«Ունենք խտրական մտածելակերպով առաջնորդվող խավեր, բայց կարևորը, որ քվեարկողը դրան ուշադրություն չդարձրեց». Իրավապաշտպաններ

22-10-2018
905 դիտում
«Ունենք խտրական մտածելակերպով առաջնորդվող խավեր, բայց կարևորը, որ քվեարկողը դրան ուշադրություն չդարձրեց». Իրավապաշտպաններ

Երեկ հանրապետության մի շարք համայնքներում և քաղաքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները փորձագետները համարում են ազատ և արդար, քանի որ Հայաստանի քաղաքացիները ևս մեկ քայլով ամրագրեցին ժողովրդավարության կայացումը երկրում։


«Չնայած արձանագրել ենք որոշակի խախտումներ, բայց դրանք չէին կարող որևէ նշանակություն կամ ազդեցություն ունենալ ու չեն էլ ունեցել ընդհանուր այն մթնոլորտի վրա, որում ընթացան ընտրությունները։ Ամենակարևորը՝ ընտրողներն ազատ էին իրենց կամքը, իրենց դիրքորոշումը ներկայացնելու մեջ, ինչը ես համարում եմ Հայաստանում ընտրությունների՝ որպես կարևորագույն ժողովրդավարական ինստիտուտի ամրագրման, կայացման ևս մեկ քայլ»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ կայացան հանրապետության չորս քաղաքներում` Կապանում, Հրազդանում, Էջմիածնում և Արմավիրում։

Կապանում քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Գևորգ Փարսյանը, ում օգտին քվեարկել էր 10.507 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Նարեկ Բաբայանը պարտվեց՝ ստանալով 8499 ձայն։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում այսօր շնորհավորելով ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուներին, անդրադարձել է իրենց կուսակցությունը ներկայացնող թեկնածուի պարտությանը։

«Ես Կապանում այլ թեկնածուի էի պաշտպանում, բայց այլ թեկնածու հաղթեց։ Շատ կարևոր է, որ այս փաստի վերլուծությունն ու գնահատականը ճիշտ տրվեն, քանի որ աննախադեպ է, որ երկրի վարչապետն անձամբ պաշտպանում է որևէ թեկնածուի, սակայն այդ թեկնածուն չի հաղթում։ Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է նորագույն պատմության մեջ։ Մենք սրա համար ենք հեղափոխություն արել, և այս հեղափոխությունը հաղթել է, և դուք եք հաղթել։ Վերլուծություններ են հնչում, որ, այ, տեսեք, հեղափոխական էյֆորիան անկում ապրեց, սակայն հակառակն է՝ հեղափոխական էյֆորիան ավելի մեծացավ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՔՊ-ի պարտությանը՝ Արթուր Սաքունցը նշում է, որ դա վկայում է այն մասին, որ իրապես տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, և միայն նման ընտրություններում կարող էին չկանխորոշվել արդյունքները, որին հանրությունը ականատես էր լինում ՀՀԿ-ի ավտորիտար կառավարման ողջ ժամանակահատվածում։

«Միայն ժողովրդավարական ընտրություններում է, որ քվեարկության արդյունքները որոշվում են քվեարկողի քվեների հաշվարկի հիման վրա, և ոչ թե որոշվում է կաբինետներում կամ պայմանավորվածություններում, որի պարագայում ընտրողի քվեն նշանակություն չի ունենում»,- ասում է Սաքունցը։

10.681 ձայներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։ Անկուսակցական Լևոն Միքայելյանը պարտվել էր 4819 ձայնով։ Հրազդան քաղաքում 44.154 ընտրողներից քվեարկել էին 16.259-ը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Մեդիալաբին» պատմում է, որ դիտորդական առաքելություն են իրականացրել Հրազդանում և Էջմիածնում։

«Ավելի լավ ընտրություններ էին, քան նույն քաղաքների նախորդ ընտրությունները։ Բայց եթե համեմատենք անցյալ ամիս կայացած Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա այդքան էլ լավ չէին։ Երևանի ընտրությունները շատ ավելի բարձր որակով անցան, ավելի քիչ խնդիրներով, քան դրանք տեղի ունեցան Հրազդանում կամ Էջմիածնում»,- ասում է իրավապաշտպանը։

Նա նշում է, որ Հրազդանի 26/17 ընտատեղամասում գիշերը խոչընդոտել են իրենց դիտորդների աշխատանքը, հնչեցրել սպառնալիքներ, ինչի առնչությամբ Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Էջմիածնում ընտրություններին մասնակցել են 45.278 ընտրողներից 15.826-ը։ Արդյունքում 8076 ձայնով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Դիանա Գասպարյանը, ով ուներ 11 մրցակից։ Քարոզարշավի ընթացքում Դիանա Գասպարյանի դեմ հատկապես իրականացվեց «սև արշավ», որի ընթացքում նրա անձնական կյանքը փորձեցին ավելի հանրայնացնել։

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ սա խոսում է ժողովրդավարության կայացման բովանդակային կոմպոնենտի բացակայություն մասին։

«Եթե ծրագրային մոտեցում լիներ, ապա անձնական և այլ հարցերը կմղվեին երկրորդ պլան։ Չնայած ասեմ, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ, անկախ նրանից, դրանք կլինեն Հայաստանում թե որևէ ժողովրդավարական երկրում, միշտ էլ անձնականը հայտնվում է ընտրողների ուշադրության կենտրոնում։ Նաև սա խոսում է այն մասին, որ ունենք խտրական մտածելակերպով առաջնորդվող խավեր։ Կարևորը այն էր սակայն, որ քվեարկողը դրան ուշադրություն չդարձրեց, հանրությունը իր մեծամասնությամբ վերջին հաշվով հաշվի չառավ թիրախավորման առանձին փորձերը։ Հանրությունը շատ ավելի առողջ գտնվեց, քան նույն հանրության առանձին սեգմենտներ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Դանիել Իոաննիսյանն էլ նշում է, որ վերջին անգամ Հայաստանում կին քաղաքապետ եղել է 1990-ականներին։

«Լավ է, որ կին ընտրվեց, կարծում եմ դրական ազդեցություն կունենա միջավայրի, մթնոլորտի վրա»,- ասում է նա։

Արմավիրում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը՝ ստանալով 6693 քվե։

Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ այս ընտրություններում ամրագրվեց ընտրողի վստահությունը ընտրության ինստիտուտի նկատմամբ։

«Չենք էլ կարող համեմատել նախկին ընտրությունների հետ, քանի որ նախկին բոլոր ընտրություններն ուղեկցվել են այնպիսի գործոններով, որոնք որևէ առնչություն չունեն ազատ ու արդար ընտրությունների հետ։ Իսկ թվական տվյալներին եթե նայում ենք, ապա չեն զիջում նախորդներին, երբ մարդկանց բերում էին ստիպողաբար, ուղղորդմամբ, կաշառքներով, ճնշումներով, ուղեկցված։ Պետք է հստակ ամրագրենք, որ ընտրողը, ազատ լինելով իր քվեն ու կարծիքը ներկայացնելու, նաև գնահատական տվեց թեկնածուներին»,- ասում է իրավապաշտպանը։

Նա համոզված է, որ եթե թեկնածուները լուրջ ծրագրային առաջարկներ ներկայացնեին, ապա ընտրողների հետաքրքրությունը վստահաբար ավելի մեծ կլիներ, բայց դա ևս ժողովրդավարության կայացման մի կարևոր առաջադրանք է ընտրողների, ՀՀ քաղաքացիների կողմից, որոնք պետք է ներկայացնեն քաղաքական ուժերին, կուսակցություններին և այն մարդկանց, ովքեր հավակնում էին ընտրողների ձայնը ստանալ։

«Ընտրողն այլևս գնահատում է նաև ծրագրերը։ Այսինքն՝ մենք այլևս գտնվում ենք ժողովրդավարական տրամաբանության շրջանակներում, որտեղ այլ բնույթի գործոններն են որոշիչը, ոչ թե հրահանգը, ոչ թե Բաղրամյան 26-ը կամ կառավարության շենքը, որտեղ կայացվում էին պալատական համաձայնությունները»,- ասում է նա։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am