որի վրա խարսխված է եղել հանցագործ իշխանությունը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am