«Գող եք՝ գնացե՛ք ձեր ջեբկիրությունն արեք, դրա համար պարտադիր չէ պառլամենտում կամ կառավարությունում հայտնվել». Էդուարդ Զորիկյան

26-10-2018
1356 դիտում
«Գող եք՝ գնացե՛ք ձեր ջեբկիրությունն արեք, դրա համար պարտադիր չէ պառլամենտում կամ կառավարությունում հայտնվել». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

- Պարո՛ն Զորիկյան, արդեն հայտնի է, որ դեկտեմբերին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե գնահատական տաք նախորդ ամիսներին, ի՞նչ ժամանակաշրջան է ավարտվում, և ի՞նչ նոր փուլ պետք է սկսվի:

- Ես հուսով եմ, որ նոր փուլ է լինելու, որը չի լինելու այն անցյալի կրկնությունը և շարունակությունը, ինչից ոչ թե դժգոհ ենք, այլ ինչի հետևանքով երկիրը կոլապսի մեջ էր հայտնվել՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ բոլոր առումներով: Այս ամենն ի վերջո երևի նախկին իշխանություններն էլ էին հասկացել, դրա համար էլ համեմատաբար թավշյա անցավ ամեն ինչ:

- Հասարակության մոտ դժգոհություն նկատո՞ւմ եք նոր կառավարությունից, անցած հինգ ու կես ամիսները ի՞նչ ցույց տվեցին:

- Անկեղծ ասած, ես մարդկանց մոտ դժգոհություն չեմ նկատում: Ես դժգոհություն տեսնում եմ համացանցում, Ֆեյսբուքում, բայց բոլորս էլ գիտենք, որ այնտեղ մի մասը ֆեյք են, մեծ մասն էլ միայն վերնագրերն են կարդում, չեն խորանում, թե իրականում ինչ է կատարվում: Մեր ժողովուրդը բավական իմաստուն է, և կարծում եմ՝ շատ լավ հասկանում է, որ երեք-չորս ամսում ինչ-որ բան պահանջելն ուղղակի ծիծաղելի է:

- Արդեն պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ցուցանիշները վատթարանում են, սա նորմա՞լ երևույթ է հետհեղափոխական փուլի համար:

- Բոլոր հեղափոխություններից հետո տնտեսությունը զրոյացվել է, և զրոյից նոր համակարգ է սկսվել: Հեղափոխություն նշանակում է հին տնտեսական հարաբերությունները զրոյացվում են: Օրինակ՝ Հոկտեմբերյան հեղափոխությունը, կապիտալիստական հարաբերություններ էին, զրոյացվեցին, տերերը գնդակահարվեցին, գործարաններն ազգայնացվեցին: Բայց Հայաստանի դեպքում այդպես չէ, ինձ թվում է՝ մեր հեղափոխությունը անազնվություն ու ազնվություն երևույթների շուրջ է: Երբ Նիկոլն ասում է՝ ես չեմ վերցնելու ու թույլ էլ չեմ տալու, որ վերցնեն՝ այդ ամենը անվանելով կոռուպցիա, սա՛ է հեղափոխությունը: Մինչև այդ բոլորն ասել են՝ ես վերցնելու եմ, ձեզ էլ թույլ եմ տալու թալանել: Թալանվածներից մեկն էլ իմ ընտանիքն է:

- Հիմա, թեպետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չեմ վերցնում, բայց պետական համակարգում կաշառքի դեպքեր են բացահայտվում: Սա ի՞նչ է, հին համակարգը դեռ իշխո՞ւմ է պետական հատվածում:

- Միշտ էլ լինելու են նման դեպքեր, բայց խոսքը համակարգի մասին է: Այսինքն՝ այն, ինչ մենք համարում ենք պետություն, կառավարություն, նախարարություններ, մի դեպքում այդ ամենը ստեղծված էր, որ երկիրը քանդեին: Մարդիկ ստեղծել էին նախարարություններ, որպեսզի ընդհանուր հարստությունը գրպանեին: Բա ինչո՞ւ էին այդ դղյակները ծլում սնկերի նման, այդ ո՞նց էր լինում, որ փաստացի թալանված բյուջեի փողերով ներդրումներ էին անում, բիզնես նախագծեր, հյուրանոցներ ու ռեստորաններ էին կառուցում, հողեր էին առնում: Այսինքն՝ թալանում էին ժողովրդին: Հեղափոխությունն այն է, որ սա պետք է վերանա:

Ի վերջո, էդ «ուռուկ գլուխներն» իրենք էլ հանգեցին դրան, որ այդպես շարունակել չէր կարելի: Իրենց արդեն բանատեղ չէր դնում աշխարհը, ոնց կարող էր բանատեղ դնել, եթե դու քո սեփական ժողովրդին ես թալանում: Քանի՜-քանի սփյուռքահայեր եկան, ներդրումներ արեցին, տվեցին գլուխներին, բիզնեսն իրենցով արեցին:

Բա ինչո՞ւ ամբողջ հայությունը ոտքի կանգնեց, ինչո՞ւ էին մարդիկ այդպես վրդովված, որովհետև դանակը բոլորի ոչ թե ոսկորին էր հասել, այլ արդեն հայհոյում ու ծաղրում էին: Մոռացե՞լ եք, որ արդեն խորհրդարանի մոտ բառացի հայհոյանքներ էին հնչում: Բայց մեկ է, մարդկանց երեսին թքում էիր, ասում էին՝ անձրև է գալիս, մեր տանձին չէ, մենք պետք է մեր դղյակի շինարարությունն ավարտենք: Այսինքն՝ ասում էին՝ մենք պիտի բյուջեից գողանանք, կառուցենք: Տեսանք, թե ի՛նչ եղավ:

- ՀՀԿ-ն կարծես մինչև վերջ դիմադրում է, վերջին օրինակն այն է, որ չընդունեցին նոր Ընտրական օրենսգիրքը: Ինչո՞ւ է շարունակում պայքարել ՀՀԿ-ն:

- Դերասանություն է անում: Ինքը գիտի, որ վերջին շունչն է, միանգամից հո չեն հանձնվի, ձև են անում, թե իբր իրենք էլ են մի բան ներկայացնում: Դու ոչ մի բան էլ չես ներկայացնում: Ամեն ինչն էին թալանել, մնում էր պետական մեքենաներն ու իրենց կաբինետների կռեսլոներն էլ հավաքեին տանեին:

- Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն որևէ շանս ունի՞ խորհրդարան անցնելու:

- Որպես Ազգային ժողովի պահակ՝ կարծում եմ՝ շանս ունի: Կամ կարող են այգին մշակել, գուցե կլինեն ՀՀԿ-ականներ, ովքեր այդ այգին կմշակեն, բայց խորհրդարան չեն մտնի:

- Հաջորդ փուլը ի՞նչ փուլ պետք է լինի երկրի զարգացման առումով:

- Հերթով պետք է նստեն, թալանածը պետք է վերադարձնեն: Ընդ որում, պետք է վերադարձնեն թե՛ ժողովրդից, թե՛ բյուջեից թալանածը: Երբ խոսում եմ ժողովրդից թալանածի մասին, նկատի ունեմ, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի բնակիչների հարցը:

Անվանեցին պետական կարիք ու մտան սեփականատերերի ջեբը: Դա տարիների գործ է, մեկ կամ երկու օրվա գործ չէ: Եթե երկրում օրենքն աշխատեց, զարգացումն ինքնըստինքյան օրենքի արդյունք է: Եթե ես իմ հայրենիքում պաշտպանված չեմ, էդ ո՞ր մի ներդրողը պետք է գա ու իրեն պաշտպանված զգա: Ներդրում անելու համար ինքը պետք է օրենքով պաշտպանված զգա իրեն:

- Եթե օրենքի գերակայությունն ապահովվի, հնարավոր կլինի՞ ներգաղթ ապահովել, որովհետև այս հեղափոխության կարևոր կետերից մեկն էլ հենց ներգաղթն էր:

- Ներգաղթի իմաստը ոչ թե այն է, որ գնացածները հետ գան այստեղ ապրեն, իմաստն այն է, որ նա, ով լինելով ազգությամբ հայ՝ օտար երկրում է ներդրում անում, ներդրում անի Հայաստանում: Եթե Հայաստանում ներդրումներն օրենքով պաշտպանված լինեն, իհարկե, հայերը կուզենան իրենց հայրենիքում ներդրում անել, նույն գործն ի նպաստ իրենց երկրի անել: Ձեր համար տարօրինա՞կ չէր, որ սիրիական պատերազմի հետևանքով այնտեղից դուրս եկած սիրիահայերի միայն զրո քանի տոկոսը եկավ Հայաստան:

Ով եկավ՝ երկրորդ օրը թողեց-գնաց, բա սա խայտառակությո՞ւն չէր: Մենք՝ հայերս, դրսում հարստացել ենք, մեր հայրենիքում՝ սնանկացել: Սա է եղել մեր խնդիրը, բա երկիրն ինչո՞ւ է քանդվել, ինչո՞ւ պիտի նույնիսկ հարուստ հայն իր հայրենիքում սնանկանար: Գող եք՝ գնացե՛ք ձեր ջեբկիրությունն արեք, ոստիկանությունն էլ կբռնի, դրա համար պարտադիր չէ պառլամենտում կամ կառավարությունում հայտնվել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am