Արցախի նախագահի նամակը միաշերտ տեքստ չէ ու դրան պետք է նայել լայն խճանկարի մեջ. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին։ Հիշեցնենք, որ այսօր Հարությունյանը բաց նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի կապակցությամբ

1․ Նամակը պետք է դիտարկել 2008թ․-ի աշնանից մեկնարկած պրոցեսի շղթայում։ Մոսկվայում Մայենդորֆյան դղյակում Ռուսաստանի նախագահի հովանու ներքո մեկնարկեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումները։

Ռուսաստանի էքսկլյուզիվ դերակատարումը ուներ ԵԱՀԿ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը և հավանությունը։ ՌԴ նախագահի հովանու ներքո մշակված առաջարկները եթե մինչև Կազանյան փաստաթուղթը ինչ-որ չափով համապատասխանեցված էին Մինսկի տրոյկայի հավանությանն արժանացած Մադրիդյան առաջարկություններին, ապա ինչ-որ պահից, երբ խաղապահների տակ առաջ եկավ ռուս, ՀԱՊԿ/ռուս-բելառուսական խաղաղապահների թեման, ԱՄՆ և Ֆրանսիան հասկացրեցին, որ պայմանավորվածություն է խախտվել և իրենցից ոչ մեկ չի կարող խաղաղապահ կոնտիգենտ ունենալ հակամարտության գոտում։

2․ 2016թ․ հրադադարի ռեժիմի խախտումն ապրիլյան քառօրյա պատերազմով պետք է դիտարկել որպես այդ պրոցեսի վախճան։ Ավելին՝ Վինենայի պայմանավորվածություններն ընդդեմ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների /օրակարգի հարցերի առաջնայնությունները տարբեր էին/, ու հրադադարը ամրապնդելու ու բանակցային միջավայր ձրավորելուց զատ ետնաբեմում արևմտյան համանախագահները փորձում էին գորխընթացը վերադարձնել Մինսկի խմբի ֆորմատ՝ ավարտված համարելով Ռուսաստանի էքսկլյուզիվ մանդատը։

3․ 2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո ֆորմատների փոփոխության, կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցներից զատ բանակցային գործընթացը բավական չափով բերվեց ԵԱՀԿ Մինսկի խումբ ու Բրատիսլավայի հանդիպումը իր ծավալուն հաղորդագրությամբ երկարաժամկետ անելիքների պլան էր։

Մյունխենում ՌԴ ԱԳ նախարարին ուղեկցող լրագրողու հարցը Ալիևին ու Փաշինյանին պատահական չէր /այդ հարցը 2014թ․ Սոչիում տրվել էր նաև Սերժ Սարգսյանին/՝ ԵԱՀԿ շրջանակներում բանակցություննե՞ր, թե՞ Ռուսաստանի էքսկլյուզիվ միջնորդությամբ բանակցություններ։

Կողմերից ոչ մեկ այնքան էլ հստակ չպատասխանեց այս հարցին, թեպետ Ալիևն ավելի շատ նշաններ ցույց տվեց, թե կհամաձայնի ռուսական առաջարկությանը /նույն պատկերը նաև 2014թ․ Սոչիում էր/։

4․ Թե պատերազմի հաջորդ օրերին, թե երեկ ՌԴ Վ․Պուտինի հայտարարությունների մեկնաբանությունս այն էր, որ ՌԴ խնդիրը ոչ միայն հակամարտության երկու կողմերն են, որոնք մերժել են նախկինում իր առաջարկությունները ու ձախողել իր էքսկլյուզիվ միջնորդությունը, այլ նաև երևմտյան երկու գործընկերները, որոնք իր ձեռքից վերցրել են “բացառիկ” մանդատը։

Ըստ այդմ, ՌԴ-ն հասկացնում է, որ եթե չեն ցանկանում մանդատը նորից վերապահել, ապա արյուն կհեղվի կամ Թուրքիան կմտնի տարածաշրջան, և եթե չեն ցանկանում ոչ նա, ոչ էլ նա, ապա պետք է համաձայնեն իրեն նորից մանդատ տալուն ու իր պլանով հակամարտության լուծմանը, որը ենթադրում է ռուս խաղաղապահություն տարածաշրջանում։

Վ․Պուտինը պատահական չհայտարարեց, թե հավատում է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն էլ ուզում են վերջ տալ պատերազմին, բայց ամենաշատը ինքն է շահագրգռված, ասել է թե՝ կարող է։

5․ Երեկ ստուգվեցին Երևանի ու Բաքվի ռեակցիաները ռուսական միջնորդության ու ռուս խաղաղապահների մասով․ Փաշինյանը կոնկրետ խաղաղպահների առումով հասկացրեց, որ հայկական կողմերի համար դա ընդունելի կլինի, բայց պրոբլեմը Երևանում ու Ստեփանակերտում չէ՝ Բաքվում, Անկարայում, Թեհրանում ու ԵԱՀԿ տրոյկայում․․․

6․ Ստեփանակերտը այսօր նամակ է հրապարակում, հղում կատարելով ՌԴ նախագահի երեկվա հայտարարությանը, բաց հայտնում, որ իր համար ընդունելի է ռուսական միջնորդությունը և ազդեցությունը, և սպասում է Մոսկվային։

Ինչպես նկատելի է գրվածից ու մասնավորապես 5-րդ կետից, Վաշինգթոնը և Փարիզը պետք է համաձայնեն Ռուսաստանի առաջարկին, եթե այլ եղանակ չունեն կանգնեցնել պատերազմը ու վերականգնել բանակցությունները, իսկ Անկարան էլ նրանց հետ՝ համաձայնեն, որ Ադրբեջանի տարածքում լինելու են Ռուսաստանի խաղաղապահները, ինչը բավականին բարդացնում է գործընթացը։

7․ Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հետ Վաշինթոնի հանդիպումներից կերևա, թե որն է նրա դիրքորոշումը, սակայն ԱՄՆ նախագահի մակարդակով հակամարտությամբ չհետաքրքրվելը, դեսպանների մակարդակով արվող հայտարարությունները դեռևս չեն խոսում նրա մասին, որ կհամաձայնեն Ռուսաստանի առաջարկությանը։

Արցախի նախագահի նամակը միաշերտ տեքստ չէ ու դրան պետք է նայել լայն խճանկարի մեջ։

Այո, ինչ-որ տեղ այն կարող է նաև ստեղծված օրհասական վիճակում իրադրությունը պահելու ու փրկելու մղումներով պայմանավորված լինել, քանի որ երկընտրանքը հետևյալն է՝ այս պահին կամ ռուսական, կամ թուրքական ազդեցություն /հայկական ազդեցության մասին կարելի է խոսել, եթե երկու պետություններով այդքան ինքնաբավություն ու ռեսուրս ունենանք այս հյուծող ու տևական թվացող պատերազմին դիմակայելու համար, իսկ սա առանցքային, բայց այլ տեքստի թեմա է/։

Համենայնդեպս, Ստեփանակերտը, անգամ Երևանը մեկ անգամ հրավիրել են Մոսկվային հակաահաբեկչական կոալիցիայի, այժմ մի փոքր ավելի լայն խնդրի՝ կովկասում ռուսական ազդեցությունը պահելու, քանի որ ռիսկ կա, որ այն փոխարինվի թուրքականով։

Գերտերությունների խաղը շատ բարդ է։ Մենք էլ պետք է գիտակցենք բոլոր նրբությունները ու ամեն ինչին միաչափ չնայենք»։