Խուճապ և համաճարակ

Վահրամ Թոքմաջյան

Հալիձորի առաջին՝ 1727 թ. պաշարման ժամանակ, երբ հայկական կողմը Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի գլխավորությամբ գիշերային հարձակում գործեց բերդը շրջափակած թուրքական զորքի վրա, փայլուն հաղթանակ տարավ:

Հայկական կողմը չէր գերազանցում թուրքերին ոչ ռազմական տեխնիկայով, ոչ էլ՝ թվով: Հաղթանակի հիմնական գրավականը հակառակորդին համակած խուճապն էր:

Ցանկացած ճգնաժամային իրավիճակում խուճապն ավելի բացասական դրսևորումներ և հետևանքներ է ունենում, քան ճգնաժամի բուն պատճառը: Խուճապն է, որ դուրս է դնում գործընթացները կառավարելի հունից և հնարավորություն չի տալիս շատ դեպքերում պարզունակ թվացող լուծումները կիրառել:

Ժամանակակից բազմաթիվ գիտություններ՝ սոցիոլոգիան, հոգեբանությունը, մարդաբանությունը, մշակութաբանությունը, սեփական դիտանկյունից են ուսումնասիրում խուճապ հասկացությունը: 

Խուճապի առաջացման համար խթանը պետք է լինի կամ շատ հայտնի (օրինակ՝ պատերազմ), կամ էլ հիմնականում անծանոթ (օրինակ՝ այս համաճարակը): Նման խթանի առաջին արձագանքը ցնցումն է և իրավիճակի ընկալումը որպես ճգնաժամ: 

«Խուճապ» (պանիկա) տերմինը ինքնին ծագում է հունական Պան աստծո՝ հովիվների, արոտավայրերի ու նախիրների հովանավորի անունից, որն իր զայրույթով առաջացրեց «հոտերի կատաղություն»: Հոտերը սկսեցին ինքնուրույն նետվել կրակի մեջ, վիհեր և ոչնչանալ:

Խուճապային իրավիճակներում նույնիսկ ամենակենսունակ և կազմակերպված հասարակությունները կարող են վերածվել անկանոն գործողությունների միտված ամբոխի: Իսկ ամբոխ դարձած խմբի վարքագիծը փոխանցվում է առանձին անդամներին՝ անհատներին: 

Սուր զգացողությունները, արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը խանգարում են ճգնաժամային իրավիճակի տրամաբանական ընկալմանը և վախ են առաջացնում:

Եթե ​​առաջին վախը չի ճնշվում, ապա անհատի արձագանքը ուժեղանում է:

Ոմանց վախը ազդում է մյուսների վրա ՝ իր հերթին ուժեղացնելով խմբային վախը: Այս դեպքում առաջին շարժման բնույթը առանձնահատուկ նշանակություն ունի, երբ իրադարձության մասնակիցների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա, բոլորը պատրաստ են գործողության և սպասում են իրադարձությունների զարգացմանը:

Խուճապի անմիջական պատճառը որոշակի իրավիճակի առաջացումը, ցնցող ազդակ է, ընդհատում է վարքի սովորական ձևերը: 

Այստեղ է, որ առաջանում է խմբերի կազմակերպիչների՝ իշխանությունների ունակությունների և հմտությունների անհրաժեշտությունը: Վերոնշյալ դրսևորումների մի մասը մենք արդեն տեսել ենք այս համաճարակի շրջանակներում: Վախի մի մասը հաղթահարվել է, սակայն գալու է հաջորդ փուլը՝ տնտեսական, սոցիալական հետևանքների փուլը: 

Արդեն կան բազմաթիվ գուշակություններ, վերլուծություններ այն մասին, որ այս ճգնաժամի արդյունքում տեսնելու ենք նոր աշխարհակարգ: Սակայն այդ ընկալումների սահմանները շատ նուրբ են:

Նոր աշխարհակարգ կանխագուշակողների հիմնական մասը որպես ամրակուռ պատճառ է բերում պետությունների՝ սահմանները փակելու գործոնը: Եթե անգամ նրանք ճիշտ են, ապա նոր աշխարհակարգի մասին խոսակցություններն ամեն դեպքում սին են, որովհետև այս դեպքում գործ ունենք հնի մոդեռնացված տարբերակի հետ:

Նույնն առնչվում է նաև տնտեսական խնդիրներին: Կան հիմնականում երկու տեսակի մասնագիտական վերլուծություններ: Մոտեցումներից առաջինը պնդում է, համաշխարհային տնտեսությունը տուժելու է խստիվ:

Իսկ երկրորդ կանխատեսումն ասում է, որ կարճաժամկետ կտրվածքում կտուժի, սակայն նոր հնարավորությունների, զարգացումների հեռանկարներ կբացի երկարաժամկետ հեռանկարում:

Որպես հիմնավորում՝ այս երկրորդ մոտեցման հեղինակները նշում են, օրինակ՝ միջնադարյան ժանտախտը: Դրանից հետո հողեր շատ կային, իսկ մշակող ձեռքեր՝ քիչ: Հետևաբար ավելացան մարդկանց եկամուտները: 

Անցյալի հետ համեմատություններ անողներն ունեն փայլուն գործիքներ, սակայն կարևոր է, որ հաշվի առնեն համեմատվող ժամանակների սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային միջավայրերը և դրանց առանձնահատկությունները:

Թողնենք տեսությունը և գանք մեր դարդերին:

Հայաստանի տնտեսությունը, եթե անգամ դիմագրավի այս պատուհասին, ապա դա կարող է անել միայն գերմարդկային ջանքերի և գերինտելեկտուալ կազմակերպման, կառավարման շնորհիվ:

Իրավիճակի բացասական հետևանքներն ունեն այլ՝ քաղաքական-զգայական կողմ ևս:

2018 թ. իրադարձություններից հետո մարդիկ արժանապատիվ ապրելու հույսով էին լցվել, սակայն սա քննարկման այլ առիթ է: Շատ դժվար է կանխատեսումներ անել մի երկրում, որտեղ մեր սանդղակներով աղքատությունը 30 տոկոս է, իսկ միջազգային բազմաթիվ գործիքներով՝ 70 տոկոս:

Տնտեսական վիճակի, փակ սահմանների, ռազմական չկարգավորված իրավիճակի և այլ գործոնների առկայությունն ավելի է թուլացնում մեզ: Սա իր հետ անխուսափելիորեն բերելու է արտաքին ճնշումներ և նոր մարտահրավերներ: Առաջինին արդեն ականատես եղանք այսօր:

«Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36%-ով:

Այս իրավիճակում ինձ հետաքրքրում է սոցիալական միջավայրի երեք հետևանք, որոնք ուղեկցում են ճգնաժամերին և նոր դժբախտությունների հիմքեր տալիս: 

Դրանք են՝ խաղամոլություն, հարբեցողություն, հանցագործությունների թվի աճ:

Կարիք չկա երկար բացատրելու և ներկայացնելու այն գործոնները, որոնք նպաստում են այս երեք բացասական երևույթների աճին:

Համաշխարհային ճգնաժամերի փորձն ասվածի լավագույն հայելին է: Այս երեքը, շատ դեպքերում միմյանց փոխկապակցված լինելուց զատ, կարող են հանդես գալ նաև առանձին-առանձին: Սոցիալ-տնտեսական բոլոր փոփոխությունները, կառավարության արդյունավետ ջանքերը կարող են հանդիպել լրջագույն խոչընդոտի, եթե այս երեքը չմեղմացվեն կամ կանխարգելվեն:

Ուստի, ճգնաժամային կառավարմանը զուգահեռ կամ ճգնաժամային կառավարման մեջ առանձին՝ մեծ բաղադրիչով ներառյալ, կարիք ունենք այս երեք երևույթների դեմ պայքարի ամբողջական և կիրառելի ծրագիր ունենալու:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am