«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը». իրավապաշտպաններ

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը». իրավապաշտպաններ
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը». իրավապաշտպաններ

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածին, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ ԵՏՄ համաձայնագիրը հակասահմանադրական է:

«Ես կարծում եմ, որ ԵՏՄ անդամակցությունը հակասում է Սահմանադրության այդ հոդվածին: Եվրամիության անդամակցությունն էլ կհակասեր, այդ պատճառով եվրոպական շատ երկրներ ԵՄ անդամակցության համար սահմանադրական փոփոխություններ են արել, հանրաքվեներ են անցկացրել»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ հստակ է, որ այս պայմանագրով համենայնդեպս, եթե ոչ քաղաքական, ապա տնտեսական տեսանկյունից Հայաստանն ինքիշխանության կորուստ ունի: Հետևաբար, ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանում պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեին:

Չնայած դրան, Ավետիք Իշխանյանը նշում է, որ վստահ է՝ ՍԴ կորոշի, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը և այն կուղարկի խորհրդարան:

«Կուղարկի խորհրդարան, խորհրդարանում էլ 3-4 պատգամավոր դեմ կամ ձեռնպահ կքվեարկեն, մյուսները կողմ կլինեն կամ էլ  պատգամավորների մի մասը կբացակայեն քվեարկությունից»,- ասում է նա:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը ԵՏՄ անդամակցության պայմանագիրը գրավոր ընթացակարգով քննության կառնի նոյեմբերի 14-ին, որից հետո այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն արդեն իսկ խախտում է համարում այն, որ ՍԴ-ն որոշել է այդ համաձայնագիրը քննել գրավոր ընթացակարգով: 

«Հանրային նշանակություն ունեցող հարցը պետք է ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով քննության առնվի: Դա ակնհայտ խախտում է, և ես որևէ կասկած չունեմ, որ ՍԴ-ն հավանություն է տալու այդ ակնհայտ հակասահմանադրական պայմանագրին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ այս հարցում սահմանադրական արդարության հիմքեր չկան, որովհետև դա քաղաքական իշխանության որոշումն է: Հետևաբար, ինչպես նման մյուս դեպքերում, այս անգամ էլ Սահմանադրական դատարանը կկատարի իշխանության պահանջն ու կորոշի, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ ԵՏՄ անդամակցության համաձայնագրում Հայաստանի ինքնիշխանության հետ կապված մի շարք խնդիրներ կան:

«Դա ենթադրում է ինքնիշխանության հանձնում վերազգային այնպիսի մարմինների, որոնց կողմից ընդունված որոշումները ուղղակիորեն պետք է կիրառվեն: Ոչ թե դա միջպետական պայմանագիր է, որի շրջանակներում ընդունվելու են ինչ-որ իրավական փաստաթղթեր, որոնք հետո պետք է տեղայնացվեն, այլ Հայաստանի մաքսային ու հարկային վարչարարությունը որոշվելու են ոչ թե Հայաստանում, այլ Կրեմլում, Աստանայում կամ Մինսկում: Երկրորդ, դա իրավահավասար միություն չէ: Այդ ենթադրյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանն ընդամենը մեկ ձայն է ունենալու՝ ի տարբերություն մյուս անդամ երկրների: Իրավահավասարության բացակայության պայմաններում արդեն իսկ ոչ հավասար մոտեցում է ցուցաբերվում: Եվրամիությունում, անկախ երկրի բնակչության թվից, որոշումների կայացման հարցում ամեն երկիր ունի հավասար իրավունքներ»,- ասում է իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը նույնպես նշում է, որ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը խախտում է Հայաստանի Սահմանադրությա ն առաջին հոդվածը: Նրա խոսքով՝ այդ միության շրջանակներում ընդունվելու են որոշումներ կամ իրավական կարգավորումներ, որոնք պետք է ուղղակի ի կատար ածվեն: Իսկ դա չի կարող Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող համարվել:

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ եթե այդ միությունը կայանա, Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում հետընթաց կլինի:

«Այն նպատակը, որը դրված էր այդ միությունը ստեղծելիս, վերջնական իրացված չէ:  Իսկ դրա նպատակը, իմ կարծիքով, քաղաքական է՝ ինչ-որ կերպ ռուսական կայսրությունը վերականգնել, Խորհրդային միության տիպի կառույց ստեղծել, բայց մի քիչ այլ տիպի: Իսկ դա նշանակում է, որ եթե իրականանա այդ ցանկությունը, ապա ոչ միայն այդ երկրների ավանդույթները, այլ ընդհանրապես ռուսական կայսրության ավանդույթներն իրենց ամբողջ խստությամբ կսկսեն գործել այդ միության տարածքում: Բնականաբար, Հայաստանում ինչ ազատություն էլ ունենք, կամ կամաց-կամաց, կամ միանգամից կկորցնենք: Բայց ես հույս ունեմ, որ այդ միության հիմքում դրված նպատակն ու գաղափարը չի իրականանա, որովհետև ցանկացած կայսրություն պետք է ունենա իր գաղափարախոսությունը՝ վերազգային գաղափարախոսություն, իսկ Ռուսաստանն այդ վերազգային գաղափարախոսությունն այսօր չունի: Այսօր գաղափարախոսությունը հենված է ազգայնականության վրա, իսկ ազգայնականությամբ կայսրությամբ չեն կառուցում: Եվ հիմնական պատճառը, որ այդ միությունը, կայսրությունը չի կայանա, հենց դա է»,- ասում է Իշխանյանը:

Արթուր Սաքունցի գնահատականով՝ այս պայմանագիրը վավերացնելով՝ Հայաստանի լուրջ մարտահրավերի առաջ է կանգնելու:

«Մեր Սահմանադրությունը ճանաչում է մարդու իրավունքների մի ամբողջ ցանկ: Իսկ այդ ԵՏՄ շրջանակներում կարող են ընդունվել օրենքներ կամ իրավական կարգավորումներ, որոնք մաքսային կամ հարկային բնագավառում կսահմանափակեն Հայաստանի հանարպետության քաղաքացիների իրավունքները և պարտականություններ կսահմանեն, որոնք ավելի շատ կասահմափակեն մարդու իրավունքները: Այսինքն ՝ ինքն արդեն իսկ ունի սահմանափակող դեր: Մենք ունենք լուրջ խնդիրներ Սահմանդրության սկզբունքների և ԵՏՄ մոտեցումների միջև»,- ասում է Սաքունցը:

Լուսանկարում` Ավետիք Իշխանյանը

Մարի Ներսեսյան

© Medialab.am