Դատախազությունը զգուշացնում է «Դեմ եմ»-ին

Դատախազությունը զգուշացնում է «Դեմ եմ»-ին
Դատախազությունը զգուշացնում է «Դեմ եմ»-ին

ՀՀ դատախազությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որն առնչվում է ապրիլի 9-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության երթին եւ նստացույցին: 

Հաղորդագրության մեջ դատախազությունը զգուշացնում է, որ «կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ» եթե նման դեպքերը կրկնվեն:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«2014 թվականի ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների  նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան  և հարակից փողոցների երթևեկությունը:

Հիշեցնենք, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

ՀՀ դատախազությունն  ընդգծում է, որ հավաքներ և երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ և միտումնավոր խախտումներով:

Առավել ևս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը և այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը:

ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու և այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու»:

© Medialab.am