Արցախի մասին հայտարարությունը սպառնալիքի և ճնշման ներքո ընդունված փաստաթուղթ է․ այն չունի իրավաբանական ուժ․ Տարոն Սիմոնյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

44 օր այլ տեղեկատվություն տալուց հետո մեզ կանգնեցրեցին ՓԱՍՏԻ առաջ։

Այս փաստի հետևանքը, որը ծանրացավ բոլորիս ուսերին անասելի ցավով՝ այդ չարաբաստիկ հայտարարությունը, չունի իրավական ուժ մի քանի հիմքով։ Եվ սա պետք է փաստենք մեր ու մեր սերունդների համար։

1. Այն միջազգային պայմանագիր է, որը չի վավերացվել և հետևաբար չունի իրավաբանական ուժ (ՀՀ Սահմանադրություն, հոդված 116)։

2. Այն սպառնալիքի և ճնշման ներքո ընդունված փաստաթուղթ է (Միջազգային պայմանագրերի վերաբերյալ Վիեննայի կոմվենցիա, հոդված 51)։

Այն այս պահին կիրառվում է փաստի ուժով։ Եվ մենք, ինչպես միշտ, առնչվում ենք փաստի հետ։ Այստեղ իրավական ոչինչ չկա։

Ինչպես ՀՀ բոլոր իշխանությունները վերջին տասնամյակներում, այնպես էլ գործողն, այդքան ասելուց հետո, անտեսեց իրավական բոլոր գործիքները և դրանք չօգտագործվեցին դիվանագիտական հարթակում, ոչ մի կերպ։ Այդքան ասելուց հետո …

Միևնույն ժամանակ պետք է բոլորս ֆիքսենք. Պարտությունն ընդունած, պետությունը հույզերով ղեկավարած ու քաոսի սահմանին կառավարել սիրող ղեկավարը պիտի հեռանա, և դա անբեկանելի է։ Բայց ո՜չ քաոսի միջով, ո՜չ կրկին քաոսով, ոչ երկիրն ու դեռ գոյություն ունեցող պետականության նշույլները նորից քանդելու միջոցով, ո՜չ այդ նույն սխալները կրկնելու միջոցով։ Սա շրջապտույտ է, որից դուրս գալ է պետք, ոչ թե անընդհատ պտտել դա…