Այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Այդ մասինայսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։

Ինչ վերաբերում է հարավային ուղղությանը, ապա այնտեղ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։

«Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա», -ընդգծեց Հովհաննիսյանը։