Մի խումբ կանայք «Ինգո Արմենիա»-ի գրասենյակում «ֆեյքեր» են փնտրել․ Ընկերությունը դիմել է ոստիկանություն

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր մի խումբ կանանց կողմից գրասենյակ կատարված հարձակման փաստի առթիվ դիմել են իրավապահներին։

«Հայտնում ենք, որ 13․11․2020թ֊ին, ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ, շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին, նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։

Ներկայումս Ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար», -նշվում է հաղորդագրության մեջ։