«Ես դեմ եմ ընտրովի արդարադատությանը, եթե օրենքը գործում է, այն պետք է գործի բոլորի համար, իմ ու քո չպետք է լինի նոր Հայաստանում»․ փաստաբան

20-12-2018
449 դիտում
«Ես դեմ եմ ընտրովի արդարադատությանը, եթե օրենքը գործում է, այն պետք է գործի բոլորի համար, իմ ու քո չպետք է լինի նոր Հայաստանում»․ փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

- Պարո՛ն Նորիկյան, երկու օր առաջ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։ Նախորդ իշխանությունների ժամանակ այս արատավոր գործելաոճը կար։ Ի՞նչ է փոխվել հիմա։

- Ես այդ տեղեկությունը ստացել եմ մամուլից, բնականաբար, քրեական գործի նյութերին ծանոթ չեմ և կարող եմ միայն ընդհանրական գնահատական տալ։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի դատական իշխանությունում իրականացվում են գործընթացներ, որոնց վերաբերյալ վերջնական գնահատական տալու համար որոշակի ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե իսկապես ինչպիսի՛ դատական իշխանության հետ գործ ունենք։

Դատական իշխանությունն ապահովվա՞ծ է իրավական կառուցակարգերով և երաշխավորված անկախ արդարադատությո՞ւն է իրականացնում, թե՞ բոլոր դեպքերում առկա է միջամտություն այս կամ այն ոլորտներից։ Տվյալ դեպքում ինձ համար մի բան ակնհայտ է և ինձ համար կարմիր գիծ է, որ ոչ մի անմեղ մարդ չի կարող կասկածվել, մեղադրվել և ենթարկվել քրեական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինքն ինչ սոցիալական կարգավիճակ ունի կամ ինչ դիրք է զբաղեցնում հասարակության մեջ։

Սա աքսիոմ է, և մենք պետք է ընդունենք այն ելակետը, որ անկախ նրանից, թե անձին ինչ մեղադրանք է առաջադրվել, կամ ինչպիսի վերաբերմունք կա այդ անձի կամ անձանց շրջանակի նկատմամբ, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, բնականաբար, չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Երկրորդ խնդիրը՝ ես միարժեքորեն մերժում եմ ցանկացած հանցավոր արժեքներով ապրող սոցիալական շերտի գոյությունը և համարում եմ, որ այդ արժեքային համակարգը կրող անձինք ընդհանրապես հասարակությունից պետք է մեկուսացված լինեն։ Ընդհանրապես, իրենք պետք է որևէ սոցիալական ազդեցություն այս կամ այն սոցիալական խմբի, ընտրությունների վրա չունենան։

Ընդհանրապես, նրանց՝ իշխանության հետ սերտաճելու, իշխանության հետ ինչ-որ որոշումներ կայացնելու, նրանց հետ բիզնեսի մեջ փայ մտնելու ժամանակաշրջանը պետք է համարել ավարտված։ Հետևաբար, հեղափոխությունից հետո, նոր իրողություններով պայմանավորված, այդ սոցիալական շերտը Հայաստանում անելիք չունի։ Երրորդ՝ շատ կուզենայի, որ ունենանք այնպիսի դատական իշխանություն, որը զերծ կմնա գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության կամ որևէ պատգամավորի, նախարարի կամ որևէ ուժային կենտրոնի ներկայացուցչի հրահանգները կատարելուց։ Այսինքն՝ ունենանք այնպիսի դատական իշխանություն, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում։

- Որքան էլ վերջին ամիսներին աղմուկը շատ էր տարբեր քրեական գործերի հետ կապված, բայց տեսնում ենք, որ անգամ Արամ Հարությունյանի ձերբակալությունն է ուշանում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Դատական համակարգի բացե՞րն են պատճառը։

- Նախ արձանագրենք, որ Արամ Հարությունյանին ձերբակալելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առումով վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է սահմանադրական նորմերով այն առումով, որ դեռևս գործում է 2017-ին ընտրված Ազգային ժողովը, որի հիմքով Արամ Հարությունյանը հանդիսանում է խորհրդարանի պատգամավոր։ Նրա լիազորությունները կդադարեցվեն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը։ Դրանից հետո միայն, երբ Արամ Հարությունյանը կկորցնի իր սահմանադրական անձեռնմխելիությունը, կարծում եմ՝ վարույթ իրականացնող մարմինը հրապարակած փաստական հանգամանքների լույսի ներքո անպայման նրան ոչ միայն մեղադրանք կառաջադրի, այլև կլուծի նրա խափանման միջոցի խնդիրը։ Այստեղ խնդիրը զուտ իրավական է։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգում ընթացող գործընթացներին, ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի իրավական համակարգում վերափոխումների անհրաժեշտություն կա։ Պետք է ազատվել հենց այդ համակարգերի ներսում տիրող իներցիոն մտայնությունից։

Հենց այսօր ես վերադառնում եմ մի դատական գործից, որի դեպքում դատախազության ձեռագիրը չի փոխվել։ Հենց այդտեղ պետք է իրականացվեն ամբողջական դատական վերափոխումները, քանի որ ընդհանրապես քրեական գործերով «տերն ու տիրականը» դատախազությունն է, և նա է քրեական հետապնդման «կնքահայրը»։

Հետևաբար, նա է ամբողջությամբ պատասխանատու Հայաստանում իրականացվող քրեական արդարադատության պրոցեսի համար այն առումով, որ գործերի ողջամիտ քննությունը, մեղադրանքի առաջադրումը, դատական նիստերին որոշ դատախազների անբարեխիղճ ներկայանալու, անպատասխանատու մոտեցումը մարդկային ճակատագրերի նկատմամբ, սխալ որակումները, ճիշտ մեղադրանքներ չառաջադրելը՝ այս ամենը խոսում է այդ համակարգում տեղի ունեցող ճգնաժամի մասին։

Նույն Նորատուսցի Ալիկի և մյուսների գործող ես տեղեկացա, որ դատախազները 14 տարի են պահանջել։ Երկու տարի այդ մարդիկ գտնվել են անազատության մեջ։ Հիմա ենթադրենք, որ հրապարակված դատական ակտերը մտնեն օրինական ուժի մեջ, այդ դատախազները պետք է պատասխանատվության ենթարկվե՞ն, թե՞ ոչ ապօրինի, առանց հիմնավոր հիմքերի քրեական հետապնդում իրականացնելու համար։ Սա միայն նրանց չի վերաբերում, արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ ամբողջ դատական համակարգում։

Ես դեմ եմ ընտրովի արդարադատությանը, եթե օրենքը գործում է, այն պետք է գործի բոլորի համար, իմ ու քո չպետք է լինի նոր Հայաստանում։

- Անցումային արդարադատությունը առկա խնդիրներին լուծումներ կտա՞, կլինի՞ արդյոք այն ֆիլտրը, որով կկարողանան այսուհետ բոլոր գործերն անցնել։

- Անցումային արդարադատության մասին ընդամենը շատացել են խոսակցությունները։ Մենք չունենք հայեցակարգ, չունենք անցումային արդարադատության վերաբերյալ կոնկրետ ուղենիշային փաստաթուղթ, որ նստենք քննարկենք, թե այդ անցումային արդարադատությունն ինչ է ներկայացնում, երբ պետք է սկսվի, ում վրա պետք է տարածվի, թե կոնկրետ որ ոլորտներում պետք է իրականացվի անցումային արդարադատությունը, ովքեր են իրականացնելու այն, ում կողմից են ձևավորվելու այդ մարմինները, ում են ենթարկվելու, արդյոք որևէ մեկին ենթարկվելո՞ւ են, թե՞ ոչ, ինչ որոշումներ են կայացվելու, այդ որոշումները լինելու են բողոքարկելի՞, թե՞ ոչ, որ թվականից է այն սկսվելու։

Անցումային արդարադատությունը բավականին գեղեցիկ ձևակերպված միտք է, որը պարունակում է անորոշ ելքով ապագա։ Մենք չենք կարող դրա մասին այսօր վերջնական կարծիք հայտնել, քանի դեռ չկա ձևավորված հայեցակարգ։ Պետք է նախ հասկանալ, թե այդ անցումային արդարադատությունը երբ է նախատեսվում իրականացնել։ Սա շատ բարդ պրոցես է, և ես մնում եմ այն կարծիքին, որ բոլոր դեպքերում Հայաստանի իրավական գործիքակազմը բավարար է Հայաստանում օրինականության հաստատման, ամրապնդման և, ամենակարևորը՝ անշրջելի դարձնելու համար։

Նոր իշխանության հաստատումից 7-8 ամիս է անցել, դուք ցույց տվեք մեր հասարակության մեջ մի խավ, որը կասի, որ ոստիկանությունում տեղի են ունեցել անշրջելի, արմատական պրոցեսներ։ Ես չգիտեմ, թե Երևանի ճանապարհային ոստիկանությունն ինչո՛վ է զբաղվում։ Ես չգիտեմ՝ քրեական ոստիկանությունը, քրեական հետախուզությունը ի՛նչ հաջողությունների են հասել, բայց եթե իրականացվել է հեղափոխություն, եթե նախկին ռեժիմի արժեքները դավանածները վերացվել են Հայաստանում, ապա պետք է խոստովանել, որ Հայաստանին պետք է նոր որակի ոստիկանություն։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ոստիկանություն, որ ՀՀ քաղաքացին վստահի այդ ոստիկանությանը, նրա հետ աշխատի այնպես, որ ոչ թե հասարակական գիտակցության մեջ ձևավորվի, ամրապնդվի այն հանցավոր մտայնությունը, որ «գործ տալու» ինստիտուտը վատն է, այլ ձևավորվի վստահություն, և հասարակությունը հարգի իր ոստիկանին, իսկ ոստիկանությունն էլ իսկապես ծառայի իր հասարակությանը։ Այսինքն՝ մենք լուրջ անելիքներ ունենք այս ոլորտում։

Այսօր լուծված չեն մեր սպաների սոցիալ-կենցաղային խնդիրները։ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը խնդրահարույց է։ Ամենաբարձր մակարդակով ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա։ Մեր սպայական կազմի, զինծառայողների մարդու իրավունքների խնդիրը խնդրահարույց է։ Մարդու իրավունքները շատ հաճախ չեն հարգվում զինված ուժերում։ Բանակի հետ կապված խնդիրները պետք է քննարկման դրվեն հասարակական դաշտում։

Եվ ընդհանրապես, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները պետք է արմատախիլ արվեն։ Նախևառաջ բանակում պետք է վերացնել ծեծը։ Բոլոր նախարարներն այս տարիներին խոսել են այդ մասին, բայց ոչ ոք չի վերացրել։ Հորդորում եմ՝ բանակում վերացրե՛ք ծեծը։ Ինչու ես՝ որպես փաստաբան, պետք է դիմեմ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ասեմ՝ եղբա՛յր ջան, պարտադիր ժամկետային զինծառայողին արձակո՛ւրդ տրամադրեք, ինչո՛ւ նրա ծնողը տասը ամիս պետք է սպասի իր երեխային, երբ սա իր իրավունքն է։

Եթե ամփոփենք, ապա կարող ենք արձանագրել հետևյալը. ՀՀ իրավապահ համակարգում գոյություն ունեցող ճգնաժամը պետք է հաղթահարվի։ Հին գործիքներով նոր գործարան կառուցելը դժվար է։ Եվ պետք է հասարակական պահանջներին համահունչ ձևավորել նոր ոստիկանություն, զինված ուժերում արմատապես փոխել հին մտայնությունը, հարգել մարդկանց իրավունքները, իսկ իրավապահ համակարգը, սկսած դատախազությունից, պետք է գնա արմատական փոփոխությունների։

Մանե Հարությունյան

MediaLab.am