Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է. տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում

Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը: «Արթնացիր Իսպանիա», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք պատերազմը», «Հաղթելու ենք». այս և այլ վանկարկումներով ակցիայի մասնակիցները կոչ են անում Իսպանիայի իշխանություններին անտարբեր չլինել:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա ինքնաբուխ հավաք է, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տեղի հասարակությանն իրազեկելու, իշխանություններին բողոքի ձայնը հասցնելու գործում: Մասնակիցները պահանջում են, որ տեղի լրատվամիջոցները գան և ուղիղ եթերում լայնորեն լուսաբանեն ակցիան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բարձրացնելով ինչպես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայիայնպես էլ Արցախի անկախության ճանաչման հարցը: