57 ֆիլմ 17 երկրներից. «Ֆրեսկո»-ի կինոցանկը պատրաստ է

57 ֆիլմ 17 երկրներից. «Ֆրեսկո»-ի կինոցանկը պատրաստ է
57 ֆիլմ 17 երկրներից. «Ֆրեսկո»-ի կինոցանկը պատրաստ է

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակից ֆիլմերի հայտերի ներկայացման ժամկետն ավարտվել է: Խորհորդը 39 երկրներից ուղարկված ավելի քան 300 հայտերից առանձնացրել է 57 ժապավեն, որոնք 10 օր շարունակ  դիտելու և քննարկելու հնարավորություն կունենան բոլորը:

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տեսակի խտրականություն, մարդկային գործոնի հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու… քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:
«ֆրեսկո» փառանին ֆիլմերը մասնակցում են մրցութային և արտամրցութային ծրագրերով: Մրցութային ծրագրում ընդգրկվել են 21 ֆիլմեր 8 երկրներից: Ամենաշատ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից (16 ֆիլմ): Հայաստանից փառատոնային ծրագրում ընդգրկված է 8 ժապավեն: Դրանցից միայն 1-ը կներկայացվի մրցութային ծրագրում:

Փառատոնի անցկացման նոր բանաձև առաջարկող «Ֆրեսկո» նախաձեռնությունն ընտրված ֆիլմերը կցուցադրի ոչ միայն կինոդահլիճներում ու բացօթյա տարածությունում, այլև Հայաստանի գեղատեսիլ վայրերում` կինոճամբարի ձևաչափով:

Այս անգամ ցուցադրությունների համար ընտրվել են Ախթալայի և Օձունի եկեղեցիները: Կազմակերպիչները կինոարշավի մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում են» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:

Բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 10 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին կմասնակցեն ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև հոգևորականներ,  հոգեբաններ և ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող մասնագետներ, ոլորտի պատասխանատուներ:

Այս մասին տեղեկացնում է «Ֆրեսկո»-ի կայքէջը:

© Medialab.am