Գյումրիում կառուցվելու են սոցիալական նոր բնակարաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից, բնակարանները կկառուցվեն «Մսի կոմբինատ» թաղամասում։ Շինարարությունը կիրականացվի Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից։
«Խոսքն այս պահին մեկ շենքի՝ 22-26 բնակարանի մասին է։ «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավորվել էր ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։ Առաջին հարկը մնում է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար»,-նշեց քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ թեև այս պահին շահառունների ընտրության հարց չի քննարկվել, բայց, ամենայն հավանականությամբ, այն կիրականացվի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: