Մի խումբ աշխարհահռչակ հայ երաժշիտներ հոկտեմբերի 26-ին հանդես կգան «Համերգ Արցախի համար» ծրագրով:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս ասին «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել է ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ հրապարակելով համերգի ազդագիրը:
Համերգին մասնակցում են ամերիկահայ երգիչ, պրոդյուսեր Սեպուհ Սիմոնյանը, ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող Արտո Թունջբոյաջյանը, լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիքյանը և այլք:
Համերգն անցկացվում է «Creative Armenia»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն Արցախի խնդրի վերաբերյալ և կոչ անել մասնակցել հանգանակությանը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են նաև քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները տարբեր ակցիաներ են անցկացնում՝ կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: