ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կինը, տիկին Ազնիվը, որի նկատմամբ այս տիրույթում դուք ծաղրական գրառումներ էիք անում ու դարձնում ծիծաղի և ատելության թիրախ, իսկապես գերեվարված է եղել:
Դադարեցրե´ք խրախճանքն ու անպատասխանատու պահվածքը վիրտուալ տիրույթում: Դադարեցրե´ք մարդկանց սպառնալ ձեր գրառումներով և դատարկաբանությամբ: Դադարեցրե´ք պատերազմը վերածել սուրճի բաժակի շուրջ բանբասանքի: Դադարեցրե´ք մարդկանց պիտակավորել և ճամբարների բաժանել: Դադարեցրե´ք պատերազմը դարձնել էժանագին փիառի և պոպուլիզմի առարկա:
Միգուցե դուք մեղավոր չեք, որ ձեզ դարձրել են այսպիսին, բայց այս պատերազմը առիթն է, որպեսզի դուք դադարեք լինել այնպիսին ինչպիսին դուք եղել եք և կաք այս տիրույթում: Հարգեք բոլոր մեր նահատակների հիշատակը, որոնք կրակի տակ չեն տեսել ու լսել այս ամբողջ վիրտուալ անպատասխանատվությունը և վերաբերմունքը»։