Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում Հունաստանի ԱԳ նախարարի հնչեցրած հայտարարություններին

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է նախօրեին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ 

Աքսոյը նշել է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի արգործնախարարի՝ Թուրքիայի վերաբերյալ հնչեցրած խոսքերը և «պնդումները» նոր ապացույցն են այն բանի, որ Հունաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում «բարիդրացիության, երկխոսության և համագործակցության փոխարեն նախընտրում է լարվածությունը և սրացման քաղաքականությունը»։  

Աքսյոյը սպառնալից ակնարկներ է արել՝ մասնավորապես նշելով. «Հունաստանը պետք է ճիշտ ընթերցի պատմությունը և  հրաժարվի «մեծ գաղափարից» ու թուրքերի նկատմամբ թշնամությունից»։  

Նրա համոզմամբ՝ տարածաշրջանի բոլոր խնդիրների կարգավորման «ընդհանուր հայտարարը Թուրքիան է, իսկ խնդիրներ ստեղծողը կամ այն ստեղծողների աջակիցը Հունաստանն է»։

Թուրք պաշտոնյան մեղադրել է Հունաստանին Էգեյան և Միջերկրական ծովերում «ծավալապաշտական քաղաքականություն որդեգրելու, Էգեյան ծովը փախստականների գերեզմանի վերածելու, հակաթուրքական գործունեություն ծավալող բոլոր ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ PKK, PYD, FETÖ-ի առաջ իր դռները  բացելու, Սիրիայում հարստահարիչ Ասադի ռեժիմին, Լիբիայում խռովարար Հաֆթարին, Լեռնային Ղարաբաղում՝ օկուպանտ Հայաստանին աջակցելու մեջ»։

Աքսոյի կարծիքով Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է միջազգային հանրությանը կոչ անի դատապարտել Հայաստանի։

«Հունաստանը պետք է հրաժարվի որդեգրած այս քաղաքական ուղեգծից և  ճիշտ ընկալի Թուրքիան, տարածաշրջանի ու աշխարհի իրողությունները»,- եզրափակել է նա։  

Աղբյուր` Ermenihaber.am