«Ընդդիմության հանրահավաքները կրելու են ֆորմալ բնույթ». Էմիլ Օրդուխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– «Հայաստան» դաշինքն այսօր արդեն հայտարարել է, որ որոշել են հանրահավաքներ կազմակերպել: Ձեր կարծիքով՝ սա որքան է կապված նրա հետ, որ նոյեմբերին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու փաստաթղթի ստորագրում:

– Նախ ուզում եմ բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, հիշեցնել, որ հարցին, թե արդյոք դե՞մ են նոյեմբերի 9-ի հայտարարությանը, իրենք պատասխանել էին, որ ոչինչ փոխել չեն կարող: Այսինքն՝ իրենք այդ եռակողմ հայտարարությանը պաշտոնապես դեմ չեն արտահայտվել: Հիմա իրադարձությունները զարգանում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությանը համահունչ:

Իսկ իրենք իրենց պաշտոնական քաղաքականության մեջ երբեք չեն ասել, որ չեղարկելու են այդ հայտարարությունը կամ դեմ են դրան, որովհետև այնտեղ կա միջնորդ Ռուսաստանը, և, հավանաբար, դրանով է պայմանավորված դա: Հետևաբար, այն, ինչ հիմա իրենք անելու են, զուտ ֆորմալ բնույթ է կրելու:

– Ձեր կարծիքով՝ իրենց հաշվարկն ինչի՞ վրա է, հանրային մոբիլիզացիա արդյոք հնարավոր է ակնկալել՝ հաշվի առնելով, որ իրենք շատ երկար ժամանակ հանրահավաքներ արեցին, բայց նման մոբիլիզացիա չեղավ:

– Ինչ-որ թվով մարդիկ, վստահաբար, կհավաքվեն: Իրենց համակիրները կհավաքվեն, բայց դա կրիտիկական զանգված չի լինի, որպեսզի ներքին քաղաքական իրողությունները շրջադարձային փոփոխության ենթարկվեն:

– Ընդդիմադիր տարբեր գործիչներ կոչ են անում համախմբվել և թույլ չտալ նոր փաստաթղթերի ստորագրում: Մասնավորապես, Կարին Տոնոյանն էր նրանց շարքում, որտեղ կոչ էր արվում համախմբվել՝ անկախ քաղաքական հայացքներից: Այդ դեպքում և՞ս հաջողության չեն հասնի:

– Եթե ընդդիմադիրները հստակ տեղեկություն ունեն, թե այդ ենթադրյալ ստորագրվելիք փաստաթղթերն ինչ բովանդակություն ունեն, նախ պետք է այդ բովանդակությունը հանրայնացնեն, որպեսզի մարդիկ էլ իմանան՝ խոսքն ինչի մասին է: Եթե դա հաստատված ինֆորմացիա է, ապա մի փոքր ավելի շատ զանգվածներ կարող են մասնակցել իրենց հանրահավաքին: Հակառակ դեպքում, եթե նման տեղեկատվություն չունեն, դա զուտ ֆորմալ բան է դառնալու:

– Հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ից հետո էլ նոյեմբերի 12-ին նախատեսվում է Էրդողան-Ալիև հանդիպումը, արդյոք հստակեցվում է, որ, այնուամենայնիվ, այդ օրերին ինչ-որ փաստաթղթի ստորագրման հետ ենք գործ ունենալու:

– Ես մնում եմ իմ տեսակետին, որ որևէ փաստաթուղթ, որը պարտադրվելու է Հայաստանին, Հայաստանի կողմից չպետք է ստորագրվի: Մենք այն ողբալի վիճակում չենք, որ ելք ու ճար չունենք, և ինչ թուղթ մեր առջև դնեն, ստիպված պետք է ստորագրենք: Մենք միջազգայնորեն ճանաչված պետություն ենք, ՄԱԿ-ի անդամ ենք:

Կան պետություններ, որոնք հայանպաստ դիրքորոշում ունեն պատերազմի հետևանքով ձևավորված իրողությունների վերաբերյալ: Եվ մենք պետք է այդ միջոցները օգտագործենք, որպեսզի ստիպված որևէ փաստաթուղթ, որը մեր դաշնակցի միջնորդությամբ է տրամադրվելու և չի բխելու մեր շահերից, մենք որևէ դեպքում չստորագրենք:

Մնացածն արդեն իշխանավորները թող մտածեն, թե իրենց գործողությունները հետագայում մեր պետության համար ինչ հետևանքներ են ունենալու, որովհետև, վերջին հաշվով, ցանկացած իշխանություն փոխվում է, ժամանակավոր է, բայց Հայաստան պետությունը մեզ համար հարատև է:

– Տեսակետ կա, որ սա նորից համաձայնություն է հանրության թիկունքում և դարձյալ բերելու է մեծ աղետ: Այս ամենը որքանո՞վ պետք է հանրությանը տեղեկացնելով արվեր:

– Եթե մեր իշխանությունը չի կարող այդպես հրապարակայնորեն դիմադրել այդ փաստաթղթերին, որոնք իր առջև պետք է դնեն ստորագրելու, տարբեր խողովակներ կան, թող հանրությանն իրազեկեն այդ մասին, և ես վստահ եմ, որ հայ հանրությունն իր հավաքական ամբողջության մեջ դիրքորոշում ցույց կտա, և իշխանություններն էլ ինչ-որ բան չստորագրելու պատճառաբանություն կունենան:

Բայց եթե հանրությունը տեղյակ չի լինելու, և ինչ-որ բան ստորագրվելու է, պարզ է, որ այդ տեխնոլոգիան իշխանությունը չի կարող բանեցնել: Այսինքն՝ եթե իրենք չեն կարողանում բացահայտ ասել՝ մենք չենք ուզում ստորագրել, տարբեր խողովակներով թող հանրությունն այդ մասին տեղեկանա և որոշակի վարքագիծ ցուցաբերի, իրենք էլ պատրվակ կունենան այդ ամենը չանելու, եթե իրականում չեն ուզում անել: Բայց, դե, ինչպես ասում են, գործընթացները կլինեն, բոլորս էլ կտեսնենք:

– Իսկ ենթադրյալ ստորագրվելիք երկու փաստաթղթերից ո՞րն է ավելի վտանգավոր՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին ազդարարե՞լը, թե՞ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթը:

– Երկուսն էլ այս իրավիճակում վտանգավոր են մեզ համար: Ցանկացած բան, որ մեզ պարտադրվելու է, արդեն նշանակում է, որ մեր շահերից չի բխելու, հետևաբար վտանգավոր է լինելու մեզ համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am