Վանեցյանի մասին «ՀԺ»-ում հրապարակվածը բավարար է, որ դատախազությունը սկսի քրեական հետապնդման գործընթաց՝ իշխանության զավթման հատկանիշներով․ Փաստաբան

նորիկյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, օրերս «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Դրանից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը պաշտոնանկ է արվել պետական հեղաշրջման փորձի համար: Արդյոք չպե՞տք է քրեական գործ հարուցվեր, եթե պետական հեղաշրջման փորձ է եղել:

– Այն, ինչ տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, բավարար է, որ ՀՀ գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազությունը զանգվածային լրատվության միջոցի հրապարակած նյութի հիման վրա սկսի քրեական հետապնդման գործընթաց և համապատասխան ցուցում տա վարույթն իրականացնող մարմնին՝ նյութեր նախապատրաստելու ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության զավթման հատկանիշներով:

Այն, ինչ հրապարակված է օրաթերթի այդ հոդվածում, ուղղակիորեն խոսում է այն մասին, որ Արթուր Վանեցյանը, Միքայել Մինասյանը, Արա Սաղաթելյանի հետ փորձել են իշխանությունը վերցնելուն ուղղված գործընթաց իրականացնել:

Ուստի, ես կարծում եմ, որ սա պարունակում է հանցագործության հատկանիշներ, և իրավապահ մարմինները պարտավոր են իրավական գնահատական տալ, իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տեղեկացնել՝ արդյոք տեղի ունեցե՞լ է իշխանության զավթման փորձ, թե՞ ոչ, ովքե՞ր են եղել այդ մարդիկ, կամ արդյոք այդ հոդվածում տեղ գտած տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը:

Իսկ ինչո՞ւ են հապաղում իրավապահները, դեռ ամիսներ ամիսներ առաջ այդ խոսակցությունները կային, երբ Վանեցյանը պաշտոնանկ արվեց:

– Ես գտնում եմ, որ ՀՀ իրավասու մարմինները պարտավոր են ինչպես այս, այնպես էլ այլ գործերով ցուցաբերել ճկունություն, ջանասիրություն և օպերատիվություն: Կոնկրետ այս դեպքով մենք գործ ունենք ոչ շարքային հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդման հետ:

Սա չափից դուրս լուրջ հայտարարություն է, ուստի իրավապահ մարմինները պարտավոր են իրավական գնահատական տալ: Ես գտնում եմ, որ նաև իրենց աշխատանքի արդյունավետությունից է կախված լինելու այդ գործընթացի նկատմամբ լրջությունը: Արդյոք սա իր մեջ լուրջ տեղեկությո՞ւն է պարունակել, թե՞ ուղղակի մասնավոր կարծիք է եղել:

Իսկ եթե իշխանական պատգամավորներն են նման հայտարարություն անում, դա նորմա՞լ է:

– Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները չպետք է հրապարակային արվեն: Եթե որևէ պաշտոնյայի կամ շարքային քաղաքացու հասու է որևէ հանցագործության մասին տեղեկություն, նա ոչ թե պետք է հրապարակային հայտարարություններ անի, այլ հանցագործության վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները տրամադրի իրավապահ մարմիններին:

– Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառների հետ կապված հարցեր մնացին հանրության մոտ, բայց պաշտոնական մեկնաբանություն կարծես չկա: Արդյոք չպե՞տք է նման դեպքերում հաշվետվողական գործի իշխանությունը:

– Այդ հանրային հաշվետվողականության ինստիտուտը, ցավոք, մեր երկրում դեռևս չի գտնվում անհրաժեշտ մակարդակի վրա: Ոչ միայն Վանեցյանի՝ պաշտոնից հեռացումը, նաև այլ պաշտոնյաների հեռացման հիմնավոր պատճառաբանությունները մենք չենք լսել:

Իսկ կոնկրետ Վանեցյանի պաշտոնազրկումից հետո, նրա վերջին օրերի նաև ակտիվացումից, այս կամ այն հայտարարություններից կարելի է հանգել այն հետևության, որ մենք գործ ենք ունեցել իշխանության ներսում խորքային գործընթացների հետ, որոնք բերել են այդ հրաժարականին: Բայց այդ մասին պետք է մտածեր Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա էր նրան նշանակել, նա էր նրա որակական հատկանիշների ու կարողությունների մասին համապատասխան տեղեկությունների տիրապետել:

– Առաջին անգա՞մ է կարծես Հայաստանում, որ ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքական գործընթացներում ակտիվ է:

– Ընդհանրապես ՀՀ պատմության մեջ մենք ունեցել ենք երեք ԱԱԾ ղեկավարներ, որոնք հետագայում քաղաքական գործունեություն են ծավալել: Առաջինը եղել է Դավիթ Շահնազարյանը, երկրորդը՝ Սերժ Սարգսյանը, երրորդ փորձը Վանեցյանն է անում: Բայց Վանեցյանի դեպքում պետք է ասեմ, որ քաղաքական գործիչ միանգամից չեն դառնում:

Քաղաքական գործունեություն ծավալելու համար որոշակի ձեռագիր, հետագիծ է անհրաժեշտ: Այլ բան է քաղաքականությամբ զբաղվելը, բոլորովին այլ բան է դրա վերաբերյալ համապատասխան գիտելիքներին, տեխնոլոգիաներին ու քաղաքականության կանոններին տիրապետելը:
Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am