«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը
– Պարո՛ն Մելքոնյան, Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքում փաստաթուղթ ստորագրվեց՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին, և պետք է այդ ուղղությամբ ստեղծվի եռակողմ աշխատանքային խումբ։ Ներկայացվում է, որ Սյունիքով ճանապարհային միջանցքի ստեղծումը ձեռնտու է նաև Հայաստանին։ Ի՞նչ նպատակ են իրականում հետապնդում Ադրբեջանն ու Թուրքիան։
– Թուրքիան ու Ադրբեջանը, որքան էլ հիմա դա ներկայացնում են կոմունիկացիաների ապաշրջափակում ու տնտեսական օգուտների շրջանակներում, դա, այնուամենայնիվ, ունի բավական լուրջ պատմական ու սիմվոլիկ նշանակություն։
Բավական է նայել Թուրքիայի պատմությանը 100 տարվա կտրվածքով, և կտեսնենք, որ Թուրքիան ձգտում է հասնել նրան, ինչ այսօր ուրվագծվում է։ Այսինքն՝ ցամաքային կապ ունենալ Նախիջևանի հետ, որն էլ ցամաքային կապով կապված կլինի կլինի Ադրբեջանի հետ։
Սա եղել է Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթուրքի ծրագրում, հաջորդ նախագահների ծրագրում, և տարօրինակ չէ, որ այսօր էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն այս խնդրին ամենաակտիվ ու ամենաուրախ անդրադարձողներից մեկն է։
Այսինքն՝ կարծում եմ, որ սրանով թուրք-ադրբեջանական տանդեմը լուծում է ոչ միայն տեսական կամ կոմունիկացիոն խնդիր, այլև լուծում է ընդհանրապես թյուրքական աշխարհի համար շատ կարևոր մի խնդիր՝ ունենալ ցամաքային կապ իրար հետ։
Այդ ցամաքային կապն ինքնին ունի նաև այլ սպառնալիք։ Մասնավորապես, դա լինելու է Ադրբեջանի՝ Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների ավելի իրատեսական գործարկումը։
Եվ, բացի դրանից, դա ունի նաև իր մեջ տնտեսական սպառնալիք, որովհետև Հայաստանի հետ նախատեսվող Թուրքիայի սահմանների բացումն իր մեջ ունի շատ սպառնալից կետեր։
Եվ Հայաստանն այս պահին ո՛չ իրավական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով պատրաստ չէ այդ զարգացումներին։
Այնպես որ, ես կարծում եմ, որ այն քարոզչությունը, որն արվում է հիմա, թե դա նաև հնարավորություն է Հայաստանի համար, դրա մեջ կան ինքնախաբեության որոշ նոտաներ։
Շատ բաներ հստակ չեն, պարզապես մի փաստ ասեմ։ Եթե Ադրբեջանից Մեղրիով Հայաստան մտնող այդ ավտոմեքենաների անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, ապա Ադրբեջանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների ու մեքենաների անվտանգությունն ապահովելու մասին որևէ խոսք չկա։
Նաև կարող են անակնկալներ լինել ֆինանսական առումով։ Այսինքն՝ միգուցե Ադրբեջանն իր տարածքով բեռնափոխադրումների համար պահանջի այնպիսի գումար, որը մեզ ձեռնտու չլինի։ Այսինքն՝ կան ոչ հստակ բազմաթիվ կետեր, և սա ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ, մեղմ ասած, ճիշտ չէ։
– Այսինքն՝ Հայաստանին պարտադրվո՞ւմ է այս ծրագիրը։
– Ամեն ինչ խոսում է դրա մասին, որովհետև սա ոչ թե փոխհամաձայնություն է, ոչ թե փոխշահավետ հարաբերությունների արդյունքում ծնված լուծումներ են, այլ սրանք կապիտուլյացիոն բնույթի պայմանավորվածություններ են և ուղիղ տրամաբանության մեջ են նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ։
Եվ, ընդ որում, սա քննարկված, բանակցված լուծում չէ։ Հապշտապ, շատ արագ լուծում է, որն ավելի շատ նման է պարտադրանքի։
– Ռուսաստանն էլ իր շա՞հն է հետապնդում։
– Ես կարծում եմ՝ բոլորն էլ շահ ունեն։ Իհարկե, Ռուսաստանն էլ իր շահն ունի, որովհետև այնտեղ խոսվում է նաև ռուսական երկաթուղու ապաշրջափակման մասին։
Այսինքն՝ ռուսական երկաթուղին կարող է գործել և՛ դեպի Թուրքիա, և՛ դեպի Ադրբեջան։ Գիտե՞ք ինչ է ստացվում՝ բոլորն ունեն իրենց շահերը, ունեն իրենց հետաքրքրությունները, միայն Հայաստանն է, որ հայտնվել է չշահողի, կորցնողի և լուռ համաձայնվողի դերում։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am