Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում:
Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:
Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների է հանգեցրել, քաղաքում մի շարք տներ են փլվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ Բուջա, Բայրաքլի, Բորնովա շրջաններում մի քանի շենքեր ավերվել են»,- ասել է Գյոկչեն NTV հեռուստաալիքի եթերում:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: