Ապատեղեկատվություն ու խուճապ տարածելով խփում ենք ուղիղ զինվորի հոգեվիճակին․ Պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Էն, որ ապատեղեկատվություն ու խուճապ տարածելով խփում ենք ուղիղ զինվորի հոգեվիճակին՝ փամփուշտից ու բեկորից վերան, էլ չգիտեմ՝ ինչ լեզվով ասեմ: Բա զինվորը սահմանից զանգի ասի ամեն ինչ լավ ա, մեր թիկունքը պինդ պահեք, մենք սենց պահենք թիկունքը՞:

Զինվորը թքի մեր երեսին հեն ա, էլի: Բայց ապատեղեկատվություն տարածելիս տրորում եք նաև մի շատ կարևոր խմբի հույզերն ու հույսերը՝ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների: Էսօր կացարաններ այցելելիս մի շուշեցի կնոջ հետ էինք շփվում, որը աննկարագրելի ինքնատիրապետմամբ պնդում էր՝ դե հեն ա թորքը Շուշվա մեջը:

Որովհետև ինչ-որ տեղ կարդացել էր… Ինչ-որ մեկի նողկալի մարմաջը… Իր տունն էր կորցրել իր մտքում, հույսն էր կորցրել կրծքում, բայց հպարտ ինքնատիրապետումը չէր կորցրել: Բայց երբ իմացավ պաշտոնյա եմ, աղերսագին հայացքը հայացքիցս չէր կտրում: Հաստատ ավելին կիմանայի…

Ասեցի՝ մայրիկ, հնարավոր չի, Ալիևը հիմա հարյուր հատ դրոշի ֆոտո էր գցել, հանգիստ կաց, Շուշին մերն ա, մերն էլ մնալու ա: Ասելս ու կնոջ փղձկալը մեկ եղավ: Ինչքան ուժեղ են էս մարդիկ, ու ինչքան եսակենտրոն են ապատեղեկատվություն ու խուճապ տարածողները: