«Իշխանությունն ամենաբարձր մակարդակով պետք է հստակ գնահատական տա հերթական այլանդակությանը». Արթուր Սաքունց

14-12-2018
794 դիտում
«Իշխանությունն ամենաբարձր մակարդակով պետք է հստակ գնահատական տա հերթական այլանդակությանը». Արթուր Սաքունց

Հայաստանի Գլխավոր դատախազությունը պետք է անահապաղ պահանջի, որպեսզի գյումրեցի կնոջ սպանության համար մեղադվրող ռուս զինծառայողին, ով գտնվում է ռուսական ռազմաբազայում, հանձնեն հայկական կողմին: Այս մասին  «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց իրավապաշպան Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ զինծառայողը պետք է լինի ՀՀ իրավապահների տրամադրության տակ, կալանքը պետք է կրի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում:

«Երկրորդ, իշխանությունն ամենաբարձր մակարդակով պետք է հստակ գնահատական տա հերթական այլանդակությանը: Ավելին, պետք է հրավիրեն Հայաստան ՌԴ դեսպանին և նոտա տան, որ դեպքի մասին դեսպանության տված գնահատականներն անհամատեղելի են օտարերկրյա պետության ներկայացուցչական պահվածքի հետ»,- «Մեդիալաբին» ասեում է Արթուր Սաքունցը:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում հիվանդանոցում մահացել էր 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը: Նա քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցներից էր, վաղ առավոտյան դուրս էր եկել աշխատանքի, այնուհետև ծեծի էր ենթարկվել: Կնոջ մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Հենց նրա մահվան օրը Գյումրիում տեղեկություններ էին եղել, որ կնոջը դաժան ծեծի է ենթարկել ռուսական ռազմաբազայի զինծառայող: Հայաստանի Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 12 միայն հայտնեց, որ սպանության կասկածանքով ռազմաբազայի զինծառայողներից մեկն է ձերբակալվել: Նախքան այս տեղեկատվությունը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հերքել էր ռուս զինծառայողի կապը այդ միջադեպի հետ:

«Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ ճչացող վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ:

Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»,- նշվում էր ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում:

Ըստ Արթուր Սաքունցի՝ Ռուսաստանի դեսպանատան այս հայտարարությունը «լկտի ու ցինիկ» է, որի համար պետք է ներողություն խնդրեն: ՌԴ դեսպանատունն այս հայտարարությամբ ոչ միայն փորձում է գնահատական տալ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, այլ նաև փորձում է գրաքննություն մտցնել:

«Հայկական կողմը պետք է խստորեն զգուշացնի ռուսական կողմին, որ նման փորձը՝ հովանավորելու հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին, անհամատեղելի է, այսպես կոչված, հայ-ռուսական ռազմավարական պայմանագրի տրամաբանությանը»,- ասում է իրավապաշտպանը:

Այն, որ ռուս զինծառայողը ռուսական ռազմաբազայի տարածքում է պահվում, ըստ Սաքունցի, փաստում է, որ ռուսական կողմն արհամարհում է հայկական կողմին, չի դիտարկում որպես գործընկեր:

«Հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու նկատմամբ, հետևաբար, այդ քրեական գործը պետք է միանշանակ քննվի Հայաստանի իրավապահների կողմից: Իսկ քրեական գործի քննության մեջ ընդգրկվում է նաև հանցագործության մեջ մեղադրվող անձի գտնվելը ՀՀ քրեակատարողական հիմնարկում: Ինքը ՀՀ տարածքում է գտնվում, Ռուսաստանի տարածքում չի գտնվում, և Հայաստանի իշխանությունները շատ կոշտ պահանջներ պետք է ներկայացնեն ռուսական կողմին՝ նման անթույլատրելի վարքագծի հետ կապված»,- ասում է նա:

Արթուր Սաքունցը նաև նշում է, որ հայկական կողմը պետք է պարզի՝ ինչպիսին է ռուսական կողմի դիրքորոշումն ու վերաբերմունքը:

«Պետք է հասնել դիրքորոշման հստակեցմանը և ըստ դրա՝ պահնաջներ ներկայացնել: Այսինքն՝ պետք է պարզել՝ արդյոք ռուսական կողմը պատասխանատվություն է կրում կամ ընդունո՞ւմ է, որ ինքը՝  հանձինս իր զինծառայողների, պատասխանատու է ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Պետք է պարզել նաև, թե նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ ինչ քայլեր են արվում կամ արվում են, թե՞ ոչ»,- նշում է իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am