Ադրբեջանը շարունակում է պանթուքիզմի ջատագով Թուրքիայի նախագահի ձեռքում տարածաշրջանային գործոնից վերածվել գործիքի. Գարեգին Միսկարյան

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պիտի գրեմ։ Ադրբեջանին ու հատկապես Թուրքիային, Հայաստանը որպես «հող» հետաքրքիր չի։ Եթե վաղը էս տարածքը անապատ դառնա` Արցախն ու ազատագրած տարածքները հետը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը դրանից մի չնչին իսկ չեն տխրի, այլ հակառակը` անչափ կուրախանան, որովհետև էս տարածքը իրենց որպես ռեսուրս պետք է ամենավերջին հերթին։

Հայաստանը Թուրքիայի պանթուրքիստական նկրտումների ճանապարհին խոչընդոտ է։ Այն խաթարում է Մեծ թուրանի ստեղծման ճանապարհին առաջին քայլին` Ադրբեջանի կլանմանը Թուրքիայի կողմից։

Եթե Ադրբեջանում պետականամետ կառավարություն լիներ, ապա առաջին հերթին Ադրբեջանական ժողովրդին պիտի հետաքրքրեր Հայաստանի կենսունակությունը, որովհետև Հայաստանը պիտի լիներ Թուրքիայի կողմից Ադրբեջանին չկլանելու երաշխավորը։

Բայց ունենք այն ինչ ունենք, և ի դեմս Ալիևի ժամ առ ժամ սուվերենությունը կորցնող Ադրբեջանը շարունակում է, պանթուքիզմի ջատագով Թուրքիայի նախագահի ձեռքում, տարածաշրջանային գործոնից վերածվել գործիքի։

Հիմա մի պահ պատկերացրեք, թե ճիշտ են Լիդիանի հաշվարկները և մեր կառավարությունը որոշում է թույլնտալ շահագործել Ամուլսարի հանքը, որպեսզի իբր թե դրանով հզոր զենքեր գնենք, որ դիմագրավենք թուրքական էքսպանսիային։ Պատկերացրեցի՞ք։

Դե հիմա պատկերացրեք, որ շատ պատահական, Ադրբեջանի կողմից մի քանի Բելառուսական Պոլոնեզի հրթիռ է ընկնում ջրային ավազանի սրտում տեղակայված ցիանիդի վաննաների վրա։

Պատկերացրեցի՞ք։ Թուրքիան դատապարտում է Ադրբեջանի ղեկավարությանը, Ադրբեջանի նախագահին դատում են ամենախիստ ձևով` քառատում են, և Թուրքիան, որպես Ադրբեջանի եղբայր երկիր կազմակերպում է այնտեղ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, հանրաքվե և միավորվում են Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ ի՞նչ է լինելու Հայաստանի հետ։ Քանի որ նման էկոլոգիական աղետից վատ կարող է լինել միայն ատոմակայանի վթարը, պարզ է չէ՞, որ Հայաստանում կմնան միայն նրանք ովքեր պարզապես հնար չեն ունենա լքել այս աղետի գոտին։

Ու էդ դեպքում ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ԿԳՄՍ-ն չեն կարողանալու պաշտպանել էս երկիրը որտեղ մարդ չի մնացել։Հիմա ասեք, թե ինչքան օգուտ պիտի տա Ամուլսարի շահագործումը, որը կոմպենսացնի Հայաստանի կործանումը»։