«Հունան Պողոսյանի նշանակումը կոտրում է մարդկանց մեջ հեղափոխության նկատմամբ հավատը». Արա Պապյան

17-10-2018
11212 դիտում
«Հունան Պողոսյանի նշանակումը կոտրում է մարդկանց մեջ հեղափոխության նկատմամբ հավատը». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հարուցել է հասարակության որոշ շրջանակների դժգոհությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը:

- Ես բացասական եմ վերաբերվում այս նշանակմանը, դա անընդունելի է: Նրանք մարդիկ են, ովքեր հանցագործներ են և պետք է պատժվեն: Բայց պատժելու փոխարեն մենք խրախուսում ենք հանցագործությունը:

Կոնկրետ Հունան Պողոսյանը բազմիցս օրենք է խախտել՝ սկսած ֆինանսական յուրացումներից, երբ նրա հայտարարագրած եկամուտները մի քանի հարյուր անգամ գերազանցում են իր աշխատավարձի չափը, վերջացրած նրանով, որ ցուցարարներ է ծեծել, մարդիկ է ջարդել:

Նման տրամաբանությամբ ստացվում է, որ բացի Սերժ Սարգսյանից որևէ մեկը մեղավոր չէ, որովհետև մնացածը ինչ-որ հրամաններ են կատարել: Նման տրամաբանությամբ Նյուրնբերգյան դատավարությունն ընդհանրապես սխալ էր, որովհետև միայն մեկ մարդու պետք է դատեին՝ Ադոլֆ Հիտլերին:

Չի կարելի, սա խրախուսում է պատեհապաշտությունը, խրախուսում է հանցագործությունը: Հունան Պողոսյանի նշանակումը կոտրում է մարդկանց մեջ հեղափոխության նկատմամբ հավատը:

- Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց բարիկադները քանդելու մասին: Նա նման նշանակումները բացատրում է նրանով, որ խտրականություն չպետք է կիրառվի, եկել է բարիկադները քանդելու ժամանակը: Ընդունելի՞ են նրա պարզաբանումները:

- Բարիկադներ, բաներ… այդ ամբողջը գեղարվեստական խոսքեր են: Կա օրենք, մարդիկ օրենք են խախտել, պետք է պատժվեն: Կոնկրետ Հունան Պողոսյանը օրենք է խախտել: Կառավարության կազմում էլի մարդիկ կան, որոնք պետք է պատժվեն: Ժողովուրդը հանդուրժում է ինչ-որ բաներ մինչև ընտրությունները, մարդիկ մտածում են, երբ իշխանության դիրքերն ամրապնդվեն, քայլեր կարվեն: Բայց իշխանությունը գնալով նման քայլեր է անում:

Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին լիազորել կամ իրավունք տվել բարիկադները քանդել: Ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել, ընդհակառակը՝ նրան մանդատ է տվել հեղափոխություն անելու:

Հեղափոխությունից հետ կանգնելու մանդատ Նիկոլին որևէ մեկը չի տվել: Երբ ինքը նման ծրագրով հանդես կգա, կգնա ընտրությունների, որ պետք է բոլոր հանցագործներին պաշտոններ տա ու կհավաքի մեծամասնություն, այն ժամանակ թող անի:

Բայց այն մանդատը, որը նրան տվել է հրապարակը, իրեն տվել է հեղափոխության մանդատ, այսինքն՝ հանցագործին պատժելու, այդ մարդկանց առնվազն քաղաքական դաշտից հեռացնելու մանդատ:

- Հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց հասարակությունը զանգվածային դժգոհություններ ներկայացնի Փաշինյանի նման կադրային քաղաքականության դեմ:

- Դժգոհություններն այսպես թե այնպես կային, բայց սա նման է վերջին շյուղին: Առակ կա, որում ասվում է՝ այն շյուղը, որը կոտրեց ուղտի մեջքը: Երբ անընդհատ ուղտի վրա բարձում են, ուղտը դիմանում է, մեկ էլ հանկարծ մի փոքր շյուղ են դնում, և ուղտը չի դիմանում:

Նույն էլ ժողովրդի հաբերությունն է, չի կարելի խաղալ ժողովրդի համբերության հետ: Այսօր մենք տեսնում ենք լրջագույն քաղաքական որոշումներ՝ առանց համաժողովրդական քննարկման: Օրինակ՝ Հայաստանի զինված ուժերի մեկնումը Սիրիա, ո՞ւմ հետ դա քննարկվեց և որոշվեց, որ ճիշտը ուղարկելն է:

Կամ՝ որոշ նախարարների կողմից այնպիսի անհեթեթ հայտարարություններ են արվում, որի տակից մենք դեռ պետք է դուրս գանք: Մենք այս ամենին դիմանում ենք միայն նրա համար, որ ունենանք ազատ, արդար ընտրություններ, որ հին ուժերին մեջտեղից հանենք: Հիմա, եթե այդ ամբողջը պետք է վերադառնա՝ այդ մարդիկ, այդ քաղաքականությունը, էլ ինչի՞ էր պետք այս հեղափոխությունը, բան ու գործ չունեինք, մեզ համար փողոցնե՞ր էինք փակում:

- Ինչո՞ւ է վարչապետը նման քայլերի դիմում, և, ընդհանրապես, նրա քաղաքականության մեջ վերջին շրջանում փոփոխությո՞ւն է նկատվում:

- Նրա քաղաքականության մեջ փոփոխություն վաղուց է նկատվում, երբ ինքը գալով որպես հեղափոխական իշխանություն՝ սկսեց հետ կանգնել դրանից: Բայց խնդիրը դա չէ, այն է, որ ես նկատում եմ, որ նրա կողքի մարդիկ արդեն աստիճանաբար վարժվելով իշխանությանը՝ սկսում են հին ձևով կառավարել:

Իսկ հին ձևով դու կարող ես կառավարել հին կադրերի միջոցով, ինչն ընդունելի չէ: Աստվածաշնչյան հայտնի խոսք կա՝ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում: Այսինքն՝ նոր կառավարումը դու չես կարող հին մարդկանց միջոցով իրականացնել: Այլ կադրեր չկա՞ն: Ես շատ մարդիկ եմ ճանաչում միջին օղակից, որ շատ լավ կարող են կառավարել:

Եթե կոնկրետ վերցնենք արտաքին հարաբերությունների ոլորտը, այնտեղ միջին օղակում վարչության պետերի ու փայլուն դիվանագետների այնքան թեկնածուներ կան, որոնց բանատեղ չդրեցին: Բայց մարդիկ, ովքեր դիվանագետ էլ չեն, ուղղակի ռեժիմի սպասարկուներ էին, այսօր դեսպաններ են գնում:

Ես վստահ եմ, որ այդ նույն բանը տեղի է ունենում բոլոր ոլորտներում: Չի կարելի նման նշանակումներ անել, այն էլ մի այսպիսի օր, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Պարզ չէ՞, որ նման քայլը մեծ թվով մարդկանց մոտ հիասթափություն է առաջացնում:

Հիմա Նիկոլ Փաշինյանի հույսը ժողովուրդն է, նա ասում է՝ քանի դեռ ժողովուրդն ինձ աջակցում է, հները ոչինչ չեն կարող անել: Բա նման ալիքի վրա կարելի՞ էր հիասթափություն առաջացնել: Ես չեմ հասկանում՝ սա դիտավորությո՞ւն է, թե՞ ինչ է:

Լուսանկարը՝ Նանոր Բարսումյան

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am