«Կաշառք տվող անձը նույնպես ենթակա է քրեական պատասխանատվության». Նորայր Նորիկյանը՝ 14 միլիոն կաշառքի շուրջ

02-11-2018
699 դիտում
«Կաշառք տվող անձը նույնպես ենթակա է քրեական պատասխանատվության». Նորայր Նորիկյանը՝ 14 միլիոն կաշառքի շուրջ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

- Պարո՛ն Նորիկյան, գործարար Սիլվա Համբարձումյանը շարունակում է իր հայտարարությունները նախկին գրեթե բոլոր պաշտոնյաներին կաշառք տալու վերաբերյալ։ Այսօր էլ նա հայտարարել է, որ և՛ նախագահ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին է կաշառք տվել։ Կաշառք տալը քրեորեն պատժելի արարք է։ Այս դեպքում արդյոք մենք կաշառք տալու հետ կապված չպե՞տք է տեսնեինք հարուցված քրեական գործեր։

- Ինձ համար բավականին արտառոց են այդ հայտարարությունները այն առումով, որ մեր երկրում տեղի են ունեցել այդպիսի ենթադրյալ արարքներ, այդ չափի կաշառատվության և կաշառք ստանալու դեպքեր։ Ինձ համար շատ պահանջված կլինի, եթե այդ գործով շատ արագ տեղի ունենան համապատասխան քննչական գործողություններ, և հասարակությանը տրվի համապատասխան տեղեկատվություն այդ հայտարարությունների հետքերով իրականացվող քննչական գործողությունների մասին, և, ընդհանրապես, թե ինչպես կարելի է 14 մլն դոլար կաշառք տալ, ինչ նպատակով, ինչ շարժառիթով, ինչ խնդիր լուծելու համար, ում է տրվել, երբ է տրվել, ինչ հանգամանքներում է տրվել։

Եթե այս պահին այդպիսի տվյալներ հայտնի են վարույթ իրականացնող մարմնին, ինչո՛ւ այդ գործով չկան ձերբակալված կամ կալանավորված անձինք։ Ինչ վերաբերում է կաշառք տալու կամ չտալու հանգամանքին, բնականաբար, Հայաստանի քրեական օրենսգիրքը սահմանում է, որ կաշառք տվողը նույնպես ենթակա է քրեական պատասխանատվության, բացառությամբ այն դեպքերի, և նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե կաշառք տալու մասին վարույթ իրականացնող մարմիններին հայտնի դառնալուց հետո եռօրյա ժամկետում նա քրեական հետապնդում իրականացնող մարմիններին կամ իրավապահ մարմիններին հայտնի իր կողմից տրված կաշառքի հանգամանքի մասին։

Այսինքն՝ ՀՀ օրենսդրությունը հստակ է ամրագրում, և այդ օրենքը բավականին վաղուց է գործում, հետևաբար, պետք է հասկանալ, թե այդ օրենքի դրույթն ընդունելուց հետո՞ են իրականացվել կաշառք տալու հանգամանքները, թե՞ մինչ այդ է տրամադրվել։ Բայց ակնհայտ է, որ գործող Քրեական օրենսգրքով ամրագրված է, որ կաշառք տվող անձը նույնպես ենթակա քրեական պատասխանատվության։

- Իսկ հնարավո՞ր է, որ վաղեմության ժամկետն է լրացել։

- Ո՛չ իհարկե։ Նախ՝ այդ հոդվածները ծանր հանցագործություններ են համարվում, հետևաբար վաղեմության ժամկետի խնդիր այս դեպքում, կարծում եմ՝ չկա։ Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է պատասխանի այս խնդրին, թե ի՛նչ դատավարական կարգավիճակ ունի այս պահին այդպիսի հաղորդում տված անձը։ Արդյոք նրա նկատմամբ կարո՞ղ է իրականացվել քրեական հետապնդում, եթե այո՝ ի՞նչ իրավական հիմքերով, ի՞նչ հոդվածի հատկանիշներով։ Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ այդպիսի հաղորդում տված անձի նկատմամբ չի իրականացվում քրեական հետապնդում։

- Ամեն դեպքում, տարօրինակ չէ՞, որ այդքան մարդու մեկ հոգի այդքան կաշառքներ է տվել։ Այստեղ դուք խնդիր տեսնո՞ւմ եք։

- Ես ընդհանրապես արտառոց եմ համարում նման դեպքը. 14 մլն դոլարը լուրջ գումար է, ես չգիտեմ, թե այդ գումարները տրվել են կոնկրետ անձանց ի՞նչ նպատակով։ Այս խնդիրները պետք է պարզաբանվեն, և կարծում եմ, որ վարույթ իրականացնող մարմինները պետք է մինչև վերջ հետամուտ լինեն վերջնական ճշմարտությունը բացահայտելուն։

Բնականաբար, ես որևէ մեկին անձնապես չեմ ճանաչում, նրանց վարքագծերի, նաև ձեռնհասության, հոգեբանական վիճակի վերաբերյալ չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, բայց փաստն ինքնին, որ նման չափով կաշառք է տրվել այդ սուբյեկտի կողմից տարբեր անձանց տարբեր դրվագներով, տարբեր խնդիրներ լուծելու տարբեր կաշառքներ են տրվել, արդեն իսկ արտառոց է և ուշադրության արժանի։

Ընդ որում, սա միայն կաշառքի խնդիր չէ։ Այստեղ դասական կոռուպցիոն սխեմայի մասին է խոսքը, որովհետև որքան տեղեկանում ենք մամուլից, գումարները տրվել են ենթադրաբար հանքարդյունաբերության ոլորտում այս կամ այն խնդիրը կամ այս կամ այն արտոնյալ պայմանները ստեղծելու համար։

Հետևաբար, այս խնդիրը միայն սովորական կաշառք տվողի կամ ստացողի մասին չէ։ Ես բացառում եմ, որ որևէ նախարար կարող էր առանց վարչապետի և հանրապետության նախագահի իմացության որևէ գործարարից ստանալ 14 մլն դոլար և մնալ անպատիժ, մնալ իր տեղում և շարունակել պաշտոնավարել։ Դա պարզապես անհեթեթություն է։

Հայաստանյան իրականության մեջ դա բացառվում է։ Հետևաբար, պետք է հասկանալ՝ արդյոք նման հանցագործություն կատարվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք նման ծավալի կաշառք որևէ մեկը որևէ մեկին տվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք որևէ մեկը ստացե՞լ է և եթե ստացել է, ի՞նչ են արել այդ գումարները։ Այդ ծավալի հանցագործությունը չէր կարող միայն մեկ նախարարի մակարդակով ավարտվեր։

- Ըստ էության, երբ խոսում ենք կոռուպցիայի մասին, խոսում ենք այն մասին, որ անպատժելի մարդ չպետք է լինի, նաև նման հանցագործությունները պետք է բացառվեն, ոչ թե միայն սելեկտիվ արդարադատություն լինի։

- Ես ընդհանրապես կողմնակից եմ օրինականության պահպանմանը, օրենքի գերակայությանը։ Իմ ներքին համոզմունքը և տարիների փորձը ցույց են տվել, որ մեր օրենսդրական բազան բավարար է Հայաստանի Հանրապետությունում օրինականության վերականգնման համար։

Որևէ մեկը չի կարող պլստալ, եթե առկա է քաղաքական կամք և՛ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների կողմից Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հստակ իրականացնելու համար։ Այդ առումով որևէ նորմատիվ ակտի բացակայություն կամ օրենսդրական խնդիր չունենք։

Ճիշտ հակառակը, մենք ունենք օրենքի կիրառման խնդիր։ Ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է կիրառելի լինի բոլորի համար, հետևաբար որևէ ընտրովի վերաբերմունք որևէ կոռուպցիոների նկատմամբ չպետք է լինի։ Այդ համակարգի, այդ սուբյեկտների նկատմամբ պետք է լինի զրո հանդուրժողականություն, այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող։

Մանե Հարությունյան

MediaLab.am