Վլադիմիր Գասպարյան․ Թավշի գողականը

Մհեր Արշակյան

Վլադիմիր Գասպարյանը փայլել է, գողականին վայել ձևով: Այսինքն՝ վերագտել է այն կերպարը, որը «սառեցրել» էր ոստիկանապետ աշխատելու ընթացքում, երբ պատգամավորների վրա բղավում էր՝ «դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛»։ 

Հիմա ինքը առաջնաբեմում է, համարյա առաջին ջութակ։ Ուրիշ գողական չի էլ ուրվագծվում թատերաբեմի որևէ հատվածում։ Երեկ նա Սևանում սպառնացել է «գյուլլել» ու «սատկացնել» «Ազատության» նկարահանող խմբին։ 

Սկզբի համար խմբի վրա է քշել իր ավտոմեքենան։ Խումբը փորձել է նկարահանել իր առանձնատունը, որն ունենալու նախկին ոստիկանապետի արժանիքները «Կոշում» նստած որևէ մեկի արժանիքներից ավելին չեն։ Հետևաբար Վլադիմիր Գասպարյանը պետք է պատասխան տա այդ սպառնալիքի համար։ 

Մենք ոչ մի տեղեկություն չունենք, որ այդ մարդն անձամբ է կլոնավորել «Ազատության» նկարահանող խմբին և, հետևաբար, բոլոր իրավունքներն ունի խմբի հետ այդ ոճով խոսելու։ Եվ նույնիսկ եթե անձամբ է կլոնավորել խմբին, օրենքը ոչինչ չի ասում, որ նա իրավունք ունի այդպես վարվելու իր կլոնների հետ։ 

Մի խոսքով, աշխարհի բոլոր թատերաբեմերից դուրս մնացած այս մարդը իրեն պատկերացնում է անպատժելի։ 

Ինչո՞ւ։ 

Որովհետև մենք նույնիսկ չգիտենք, թե ինչո՞ւ նա չպիտի այդ ոճով խոսեր «Ազատության» հետ, եթե ժամանակին երկրի հերն է անիծել ու ոչ մի խնդիր չունի։ 

Հեղափոխական իշխանությունը վերջին 20 տարվա հանցանքների ինվենտարիզացիա չի արել, մենք չգիտենք, թե ով ինչ է արել, գրեթե չգիտենք, թե ում ինչի են բռնում։

Վլադիմիր Գասպարյանն այն եզակիներից է, որի դեմքին նայելով էլ գիտես՝ «Կոշը» խնդրում է այս մարդու ներկայությունը, իր ու իր օգնական Արշակի։ 

Գասպարյանը շատերին է ուզեցել տեսնել ճաղերից այն կողմ, շատերին էլ այն կողմ է ուղարկել ըստ Սերժ Սարգսյանի կամ նրա հարազատների հրահանգի։ Գասպարյանը եղել է հրահանգները դուխով կատարող տղա։ Հրահանգները չկան, իսկ մարդու դուխը մնացել է։ 

Հեղափոխությունը հակահեղափոխության հետ հաշտեցնում է Վլադիմիր Գասպարյանի դուխը։ 

Ինչո՞ւ։ 

Լավ հարց է։ Բայց ինչո՞ւ դուխը պիտի չմնար։ Ինչ-որ բա՞ն է սպառնում նրան։ Ընդհանրապես թավի՞շն է, որ պիտի վախեցնի «սթափվե՛ք» կոչի արտիստին։ Կամ գուցե այս մարդը Փաշինյանի հեղափոխությանը անգնահատելի ծառայությու՞ն է մատուցել, որի համար դարձել է դուխի դափնեկիր։ 

Կամ գուցե թավշյա հեղափոխությանը թավշի գողականնե՞ր են պետք։ Ո՞վ գիտի։ Մի կարգին բա՞ն են ասում, որ հասկանանք։ 

Կարճ ասած, Վլադիմիր Գասպարյանը դուխով է, որովհետև Կոշում չէ։ Կամ, на худой конец, Վարդաշենում։

Անքննելի է հեղափոխությունը։ Եվ այն ավելի անքննելի է դարձնում պարոն Գասպարյանի փաստաբանը, որը նկարահանող խմբին իր «անբարո վարքի համար միանգամայն համաչափ արձագանքի արժանացած» է անվանել ու խրախուսել է իր պաշտպանյալ նախկին ոստիկանապետի արարքը։ Նկատի ունեցեք, որ պարոն Գասպարյանը հաստատ զինված է եղել։ 

Նկատի ունեցեք նաև, որ նա անպատժելիության սրված զգացում ունի հատկապես հեղափոխությունից հետո։ 

«Դրոն քշողներին սա պետք է դաս լինի»՝ դատավճռից հետո այս խրատականով է թեման փակել փաստաբանը։ Տեսնենք։ 

«Ազատության» լրագրողներն ավելի լավ կիմանան, թե ինչպես պահեն իրենց սրանից հետո։ 

Եթե Վլադիմիր Գասպարյանը իր նախկին կոլեգաների ձեռամբ ձեռնաշղթաներ չհագնի, բոլոր լրագրողները մտածելու և վախենալու բան կունենան։ Եվ դրանից հետո ինչո՞ւ նրանք ավելի շատ չպետք է հավատան Վլադիմիր Գասպարյանի սպառնալիքին, քան՝ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե «հանցագործը պիտի նստի»։

Մհեր Արշակյան

MediaLab.am