Մայրենի լեզվի միջազգային օրը` ՄԱԿ-ի հրատարակության շնորհանդեսի հետ

Մայրենի լեզվի միջազգային օրը` ՄԱԿ-ի հրատարակության շնորհանդեսի հետ
Մայրենի լեզվի միջազգային օրը` ՄԱԿ-ի հրատարակության շնորհանդեսի հետ

Այսօր ՄԱԿ- ի «Հիմնական փաստեր Միավորված ազգերի կազմակերպության մասին» հրատարակության շնորհանդեսի ժամանակ շատ ուսանողներ, գրադարանի այցելուներ և լրագրողներ համալրեցին իրենց գիտելիքները Միավորված ազգերի կազմակերպության մասին:

Միջոցառումը, որը միաժամանակ նվիրված էր  Գիրք նվիրելու օրվան Հայաստանում (փետրվարի 19) և ՅՈՒՆԵՍԿՕ- ի կողմից հայտարարված Մայրենի լեզվի միջազգային օրվան (փետրվարի 21), տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իզմիրլյանների անվան գրադարանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանում ՄԱԿ-ի ավանդապահ  գրադարաններից մեկը:

Լինելով ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) երևանյան գրասենյակի վերջին հրատարակումը` «Հիմնական փաստեր ՄԱԿ-ի մասին» գիրքը  ներկայացնում է ՄԱԿ-ն ամբողջությամբ, իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին վերաբերող լրացուցիչ գլուխը տեղեկացնում է ընթերցողին Հայաստանում գործող ՄԱԿ-ի թիմի մասին: Գիրքը հայերեն լեզվով թողարկված  երկրորդ հրատարակությունն է, որը թարգմանվել է 2011թ. հրատարակության անգլերեն տարբերակից: Հայերեն առաջին հրատարակությունը լույս է տեսել 2003թ.:

Այս հրատարակությունը Երիտասարդ թարգմանիչների միության հետ համագործակցության արդյունք է: Այն համեմատաբար նոր ՀԿ է՝ ստեղծված թարգմանչական արվեստի  կատարելագործման և բարելավման նպատակով: Ավելի քան մեկ տարի լինելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության կամավորներ՝ երիտասարդ թարգմանիչները յուրացրեցին ՄԱԿ-ի տերմինաբանությունը, որից հետո միայն նրանք վստահորեն ստանձնեցին այս կարևոր գիրքը հայերեն թարգմանելու պատասխանատվությունը: Առաջին և երկրորդ հրատարակությունների միջև ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ին վերաբերող հայերեն տերմինաբանությունը վերանայվել է թարգմանիչների, խմբագիրների և փորձագետների հետ երկարատև բանավեճերի և քննարկումների արդյունքում:

Հայաստանում ՄԱԿ ՀՏՎ գրասենյակի տեղեկատվության գծով պատասխանատուն՝ Արմինե Հալաջյանը ասաց. «Ուրախ ենք ներկայացնել ձեզ «Հիմնական փաստեր ՄԱԿ-ի մասին» գիրքը, որը կարող է ծառայել որպես տեղեկատվական աղբյուր այս համաշխարհային կազմակերպության մասին բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՄԱԿ-ի գործունեությամբ, ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական մակարդակներում: Մենք պատրաստ ենք կիսելու թարգմանիչների թիմի նվիրվածությունն և խանդավառությունը և աջակցելու գրադարանի ղեկավարությանը Հայաստանում ՄԱԿ-ի արժեքների տարածումը խթանելու համար»:

«Մեր մասնակցությունը այս  գրքի հայերեն թարգմանության աշխատանքներին  իսկական մարտահրավեր էր մեզ համար: Երևանի պետական համալսարանի ուսանող և, միևնույն ժամանակ, Երիտասարդ թարգմանիչների միության անդամ լինելու փաստը մեզ ավելի էր պարտավորեցնում այս գործը հաջողությամբ իր ավարտին հասցնել: Շատ բան սովորեցինք այս ընթացքում, և  իրոք, հույս ունենք, որ մեզ հաջողվել է մեր փոքրիկ ներդրումն ունենալ  հայերեն լեզվի տերմինաբանության զարգացման գործում», – ասաց Սիրանուշ Մելոյանը:

ԵՊՀ  ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանը, որը հիմնադրվել է 1995թ. ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի օժանդակությամբ, պարունակում է ավելի քան տասը հազար գրքեր, հանդեսներ, պաստառներ և ՄԱԿ-ին վերաբերող այլ բազմաբնույթ լրատվական  նյութեր: Դրանք հիմնականում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով են: Գրադարանի ֆոնդը մշտապես թարմացվում է ՄԱԿ-ի կենտրոնական և ՀՏՎ երևանյան գրասենյակից ստացվող նյութերով: ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններ հիմնվել են բազմաթիվ երկրներում, և դրանց նպատակն է ապահովել հանրությանը այս համաշխարհային կազմակերպության մասին հանրամատչելի  տեղեկատվությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am