Իրանը երե՞ս է թեքում Հայաստանից

Իրանը երե՞ս է թեքում Հայաստանից
Իրանը երե՞ս է թեքում Հայաստանից

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջության կողմնակիցը լինելու մասին: Իրանի նախարար Հուսեին Դեհղանը, ըստ ադրբեջանական մամուլի, հայտարարել է, որ Թեհրանը կողմնակից է ՄԱԿ-ի ընդունած չորս բանաձեւերին, որոնք պահանջում են «վերադարձնել Ադրբեջանի բռնազավթված տարածքները»:

Իրանցի նախարարը հայտնել է, որ քննարկել են անվտանգության, քաղաքական եւ այլ բնույթի հարցեր, ու իրենց կարծիքները համընկել են:

Ադրբեջանական լրատվամիջոցներում արտերկրի դիվանագետների կամ պաշտոնյաների հայտարարությունների նենգափոխումը ընդունված պրակտիկա է: Դժվար է ասել, թե ինչն է նենգափոխվել այս անգամ: Գուցե ոչ մի բան, եւ Իրանի նախարարն ասել է այն, ինչ փոխանցում են ադրբեջանցիները:

Տարածքային ամբողջության մասին հայտարարությունը հնարավոր է մեկնաբանել տարբեր կերպ: Ընդ որում, Իրանն ամենեւին առաջին անգամ չէ, որ հնչեցնում է այդ մասին: Ադրբեջանի տարածքային ամբողջությանն աջակցելու մասին օրինակ հայտարարել էր նաեւ նախագահ Խաթամին: Այդ հայտարարությունն անում են շատ երկրներ, այնպես որ այստեղ խնդիրն ավելի շատ դիվանագիտական է եւ քիչ է առնչվում իրական քաղաքականությանը:

Իրական քաղաքականության ոլորտում Իրանը ազատագրված տարածքներում հայկական վերահսկողության միջազգային աջակիցներից մեկն է, քանի որ դա փաստացի հենց Իրանի համար տարածքային ամբողջության պահպանման հուսալի գրավականներից է:

Միեւնույն ժամանակ, հնարավոր է տարբեր կերպ մեկնաբանել նաեւ ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձեւերը ու մեղմ ասած դժվար է ասել՝ դրանք միտված են տարածքները Ադրբեջանին հանձնելուն, թե դրանց հանդեպ հայկական կողմի վերահսկողությունն ամրագրելուն:

Խնդիրն այստեղ բոլորովին այլ դաշտում է: Սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանության արած հայտարարությունն ակնհայտ անհանգստացրել էր Թեհրանին: Անհանգստության առիթները բազում են, թե հայ-իրանական հարաբերության, թե տարածաշրջանային տիրույթում: Դրանից հետո Թեհրանը մի շարք ակնարկներ արեց Հայաստանի հետ հարաբերությունը տնտեսա-քաղաքական նոր մակարդակի բերելու ուղղությամբ, սակայն Հայաստանն այդ ակնարկները փաստացի մատնեց անուշադրության եւ շարունակեց ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին:

Եվ դա տեղի է ունենում Իրանի ու Արեւմուտքի հարաբերության կարգավորման ջանքի գործնականացմանը եւ նկատելի տեղաշարժին զուգահեռ, ինչը կարող է էապես փոխել տարածաշրջանային իրավիճակի բնույթն ու զարգացման վեկտորները, ուժերի հարաբերակցությունը, բավական նպաստավոր հեռանկար բացելով նաեւ Հայաստանի համար: Բայց Հայաստանն այդ գործընթացի համատեքստում Իրանին արձագանքելու փոխարեն, շարունակում է սպասարկել ռուսական շահը, որը արմատապես հակասում է Հայաստանի ու Արցախի շահին, որը Հայաստանը կղզիացնում է բաժանարար գծերով եւ էլ ավելի խոցելի դարձնում թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որը դարձել է կամ մնացել է տարածարջանում Մոսկվայի հիմնական քաղաքական գործընկեր:

Այդ պայմաններում, Հայաստանից մնալով անարձագանք, եւ համոզվելով, որ Երեւանն այլեւս ի զորու չէ ընդունել ինքնուրույն քաղաքական որոշումներ, Թեհրանն իհարկե ստիպված է իր տարածաշրջանային շահը սպասարկելու համար ինտենսիվացնել քաղաքական շփումը Բաքվի հետ, չնայած առկա երկկողմ խնդիրներին ու անհամաձայնություններին: Օրերս Թեհրան էր հրավիրվել Իլհամ Ալիեւը, հիմա Իրանի պաշտպանության նախարարն է Ադրբեջանում: Վերջին հաշվով, եթե Հայաստանը կորցնում է արցախյան խնդրում Իրանի համար հուսալի գործընկեր լինելու հնարավորությունը՝ որոշումների կայացման իրավունքը հանձնելով Մոսկվային, ապա տվյալ խնդրում Թեհրանի համար առավել նախընտրելի է խնդիրները քննարկել Բաքվի, քան Մոսկվայի հետ: Կարդալ ավելին